«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2008-07-17 | #137, 2008-07-18 | #138, 2008-07-19


ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՆՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն այն բանից հետո, երբ պայթյուն է տեղի ունեցել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: Նման հաղորդագրություն է երեկ տարածել «Ջավախք» խորհրդի գրասենյակը: Նույն պատրվակով հայկական շրջան են բերվել մեծ թվով վրացի հատուկջոկատայիններ: Ձերբակալվածների մի մասը ազատ է արձակվել:

Ոստիկանները հուլիսի 17-ի գիշերը մտել են նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանի բնակարան, Գուրգենին հաջողվել է փախուստի դիմել: Ըստ «Ազգի» տեղեկությունների, փախուստի ժամանակ զոհվել է Շիրինյանի բնակարան մտած ոստիկաններից մեկը: Հայ ոստիկանը հրազենային վերքից մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Մեր տեղեկություններով, ոստիկանը Շիրինյանի տուն մտնելիս զինված չի եղել:

Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանը, նույն կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանի հետ, 2006-ին հարձակման էր ենթարկվել Երեւանի մատույցներում, դանակահարվել եւ վիրահատվել էր: Այն ժամանակ ձերբակալվեց, դատապարտվեց եւ հետո արտաքսվեց Վահագն Չախալյանը` սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4