«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2008-09-04 | #161, 2008-09-05 | #162, 2008-09-06


ՈՎ ԵՐԿԱՐ ՈՐՈՆԻ, ՈՎ ԷԼ «ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ» ՍՏԱՆԱ

Նախորդ հավելվածում հրապարակելով Դիանա Աբգարի մասին հոդվածը` մենք ուրախ էին հայ ընթերցողին պատմելու մի առինքնող եւ ազգին նվիրված տիկնոջ մասին, սակայն պարզվում է, որ դա շատ ավելի լավ կարող էինք անել առաջին ձեռքի օգնությամբ, քանի որ մեր հեղինակներից մեկը` Արծվի Բախչինյանն է հայտնաբերել Դիանա Աբգարի կյանքի պատմությունը:

խմբ.

Նամակ խմբագրությանը

«Ազգ» օրաթերթի սույն թվականի օգոստոսի 23-ի համարում տպագրված Գրիգոր Երիցյանի «Անհայտ անուններ. Դիանա Աբգար Հայաստանի Հանրապետության առաջին կին դեսպանը» հոդվածի առաջին իսկ նախադասությունը ազդարարում է հեղինակի կատարած բանասիրական-պրպտողական աշխատանքի մասին. «Հայ դիվանագիտական մտքի նմուշների` մասնավորապես Դիանա Աբգարի մասին տեղեկությունների որոնումները բազմաթիվ վայրեր տարան ինձ: Երկար որոնումները, ի վերջո, տվեցին իրենց դրական արդյունքները»: Իրականում այդ «դրական արդյունքը» անցած տարի իմ հրատարակած «Դիանա Աբգարի նամակները Ս. Էջմիածնի Գերագոյն Խորհրդին» նյութն է` լույս տեսած Բեյրութի «Հայկազեան Հայագիտական հանդէսում» (հատոր ԻԷ, 2007, էջ 361-376): «Ազգի» վերոհիշալ հոդվածը գրեթե ամբողջությամբ արտագրված է իմ այդ հրապարակումիցՙ ինքնուրույն մի քանի նախադասության հավելմամբ: Ցանկացողները կարող են համեմատել երկու նյութերն էլ եւ համոզվել որ իմ մեղադրանքը բնավ մերկապարանոց չէ:

Հասկանալի է, որ նույն անձի կենսագրությունը երկու հոգի եթե գրեն միեւնույն փաստերն են հիշատակելու: Սակայն Երիցյանի վերոնշյալ հոդվածում նույն հերթականությամբ հիշվում են ոչ միայն Դիանա Աբգարի կենսագրական փաստերը, այլեւ կատարված են միեւնույն մեջբերումները (օրինակ, Հիդեհարու Նակաձիմայից) եւ կարծիքները նրա մասին, որոնք քաղել եմ տարբեր (այդ թվում եւ անտիպ) սկզբնաղբյուրներիցՙ թերթելով արխիվային փաստաթղթեր, «կույր» որոնումներ կատարելով ժամանակի մամուլի էջերում: Ուստիեւ չեմ կարող լռել, որ հայտնվում է մեկը, որը հեշտ ու հանգիստ սեփականում է քո որունումների արդյունքըՙ ներկայացնելով դրանք որպես սեփական որոնումների արդյունք: Եվ ինչպես հաճախ լինում է նման դեպքերումՙ արտագրողը թույլ է տալիս սխալ արտագրության դեպքերՙ ուրիշի միտքը սխալ հասկանալու տարրական պատճառով: Այսպես, «Հայկազեանի» վերոհիշյալ հրապարակման մեջ մենք գրել ենք.

«Մայրըՙ Զմրուխտ, եղել է հնդկահայ ճանաչուած վաճառական, գրող, թարգմանիչ, Ազգասէրի եւ Ազգասէր Արարատեանի հիմնադիր-անդամ եւ աշխատակից Մեսրոպ Թաղիադեանի մտերիմ եւ նրա առաջին կենսագիրՙ Թադէոս Խաչիկ Աւետումեանի (1810-1863) դուստրը» (տես վերոհիշյալ աղբյուրը էջ 361):

Երիցյանը մեր այս նախադասութիւնը «մեկնաբանել է» այսպես.

