«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2008-09-16 | #169, 2008-09-17 | #170, 2008-09-18


«ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԸՆԿԵՐՆԵՐԻՆ»

Սեպտեմբերի քսանից կմեկնարկի արդեն ավանդական դարձած «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» միջազգային երաժշտական փառատոնը: Այս տարի փառատոնը բացի Երեւանից կընդգրկի նաեւ հանրապետության վեց խոշոր քաղաքներ այդ թվում` սահմանամերձ Մեղրին ու Ստեփանակերտը:

Մինչ փառատոնի մեկնարկը, երեկ «Նովոստի» մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակցում էին ջութակահար, փառատոնի տնօրեն Կարեն Շահգալդյանը եւ փառատոնի հովանավոր ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը:

«Փառատոնի օրերին համերգային ընդարձակ ծրագրով Երեւան կժամանեն ռուսական հայտնի երաժիշտներ Մաքսիմ Նովիկովը, Քսենիա Բաշմետը, Ելենա Ռեւիչը: Փառատոնի ընթացքում երաժշտական միջոցառումներից բացի տեղի կունենա նաեւ երկու լուսանկարչական ցուցահանդես:

«Մշակութային գենոֆոնդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որով կմեկնարկի փառատոնը, կբացվի գեղագիտության ազգային թանգարանում: Վիգեն Մնոյանը կներկայացնի հայ երաժշտասպարեզի ամենահայտնի ու տաղանդավոր ներկայացուցիչներին` Էդվարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Կոնստանտին Օրբելյանին, Ջիվան Գասպարյանին», ասաց Կարեն Շահգալդյանը:

«Ի՞նչ են ուզում կանայք» խորագիրը կրող ցուցահանդեսն էլ կբացվի «Ժան-Ժակ» սրճարանում, որտեղ լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ընկալմամբ կառնչվենք գեղեցիկին ու կանացի հմայքին: Ցուցահանդեսի ընթացքում ժամանակակից բանաստեղծները կկարդան կանանց նվիրված բանաստեղծություններ, ինչին կուղեկցեն երաժշտական ստեղծագործություններն ու ժամանակակից պարերը:

«Շատ ենք կարեւորում այս փառատոնը: Կարեն Շահգալդյանը վիրտուոզ ջութակահար է, իսկ տաղանդավոր մարդկանց պետք է անպայման աջակցել: Փառատոնի ծրագրում ընդգրկված են ոչ միայն դասական, այլեւ երաժշտական բազմաթիվ այլ ժանրեր: Փառատոնի մուտքն ազատ է: Այսինքնՙ այն կարելի է նաեւ բարեգործական համերգ անվանել, ինչի կարիքն այսօր իսկապես ունենք», նշեց ՎՏԲ-Հայաստան բանկի ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանը:

«Փառատոնն իսկապես բարեգործական է: Որովհետեւ աջակցում ենք այն երեխաներին, ովքեր երաժշտական տաղանդ ունեն, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չեն հաճախում երաժշտական դպրոց: Նպատակ ենք հետապնդում` աջակցել այդ երեխաներին», նշեց փառատոնի պրոդյուսեր Անետա Մարտիրոսյանը:

Սեպտեմբերի քսաներեքից կսկսվի նաեւ «ԱրՍիԿա» տրիոյի հոբելյանական համերգային ծրագիրը: Այս տարվանից տրիոն անվանափոխվել է եւ կրում է «Արամ Խաչատրյան» անունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4