«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2008-07-26 | #144, 2008-07-29 | #145, 2008-07-30


ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՈՐՈՇԱԾ 160 ՀԶ. ՔԱՌ. ԿՄ-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Արա Պապյանը հիմք է ընդունում առաջինը

Հայաստանի Հանրապետության սահմանները չպետք է շփոթել Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմանների հետ, որոնք վարչատարածքային բաժանման արդյունք էին եւ որպես սահման որեւէ փաստաթղթային հիմք չունեն: Հայաստանի Հանրապետության սահմանների խնդիրն ըստ միջազգային իրավունքի, երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսկերպ էր ներկայացնում Modus Vivendi հասարակագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, 2000-2006 թթ. Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանը:

Ըստ Պապյանի, ակնհայտ է, որ հայոց պետականությունը ներկա սահմաններով ու ներկա ձեւով ոչ միայն ի վիճակի չէ եւ չի լինելու լուծել պետականության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, այլեւ խիստ խնդրահարույց կմնա մշտագո ազգային պետականություն լինելու կարողությունը: Ավելին, Հայաստանի կողմից իր տարածքների վրա իր ինքնիշխանության վերահաստատման հարցի մասնակի լուծումը (օրինակ, միայն արեւելյան սահմանների մասով, այսինքն` Լեռնային Ղարաբաղի առումով) չի լուծելու հայոց պետականության առաջ կանգնած հիմնախնդիրները եւ չի չեզոքացնելու մեր գոյությունը վտանգող մարտահրավերները:

Ըստ Արա Պապյանի, Հարավային Կովկասի երկրների փոխադարձ սահմանների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի հարցերը քննության առարկա են դարձել դեռեւս 1919-1920 թթ. Փարիզի վեհաժողովում: Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների վերաբերյալ 1920-ի փետրվարի 24-ի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» համապատասխան զեկույցով հստակեցվել եւ ամրագրվել են սահմանազատման սկզբունքները, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի պարագայինՙ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած, իր բնույթով կատարման համար պարտադիր եւ անբեկանելի Իրավարար վճռով, որ թվագրվում է 1920-ի նոյեմբերի 22:

Այս Իրավարար վճիռը, Պապյանի ներկայացմամբ, ուժի մեջ է մտել վճռի կայացման օրից եւ ուժի մեջ է առ այսօր: Նշված սկզբունքները եւ Իրավարար վճիռը ի կատար չեն ածվել, քանի որ Հարավային Կովկասի երեք երկրները բռնազավթվել, ապա եւ բռնակցվել են բոլշեւիկյան Ռուսաստանին, կորցնելով իրենց ինքնիշխանությունը` դադարել են միջազգային իրավունքի սուբյեկտներ լինելուց:

Բռնազավթման (1920/21-1922 թթ.) եւ բռնակցման տարիներին (1921-1991 թթ.) տեղի ունեցած գործողությունը` սահմանազատում, վարչատարածքային բաժանում, վարչական միավորների ստեղծում, չէր կարող եւ չի ստեղծել իրավական հետեւանք: Եվ դա այն պատճառով, որ բոլոր այդ գործողություններն ի սկզբանե խարսխված են եղել միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ առաջացած իրավիճակի վրա, որն է միջազգայնորեն ճանաչված անկախ երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների անօրինական պետականազրկումը: Այստեղ կիրառվում է «հանցագործությունը չի ծնում իրավունք» սկզբունքը:

Մի խոսքով, Արա Պապյանի ներկայացմամբ, հայկական պետականության սահմանները վերը հիշատակված փաստաթղթերի հիման վրա բնավ էլ չեն համապատասխանում ներկա սահմաններին, ընդ որում, դրանք դեռեւս ամերիկյան մատուցմամբ պիտի ձգվեն ծովից ծով: Ավելին, Պապյանի խոսքերով, ցայսօր թուրքական պետության սահմանները չճանաչած Միացյալ Նահանգները միջազգային պարտավորություն ունի ի դեմս Վուդրո Վիլսոնի ստորագրած Իրավարար ակտի, քանի որ այն կրում է ոչ միայն Վիլսոնի ստորագրությունը, այլեւ ԱՄՆ պետքարտուղարի եւ Միացյալ Նահանգների կնիքը, ինչն էլ այդ փաստաթղթում շարադրվածը դարձնում է Միացյալ Նահանգների պարտավորություն:

Իսկ ըստ այդմ, Հայաստանը մոտավորապես 160 հզ. քառակուսի կիլոմետր տարածք պիտի ներկայացներ` ձգվելով Տրապիզոնից մինչեւ Դաշտային Ղարաբաղ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Արա Պապյանի բացատրությամբ, հիմքից զուրկ է ներկայումս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման իրականացվող գործընթացը, քանի որ միջազգային իրավունքի տեսակետից այդօրինակ գործընթացը պետք է սկսվի երկու երկրների միջեւ համապատասխան պայմանագրի ստորագրումից, որտեղ տրվում է սահմանների անցկացման նկարագիրը: Այդպիսին, ըստ Պապյանի, Հայաստանն ու Վրաստանը չեն ստորագրել, հետեւաբար եւ չեն կարող անցնել սահմանների որոշման հաջորդ փուլերին` սահմանազատմանն ու սահմանանշմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4