«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2008-08-30 | #158, 2008-09-02 | #159, 2008-09-03


ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ Է

Արցախը երեկ նշեց իր անկախության հռչակման հերթական` 17-րդ տարեդարձը:

Ինքնուրույն պետականության հռչակումը ժամանակի թելադրանքն էր, որն իրականացվեց ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային համընդունված նորմերի շրջանակներում:

Թե՛ պարտադրված պատերազմի տարիներին, թե՛ հրադադարից հետո անցումային դժվար ժամանակահատվածում եւ թե՛ ներքաղաքական ճգնաժամի փուլում անկախության գաղափարը Ղարաբաղում ոչ մի տատանում չի ունեցել: Ընդհակառակը ավելի է ամրակայվել արցախահայության մեջ` վստահաբար պահպանելով վերջնական հաղթանակի հավատը: Այսօր, տարածաշրջանային նոր զարգացումների համապատկերին, Ղարաբաղում ավելի են կարեւորում անկախության փաստը` հիմք ունենալով չճանաչված պետությունների նկատմամբ միջազգային նորովի վերաբերմունքը:

Իսկ համաժողովրդական տոնը մնում է տոն, եւ այդ շրջանակում անցկացված միջոցառումներն ավելի շուտ ինքնարժեւորման դրսեւորումներ էին: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ եղան պետական պարգեւատրումների ու պատվավոր կոչումների հանձնման հաճելի արարողություններ: Երեկ համարյա ամբողջ Ստեփանակերտը քաղաքային հուշահամալիրում էր, որտեղ ծաղիկներ դրվեցին անկախության նահատակների հուշարձանի պատվանդանին:

Միջոցառումներին մասնակցում էր նաեւ ՀՀ կառավարական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետը շնորհավորելով արցախցիներին տոնի առթիվ, ասաց, որ Ղարաբաղը կարողացել է ապացուցել ինքնուրույն գոյատեւելու իր իրավունքը: Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում, եւ պետք է ճիշտ դասեր քաղել այդ ամենից: Այսօր շինականից մինչեւ քաղաքագետ զբաղվում են մեծ քաղաքականությամբ, ինչը երեւի լավ կյանքից չէ, մինչդեռ մեզ անհրաժեշտ է զբաղվել մեր կենսական խնդիրներով: Կարեւոր չէ, թե երբ կճանաչեն ԼՂՀ անկախությունը, կարեւորն այն է, որ մենք կարողանանք արժանավայել ապրել այս հողի վրա, մասնավորապես նշեց Տիգրան Սարգսյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծելով անկախության նշանակությունը, շեշտեց, որ անցած տարիներին Ղարաբաղում կարողացել են ոչ միայն վերացնել պատերազմի հետեւանքները, այլեւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հետեւողական քայլեր են իրականացվում: «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամբողջ ժողովրդին կարելի է անվանել հայրենիքի պաշտպաններ», ասաց նախագահը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերում ԼՂՀ իշխանությունները Հարավային Օսիայի ու Աբխազիայի պետական անկախության ճանաչման փաստին, Բակո Սահակյանը նշեց, որ այդ գործընթացն արդեն սկսվել է, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը լուրջ քննարկումներ են ձեռնարկում: Ընդհանրական գնահատումներից հետո կլինի նաեւ վերջնական որոշում: Ինչ մնում է նրան, որ տարածաշրջանում միայն Ղարաբաղն է մնացել չճանաչված, ապա ԼՂՀ նախագահի խոսքով` դա ժամանակի խնդիր է: «Մենք զուգահեռներ չենք անցկացնում, մենք գնում ենք մեր ճանապարհով», ասաց նա:

Ինչպես Արցախում անցկացվող համաժողովրդական բոլոր տոների ժամանակ, երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համերգին մասնակցում էին նաեւ հայկական էստրադայի ներկայացուցիչներ: Իսկ ուշ երեկոյան տեղի ունեցավ տոնական հրավառություն` հաղթանակի ելեւէջներով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4