«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2008-09-25 | #176, 2008-09-26 | #177, 2008-09-27


«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՀԵՌՈՒ Է ԱՆԳԱՄ ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒՑ

Այսպես են բնորոշում գրեթե բոլոր այն ուղեւորները, որոնք ժամանում են Երեւան կամ մեկնում են այնտեղից

Որքան էլ փորձում ենք ընդօրինակել եվրոսպասարկման ոճը, չի հաջողվում: «Հայկական ավիացիայի սպասարկումը պետք է հասցնել միջազգային ստանդարտների» տարիներ ի վեր հնչեցվող կարգախոսն այսօր էլ դեռ արդիական է: Բայց ինչպես ասում են` ցանկությունն այլ է, իրականացնելն` այլ: «Զվարթնոցը» հանձնելով մասնավոր կառավարման, ՀՀ կառավարությունը համարեց, թե «հայրենանվեր» աշխատանք կատարեց եւ այսուհետեւ սպասված հույսերն իրականություն կդառնան: Բայց ինչպիսին է վիճակն այսօր «Զվարթնոցում» եւ ինչի է հանդիպում ուղեւորը «միջազգային ստանդարտների» հասցված օդանավակայանում:

Ժամանելով օդանավակայան, մինչ բեռի գրանցմանն անցնելը, եթե չունենաս 10 հազար դրամ օդավճարի կտրոնը եւ մատնահետքդ, ապա բեռի գրանցումն անհնար է: Նշենք, որ աշխարհի որեւէ օդանավակայանում գոյություն չունի մասնակի վճարում, որը հայկական նորմերով համարվում է օդահարկ: Հիշյալ հարկը գուցե համալրված է տոմսի արժեքում: Իսկ մատնահետք թողնելու գաղափարը, ինչ խոսք, ընդօրինակում է Միացյալ Նահանգներից: Համենայն դեպս եվրոպական օդակայաններից ոչ մեկում, որոնք համարվում են տեռորի եւ կեղծ անձնագրեր ունեցող անձանց համար առաջին վտանգավոր գոտին, ուղեւորից մատնահետք չեն վերցնում: Ստուգման մեթոդներն այլ կերպ են կատարվում:

Ընդօրինակելն ընդհանրապես լավ հատկանիշ է, եթե լավն ենք ընդօրինակում:

Եթե ուղեւորը «Զվարթնոց» օդանավակայանում սխալմամբ փորձի զուգարան գնալ, ապա, կարծում ենք երկար ժամանակ հիշողությունից անջնջելի կմնան զուգարանների կեղտոտությունն ու գարշահոտը, որն անմիջապես հիշեցնում է խորհրդային ժամանակները:

Նշենք նաեւ, որ միջազգային ոչ մի օդանավակայանում բեռնասայլակները վճարովի չեն: Հայաստանում տարիներ ի վեր այս բիզնեսը կենտրոնացած է կոնկրետ անձով եւ մինչ օրս գործում է ( «Ազգը» դեռեւս 1999-ից հետամուտ է խնդրին): Ժամանակին ավիացիոն ղեկավարությունը հավաստում էր, թե խնդիրը կկարգավորվի, բայց արդեն 10 տարի դեռ «կարգավորման» փուլում է: Եթե նման փոքր խնդիրների լուծումը տասը եւ ավելի տարիներ է պահանջում, ապա որքա՜ն տարիներ են հարկավոր «Զվարթնոցը» միջազգային օդանավակայանների շարքին համադրելը:

Ստացվում է, որ օդանավակայանի յուրաքանչյուր ծառայության նշանաբանն էՙ «Շարժվել արհեստական քաշքշուկներ ստեղծելու նորմերով»: Հերթական քաշքշուկներից է նաեւ անձնագրային ստուգումը: Անձնագրային տեսուչները գրեթե իրազեկ չեն արտերկրում գործող անձնագրերից: Եվ հաճախ ուղեւորը ստիպված է լինում երկար եւ անիմաստ հարցաքննվել: «Մի հատ աջ նայիր, մի հատ ձախ նայիր, ստորագրիր այս թղթի վրա, ո՞ւր ես գնում, որքա՞ն ես մնալու» եւ նման անհեթեթ, ձանձրալի հարցադրումներով հոգնեցնող իրավիճակ են առաջացնում: Չգիտես որտեղ ես գտնվում. քննչական բաժանմունքո՞ւմ:

«Արկածային» ճանապարհ անցնելուց հետո հասնում ես վերջնակետին, հուսալով, որ քաշքշուկները հետեւում մնացին: Բայց, պարզվում է, դա դեռ վերջը չէ: Ինչպես կասեր Օստապ Բենդերը` դա դեռ վերջն է առաջին մասի: Ուղեբեռը ստանում ես ճամպրուկի փականը կոտրված վիճակում, ճամպրուկից գողացված են իրերդ: Կրկին սկսվում է հերթական քաշքշուկը: Ո՞ւմ դիմել, ումի՞ց պահանջել: Փաստենք, որ արդեն ամիսներ ի վեր Եվրոպայից Հայաստան մեկնող եւ վերադարձող ուղեբեռներից պարբերաբար գողություն է կատարվում: Ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրները փորձում են հավատացնել, թե հայկական կողմից գողությունը բացառված է, մնում է կասկածել եվրոպական ավիաընկերություններին:

Տեսակետը ոչ համոզիչ է եւ քիչ հավանական:

Եվրոպական ավիաընկերություններում միշտ առկա է աշխատանք գտնելու դժվար խնդիրը: Այսինքն, եվրոպացին երբեք թույլ չի տա ճամպրուկի փականը կոտրել որեւէ իր գողանալու համար: Քանզի դրանով վտանգում է աշխատատեղը: Հայաստանում դա լիովին հնարավոր է, քանի դեռ գործում է «ընկերական սկզբունքը» կամ գիշերային հերթափոխությունից օգտվելու հասկացությունը: ՀՀ ավիացիոն իրազեկ անձինք հավաստում են, թե «ճամպրուկում կասկածելի իրեր նկատվելու դեպքում, եթե բեռը բացվում է, ապա այդ պահին ուղեւորին անմիջապես տեղյակ են պահում: Գործընթացը տեղում նկարահանվում է հատուկ զննման տեսուչների եւ մաքսավորների ներկայությամբ»:

Աշխատանքային կանոնակարգն այդպես է պահանջում, բայց փաստորեն իրականացվում է այլ սկզբունքներով: Թե որ ավիաընկերությունն է գողություն կատարում, թողնում ենք համապատասխան մարմինների իրավասությանը: Տեղեկացնենք միայն, որ վերջին ամիսներին Գերմանիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Չեխիայից Հայաստան մեկնող եւ վերադարձող ուղեբեռները պարբերաբար թալանվում են: Իսկ ովքե՞ր են պատասխանատուները: Հուսով ենք, ