«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2008-07-26 | #144, 2008-07-29 | #145, 2008-07-30


«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱՆԱՁԵՎ» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

Կարեւոր է ոչ միայն այն, ինչ մատուցվում է երիտասարդությանը, այլեւ, թե ինչ անդրադարձ, ինչ արձագանք է գալիս հենց այն երիտասարդներից, որոնք հետաքրքրվում ու մասնակից են դառնում աշխատանք փնտրելու համար անհրաժեշտ հմտություններ սովորեցնող պարապմունքներին: Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը, որ ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում, Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ համագործակցությամբ երեկ ավարտեց «Աշխատանքի բանաձեւ» առաջին ծրագիրը, որի մասնակիցներին հավաստագրեր հանձնվեցին:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի խոսքերով, մատուցվող ծառայությունը մասնագիտական կողմնորոշման տեղեկատվությունն ու աշխատանքի խորհրդատվությունն է, որի արդյունքում էլ կարեւորվում է հենց երիտասարդներից ստացված արձագանքը:

Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նախ հիշեցրեց, որ անգամ խորհրդային տարիներին երիտասարդության հետ աշխատանքում ամենավճռորոշը մասնագիտական կողմնորոշման խնդիրն էր, որ առավել արդիական է դարձել մեր օրերում: Աղայանը ողջունեց Հայաստանի կառավարության` նման կենտրոն ստեղծելու որոշումն ու ընդգծեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համագործակցությունը թեեւ առաջինն է, բայց հաստատապես կունենա շարունակություն:

ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահը կարեւորեց, որ Կենտրոնի գործունեությունը համահունչ է Կոնգրեսի կանոնադրական նպատակներից երիտասարդությանը վերաբերող դրույթներինՙ նպաստելու Հայաստանում աշխատատեղերի բացմանը, արտագաղթի կանխմանը, իսկ հնարավորության դեպքում հասնել ռեիմիգրացիայի, ինչն առավել արդյունավետ կարող է լինել երիտասարդների շրջանում:

Ըստ Աղայանի, խնդիրն ավելի մասշտաբային է, քան զուտ աշխատանքային հարցեր լուծելը: ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահը կարեւորեց աշխատանքային շուկայի պահանջներից բխող որոշակի կողմնորոշման ձեւավորումը անգամ դպրոցում, ուստի «Աշխատանքի բանաձեւ» ծրագրի նման նախաձեռնությունները պետք է ունենան շարունակություն:

Վլադիմիր Աղայանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ այսօրինակ նախաձեռնությունները լինեն բոլոր երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, հատկապես որ պետք է նման պարապմունքների միջոցով յուրացնել նաեւ այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են սեփական աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար:

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը ի դեմս Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ այս ամռանն իրականացրեց «Աշխատանքի բանաձեւ» ծրագիրը, որին մասնակից երիտասարդները ստացան տեղեկատվություն, թե որտեղից եւ ինչպես ստանալ տեղեկություններ աշխատաշուկային ինտեգրվելու համար:

Ծրագրի գործընկերներն են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը, առեւտրաարդյունաբերական պալատը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, որոնք կենտրոնի հետ ապահովում են փորձագետների մասնակցությունը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4