«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2008-07-12 | #134, 2008-07-15 | #135, 2008-07-16


ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ, ԸՍՏ ՀԱՄԱՐԲԵՐԳԻ, ՄՆՈՒՄ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ

Մարդու իրավունքների հանձնակատարը հերքեց Եվրոպայի խորհուրդ-Հայաստան գործարքի հավանականությունը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Եթե վաղը լիներ իմ զեկույցը մոնիտորինգի հանձնաժողովին, ապա կներկայացվեր, որ ԵԽԽՎ բանաձեւը լիարժեք չի իրականացվել», երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի` Հայաստան հերթական այցի ավարտին կազմակերպված ասուլիսում հայտարարեց Թոմաս Համարբերգը : Երեք օրում նա փորձել է գնահատել ԵԽԽՎ հատկապես վերջին` 1620 բանաձեւի կատարման ընթացքը:

«Ես որոշ պատասխաններ ստացել եմ, որոշ հարցերի պատասխանների էլ սպասում եմ եւ զեկուցելու եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին սեպտեմբերի 11-ին», նշեց հանձնակատարը: Տարբեր հանդիպումներից հետո հրապարակված որոշ հաղորդագրությունների եւ իրեն վերագրվող հայտարարությունների առնչությամբ նա հստակեցրեց, որ ինքը կցանկանար ներկայացնել իր կարծիքները եւ առանց իր թույլտվության ոչ մեկը չպետք է օգտագործի մեկ ուրիշի ասածը այն մասին, թե ինքն ինչ կարող է ասած լինել հանդիպումներում:

Ըստ Համարբերգի, իրեն վերագրվածի զգալի մասը ճշգրիտ, ստույգ չէ: Համարբերգը հանդիպել է քաղաքական գործիչների, Հայաստանի նախագահին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, փոխարտգործնախարարին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, խորհրդարանի մի շարք անդամների, ԱԺ նախագահին, եղել է ազատազրկման վայրերում, խոսել բավական թվով կալանավորվածների հետ, հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Դեռ լրացուցիչ անելիքներ կան ապահովելու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ԵԽ-ի ակնկալիքների կատարումը», այսպիսին է Համարբերգի ընդհանուր տպավորությունը:

Ի պատասխան հարցի, թե ինչու կալանավորվածներին քաղբանտարկյալ չեն անվանում, Համարբերգը տեղեկացրեց, որ այս այցի ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե արդյոք կալանվածներից ոմանք քաղաքակա՞ն պատճառներով են: «Ես մտահոգություն եմ հայտնել, որ քաղաքականապես ակտիվներից կամ այդպիսին համարվածներից ոմանք 4 ամսից ավելի կալանքի տակ են», նշեց Համարբերգը, ավելացնելով, որ մտահոգիչ է նաեւ այդ գործերը դատարան դեռեւս չուղարկելու պարագան:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ասուլիսում ներկայացված հատուկ քննչական ծառայության ղեկավարի հանձնարարականինՙ ուղղված Վայոց ձորի գլխավոր դատախազին, հանձնակատարը նշեց, որ այդ փաստաթուղթը խորապես կուսումնասիրի եւ ներկա դրությամբ կարող է ասել, որ փաստաթղթի բովանդակությունը մտահոգում է իրեն: Մարտի 1-2-ի իրադարձությունների սպանությունների բացահայտման աշխատանքի առնչությամբ հանձնակատարը ասաց, որ առաջընթաց միգուցե կա, բայց շատ դանդաղ է ու ներկա փուլում քննության չի ենթարկվել իրավապահ համակարգի որեւէ աշխատակցի գործողություն:

Այդ հանձնաժողովում սեփական փորձագետի հնարավոր մասնակցությունը հանձնակատարը բաց հարց համարեց, նշելով, որ դեռեւս քննարկվում է քննությունը վստահելիորեն անցկացնելու հարցը: Ընդ որում, Համարբերգը նշեց, որ չի կարող դրսից փորձագետների մասնակցություն ապահովել, եթե ինքը համոզված չէ, որ քննության ընթացակարգը վստահելի է եւ հուսալի: Դրան ավելի ուշ կվերադառնան:

Միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրական դատավճիռներ կայացնելու առնչությամբ էլ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորեց ԵԽԽՎ հունիսյան բանաձեւում այդ մասին ձեւակերպումը, հստակությամբ, որ որեւէ մեղադրական դատավճիռ չպետք է կայացվի միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա, հատկապես այնպիսի իրավիճակում, երբ շատերը իրավապահներին ընկալում են ցուցարարներին հակառակ կողմ եւ առանձնակի կարեւորություն է ստանում այլ ապացույցների առկայությունը:

«Ես անկախ եմ ԵԽԽՎ-ից, նրանք էլՙ ինձանից: Ես չեմ կարող հրահանգել նրանց, թե ինչպես վարվել` կիրառե՞լ պատժամիջոցներ, թե ոչ...»: Ամեն դեպքում, ե՞րբ կկիրառվեն պատժամիջոցները, Համարբերգը չանդրադարձավ, միայն ավելացրեց, որ մոնիտորինգի հանձնաժողովը կհավաքվի սեպտեմբերին, եւ ակնկալվում է, որ ԵԽԽՎ բանաձեւի լիարժեք իրագործումը կապահովվի հնարավորինս շուտ:

«Լրացուցիչ անելիքներ կան, որպեսզի բանաձեւի մի քանի պահանջներ բավարարվեն: Ես փորձել եմ երեք օրվա ընթացքում հնարավորին շատ տեղեկություններ ստանալ ու փաստեր հավաքել: Բայց այս պահից մինչեւ սեպտեմբերի 11-ը իմ եւ իշխանությունների ու ընդդիմության միջեւ կլինեն լրացուցիչ նամակագրական կապ եւ տեղեկությունների փոխանակում: Եթե վաղը լիներ իմ զեկույցը մոնիտորինգի հանձնաժողովին, ապա կներկայացվեր, որ բանաձեւը լիարժեք չի իրականացվել»:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դառնալուց ընդդիմության հրաժարվելու կապակցությամբ էլ հանձնակատարը հիշատակեց ԵԽԽՎ բանաձեւը, որի որոշ հատվածներում խոսք կա ուղղված ընդդիմությանը, ընդ որում, Եվրոպայի խորհուրդը կողմնակալ չէ, ուստի ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը ԵԽԽՎ-ն կոչ է արել մոտենալ ու փորձել երկխոսություն ծավալել: Իսկ կոնկրետ խորհրդարանական հիշատակված հանձնաժողովը Համարբերգի հույսն է, որ անցկացվող քննությունը կլինի անկախ, թափանցիկ եւ վստահելի: Ավելին Համարբերգը չմանրամասնեց:

Հյուսիսային պողոտայում նստացույց անողներին այցելելու-չայցելելու առումով Համարբերգը ուղղակի պատասխան չտվեց, միայն նշեց, որ որոշ երկրներում գնում է տեսության ցուցարարներին, եթե դա համարում է մարդու իրավունքների առումով կարեւոր:

ԼՏՊ-ի հայտարարությունների կապակցությամբ էլ, թե եվրոչինովնիկները գործարքի են գնացել հայաստանյան իշխանությունների հետՙ ապրիլյան 1609 բանաձեւից հետո ընդունելով հունիսյան 1620 բանաձեւը, Համարբերգն ուղղակի հայտարարեց, որ նման գործարք չկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4