«Մայրը` Զմրուխտը, եղել է հանրահայտ հնդկահայ վաճառական, գրող, թարգմանիչ: Հայտնի է նաեւ, որ նա եղել է Մեսրոպ Թաղիադյանի մտերիմը»:

Երիցյանը չի նկատել նախադասության վերջին «դուստրը» բառը եւ Դիանա Աբգարին գրչի մեկ հարվածով դարձրել է «հանրահայտ հնդկահայ վաճառական, գրող, թարգմանիչ»: Արտագրողը պիտի որ հասկանար, որ ո՜չ ժամանակագրապես, ո՜չ ժամանակի ենթատեքստի առումով Զմրուխտ անունով այդ կինը չէր կարող լինել Մեսրոպ Թաղիադյանի մտերիմը:

Ահա արտագրության եւս մեկ օրինակ.

Իմ նյութում գրել եմՙ

«Աբգարի գրութիւններն ի յայտ են բերում քաղաքական իրազեկութիւն եւ պատմական մեծ արժէք ունեն: Աբգարը ստանում եւ կարդում էր ոչ միայն հայկական եւ ճապոնական, այլեւ անգլիական, ամերիկեան եւ հնդկական մամուլ, նամակագրութիւն ունէր աշխարհի քաղաքական, հոգեւոր եւ այլ բնագաւառների երեւելի գործիչների մէջ» (էջ 362):

Գրիգոր Երիցյանի «Ազգի» հոդվածումՙ

«Դիանա Աբգարի գրություններն ու աշխատությունները քաղաքական իրազեկության են բերել շատերին եւ պատմական մեծ արժեք են ներկայացնում: Նա ստանում եւ կարդում էր ոչ միայն հայկական ու ճապոնական, այլեւ ամերիկյան, անգլիական ու հնդկական մամուլը, ինչպես նաեւ նամակագրական կապեր ուներ աշխարհի քաղաքական, հոգեւոր եւ այլ բնագավառների ճանաչված գործիչների հետ»:

Գրիգոր Երիցյանը եթե գոնե բարի լիներ հիշել, որ իր հոդվածում օգտվել է այսինչ աղբյուրից, մեզ կմնար հերթական անգամ արձանագրել, որ օգտվում են մեր գրածներից, բայց գոնե նշում են սկզբնաղբյուրի հեղինակին: Սակայն որքանո՞վ է բարոյական արդեն եղած հոդվածի հիման վրա նոր հոդված գրել եւ մի քանի ինքնուրույն միտք ավելացնելովՙ ներկայացնել որպես սեփական գրություն եւ չնշել բուն սկզբնաղբյուրի հեղինակին:

Բանասիրությունը եւ հատկապես հայագիտությունն անշահ եւ անշնորհակալ գործ է: Տարիներ շարունակ պիտի փթերով ավազ մաղեսՙ մի քանի մարգարտահատիկ գտնելու համար: Այդ մարգարտահատիկն էլ հաճախ գնահատող չունի, ուստիեւ ստիպված ես դարձյալ գոհանալ «բարոյական վարձատրությամբ»: Սակայն մի երկրում, որտեղ հեղինակային իրավունքները պաշտպանված չեն, մի օր կարող ես արթնանալ ու տեսնել, որ քո մտավոր սեփականությունն այլեւս քոնը չէ: Մարդիկ կարտագրեն ու իրենց անունով ու տարբեր լեզուներով կտպագրեն քո տարիների աշխատանքը, դրանց հիման վրա հեռուստահաղորդումներ կպատրաստենՙ ներկայացնելով որպես սեփական որոնումների ու աշխատասիրության արդյունք, իրենց համար ստեղծելով կարիերա եւ աշխատավարձ: Իսկ գործի բուն կատարո՞ղը, ջանք թափո՞ղը. թող նա դարձյալ մնա ստվերում եւ գոհանա բարոյական վարձատրությամբ: Չէ՞ որ մեր չկարդացող դարում իր գրածը կարդացո՜ղ է եղել:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4