«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2008-09-20 | #173, 2008-09-23 | #174, 2008-09-24


ՆՊԱՏԱԿԱՄԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉԸ` ՆՎԻՐՈՒՄԻ ՏԱՐԻՆԵՐ

ԼՂՀ առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը նշեց իր ստեղծման 10-ամյակը:

Կենտրոնի ստեղծման նախաձեռնողը Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսն էր, որի նպատակը Արցախում հաշմանդամներին վերականգնողական բուժում ցուցաբերելն ու նրանց ինքնուրույնությանը նպաստելն էր: Նախապես առանձին կառույց էր, սակայն 2002 թվականից կենտրոնն ընդգրկվեց առողջապահության համակարգի մեջ, իսկ 2005 թվականից սկսեց կրել Ղարաբաղի նվիրյալ բարեկամ հիմնադրի անունը: Ստեղծման հաջորդ տարվանից կառույցը ղեկավարում է մասնագիտությամբ վերականգնող թերապեւտ Վարդան Թադեւոսյանը:

Անցած ժամանակահատվածում ՎԿ-ում բուժել են 675 ամբուլատոր, 460 տնային այցելությունների ու 380 ստացիոնար հիվանդների, որոնց ընդհանուր այցելությունների քանակը տասնյակ հազարներ է կազմում: Արդեն հիմա կենտրոնն ունի համապատասխան սարքավորումներով ու կահույքով հագեցած վերականգնողական մասնաբաժիններ, որտեղ իրականացվում են ամենատարբեր միջոցառումներ: Դրանք հիմնականում ձեռք են բերվել բարեգործական նվիրատվությունների շնորհիվ:

Երեկ ԼՂՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՎԿ տասնամյա հոբելյանին նվիրված կոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ-ից ու արտերկրից ժամանած մասնագետներ, հյուրեր: Միջոցառմանը ներկա էր նաեւ ինքը` բարոնուհի Քոքսը:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը , մասնավորաբար կարեւորելով վերականգնողական կենտրոնի դերը հաշմանդամների հիմնախնդիրների լուծման գործում:

ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը բարձր գնահատելով ՎԿ-ի գործունեությունը, միաժամանակ նշեց, որ հաշմանդամներին հասարակությանը լիարժեք ինտեգրելու գործում դեռեւս անելիքներ շատ կան, եւ պատրաստակամություն հայտնեց օժանդակելու նախանշված ծրագրերի իրականացմանը:

  Լեդի Քոքսի ողջույնի խոսքն առավելապես հագեցած էր շնորհակալության շեշտադրումներով բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր սատարել են վերականգնողական կենտրոնի կայացմանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4