«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2008-07-16 | #136, 2008-07-17 | #137, 2008-07-18


ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Կյանքից հեռացավ անվանի արձակագիր եւ դրամատուրգ, «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակի դափնեկիր Զորայր Խալափյանըՙ գրող, որ նշանակալի ավանդ ունի հայ գրականության վերջին մի քանի տասնամյակների զարգացումներում:

Ծնվել է 1933-ի օգոստոսի 1-ին, Արցախում: 1956-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը եւ աշխատել տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում, իսկ 1994-96 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: Նրա առաջին երկըՙ «Հեղեղ» վիպակը, լույս է տեսել 1962-ին, դառնալով ուրույն ասելիք եւ ինքնատիպ ձեռագիր ունեցող հեղինակի ստեղծագործական ինքնահաստատում:

Զ. Խալափյանը 60-ականների տաղանդավոր սերնդի առաջատար անուններից էր: Նրա վեպերն ու վիպակները զգալիորեն բնորոշել են այդ եւ հետագա ժամանակահատվածի արձակագրության գեղարվեստական ու բովանդակային հատկանիշները: Ընթերցողների եւ գրաքննադատների կողմից առանձնակի գնահատանքով է ընդունվել Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը, որը թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն եւ լեհերեն: Դժվար ժամանակների փորձությունների մեջ իր մարդկային նկարագիրը երբեք չկորցնող գավառական համեստ մի բժշկի մասին պատմող այդ վեպը հիմք է դարձել նաեւ համանուն բազմասերիանոց կինոնկարի համար (ռեժ.` Ա. Աղաբաբով):

Գեղարվեստական լուրջ ձեռքբերումներ էին նաեւ Զ. Խալափյանի «Մեռնող-հառնող» (1975), «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» (1978), «Ջերմաց մխիթարություն» (1979) երկերը, որոնց մեջ դրսեւորվում է հեղինակի յուրահատուկ կենսափիլիսոփայությունը, հետաքրքրությունը ժամանակի սոցիալ-բարոյական հիմնախնդիրների, ինչպես նաեւ պատմության խորհրդի հանդեպ:

Զ. Խալափյանը հարստացրել է նաեւ արդի հայ թատերգությունը մի շարք պիեսներով, որոնք հաջողությամբ բեմադրվել են Հայաստանի, ինչպես նաեւ Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ), Ռիգայի, Պյառնույի (Էստոնիա), Բլագոգրադի (Բուլղարիա) թատրոններում: Այդ պիեսներից առավել ճանաչվածներըՙ «Հրաշք երեխան» եւ «Օրորոցայինը» կարելի է դասել 60-70-ական թվականների դրամատուրգիական նվաճումների շարքում, իսկ Խալափյանի «Թթենին» պատմվածքի հիման վրա նկարահանված եւ համաժողովրդական սեր վայելող «Թթենի» ֆիլմը (ռեժ. Գ. Մելքոնյան) իրավամբ գրանցվել է հայկական լավագույն կարճամետրաժների ոսկե ֆոնդում:

Զ. Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթեւոսյան» մրցանակներինՙ ստեղծագործական ակնառու վաստակի համար:

Մեր գրական հանրությունը խորապես հարգում էր Զ. Խալափյանին որպես ճշմարիտ գրական աշխատավորի եւ իսկական պրոֆեսիոնալի: Նրա հմայիչ մարդկային կերպարը ընդմիշտ կմնա նրան ճանաչողների սրտերում, իսկ տաղանդավոր գրքերը կպահպանեն նրա անունը հայ գրականության անդաստանում:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Զորայր Խալափյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողովՙ ՀՀ մշակույթի նախարարի նախագահությամբ:

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Զորայր Խալափյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` հուլիսի 18-ին, ժամը 18:00-ից, Կոմիտաս 7/3 բն. 26 հասցեում

Հուլիսի 19-ինՙ Հայաստանի գրողների միության շենքում, ժամը 12:00-14:00-ը տեղի կունենա վերջին հրաժեշտը: Հուղարկավորության արարողությունը կկայանա Երեւանի քաղաքային պանթեոնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4