«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2008-08-23 | #153, 2008-08-26 | #154, 2008-08-27


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՍՈՒԽՈՒՄԻ ՈՒ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԵՏ

«Ամերիկյան» Կոսովոյին հակադարձում են «ռուսական» Աբխազիայով ու Հարավային Օսիայով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ստորագրեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հրամանագրերը` հենվելով Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչելու երկրի խորհրդարանի երկու պալատների գրեթե միաձայն խնդրանքին: Մեդվեդեւն իր որոշումը պատճառաբանել է, թե Վրաստանի ծրագրերում չկար հակամարտության խաղաղ կարգավորումը` վրաց ղեկավարությանը մեղադրելով օսական ժողովրդի ցեղասպանության մեջ:

ՌԴ նախագահը կոչ արեց մյուս երկրներին հետեւելու իր օրինակին, բայց արձագանքն ակնհայտորեն ռուսական կողմի սպասումների բավարարման ուղղությամբ չստացվեց: Միջազգային հանրության արձագանքը դիվանագիտական դրսեւորումների մեջ մնաց, բայց եւ ի հայտ բերեց հակառուսական տրամադրությունների ողջ «փունջը»: Մեծ Բրիտանիան, ի դեմս արտաքին գերատեսչության ղեկավարի, արձագանքեց ոչ թե Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը չընդունելու, դրան չհետեւելու մտահոգությամբ, եթե կուզեք` դժգոհությամբ, այլ կոչ արեց ստեղծել «Վրաստանում Ռուսաստանի ագրեսիային» հակազդելու կոալիցիա:

Եվրոկառույցները, մի շարք եվրոպական երկրներ սկսեցին բարձրաձայնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչմամբ միջազգային իրավունքի նորմերի խախտման մասին, միակողմանիության մասին ամենայն հավանականությամբ մոռանալով շեշտած լինել Կոսովոյի փետրվարյան անկախացման հայտարարությունների ֆոնին:

Եվրոխորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պետտերինգը երեկ հայտարարեց, թե Վրաստանի նախագահը սխալ էր` հարձակվելով Հարավային Օսիայի վրա, բայց Մոսկվան ավելի մեծ սխալ գործեց` հարձակվելով Վրաստանի վրա, որն ինքնիշխան երկիր է: Եթե եվրոպական են Եվրոխորհրդարանի նախագահի մտածելակերպն ու մոտեցումը, ուրեմն չճանաչված ինքնիշխանության դեպքում հարձակումները կարող են պակաս սխալական դիտարկվե՞լ. եվրոպական իրավունքների արժեքային համակարգին լրիվ համապատասխանում է, այո՞:

Ինչեւէ, եվրոպական տերությունները, նաեւ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ գտնվող գերտերությունը, ՆԱՏՕ-ն էլ բնականաբար այդ շարքում, օրն ավարտեցին դատապարտելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից, տեղի ունեցածը գնահատելով որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում, մինչդեռ ՌԴ նախագահը որպես արձագանք եվրոանհանգստությանը, հայտարարեց, որ Ռուսաստանը չի վախենում նոր «սառը պատերազմի» սկսվելուց, չնայած «չի ձգտում դրան»:

Մեդվեդեւը երեկ հղում կատարելով Կոսովոյի նախադեպին` ընդգծել է, որ փետրվարյան իրադարձությունների ժամանակ արեւմտյան տերությունները խոսում էին հատուկ դեպքի մասին: «Ճանաչման յուրաքանչյուր դեպք իր բնույթով հատուկ է: Հատուկ է իրավիճակը Կոսովոյում, հատուկ է իրավիճակը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում»:

Ավելին, Մեդվեդեւը երեկ իսկ հրամայել է սկսել բանակցությունները Սուխումի եւ Ցխինվալի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Սրան հետեւեցին Սուխումի ու Ցխինվալի հայտարարությունները` Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մտադրության մասին:

Ուշ երեկոյան Մշտական խորհրդի հատուկ նիստ հրավիրեց ԵԱՀԿ-ն, գրեթե նույն ժամանակահատվածում Անվտանգության խորհրդի նիստ էր գումարվել արդեն նաեւ Վրաստանում` Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հավանականությամբ ու հեռանկարով: Իսկ Հայաստանում այս իրադարձություններին, ԱԳՆ հայտարարությամբ, դեռ կարձագանքեն, Ադրբեջանում էլ, կարծես մոլորակի վրա չկա օսական հարց ու աբխազական խնդիր, երկրի նախագահ Իլհամ Ալիեւը «հանգիստ աշխատանքային իրավիճակում» ստորագրում էր «Ադրբեջանի էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության մասին» օրենքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4