«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2008-08-01 | #148, 2008-08-02 | #149, 2008-08-20


ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՄՐՑԱՎԵՃ

Այսօր հիրավի մեծ ֆուտբոլի օր է Երեւանում: Ժամը 21-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում կսկսի մրցավեճը Թուրքիայի իր հասակակիցների հետ: Դա երկու երկրների երիտասարդական հավաքականների միջեւ պաշտոնական առաջին հանդիպումն է: Մուտքն ազատ է:

Թեեւ Հայաստանի հավաքականը չի հավակնում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերին, սակայն այսօրվա հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի նույն երկրների ազգային հավաքականների սեպտեմբերի 6-ին կայանալիք մրցախաղից առաջ: Մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ ներդնեն դժվարին քննությունից պատվով դուրս գալու համար: Թուրքիայի երիտասարդական հավաքականն ընտրական 2-րդ խմբի պոտենցիալ առաջատարն է: Թուրքերը տոնել են չորս հաղթանակ, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի եւ 13 միավորով ընթանում են 2-րդ տեղում: Իսկ աղյուսակը 14 միավորով գլխավորում է Չեխիայի ընտրանին, որը սակայն մեկ խաղ ավելի է անցկացրել: Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի երիտասարդական հավաքականը հյուրընկալելու է չեխերին, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ մրցելու է ՀՀ հավաքականի հետ:

Հայաստանի երիտասարդական հավաքականը նախավերջին` 4-րդ տեղում է: Մեր ֆուտբոլիստները 2 անգամ հաղթել են խմբի հետնապահ Լիխտենշտեյնի հավաքականին եւ ոչ-ոքի խաղացել չեխերի հետ: Ընտրական մրցաշարը մեր ընտրանին սկսեց Լիխտենշտեյնի (1-0) եւ Ուկրաինայի (0-4) հավաքականների հետ հանդիպումներով` հանդես գալով Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ: Հետագա հանդիպումներում հավաքականը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը:

Այսօրվա խաղի նախապատրաստությունը մեր երիտասարդ ֆուտբոլիստները սկսել են օգոստոսի 15-ից: Վարուժան Սուքիասյանն ուսումնամարզական հավաքի էր հրավիրել 24 ֆուտբոլիստի: Հավաքականի կորիզը կազմում են «Փյունիկի» ֆուտբոլիստները: Կան նաեւ նորեկներ արտերկրից: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմում արդյունավետությամբ աչքի ընկնող հարձակվող Հովհաննես Գոհարյանը եւ Մարսելի «Օլիմպիկի» հայազգի ֆուտբոլիստ Վարանց Բզդիկյանը: Երկարատեւ ընդմիջումից հետո կրկին երիտասարդական հավաքական է հրավիրվել Էդգար Մանուչարյանը, որը նաեւ ազգային հավաքականի թեկնածու է:

Ահա հավաքի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

  Դարպասապահներ ` Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»), Գեւորգ Պրազյան («Արարատ»), Մարտիկ Մկրտումյան («Կիլիկիա»):

  Պաշտպաններ ` Արթուր Ստեփանյան («Չեռնոմորեց», Նովոռոսիյսկ, Ռուսաստան), Հայկ Չիլինգարյան, Կարեն Խաչատրյան, Արտակ Անդրիկյան (բոլորն էլ` «Փյունիկ»), Վահե Մեհրաբյան («Արարատ»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»):

  Կիսապաշտպաններ ` Հենրիխ Մխիթարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Նորայր Սահակյան, Գեւորգ Ղազարյան (բոլորն էլ` «Փյունիկ»), Արամ Բարեղամյան, Սարգիս Կարապետյան (երկուսն էլ` «Բանանց»):

  Հարձակվողներ ` Արսեն Բալաբեկյան, Նորայր Գյոզալյան (երկուսն էլ` «Բանանց»), Վարդան Պետրոսյան («Փյունիկ»), Ալեքսանդր Պետրոսյան («Գանձասար»), Գեւորգ Նռանյան («Արարատ»), Հովհաննես Գոհարյան («Լոկոմոտիվ», Ռուսաստան), Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Վարանց Բզդիկյան («Օլիմպիկ», Ֆրանսիա):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4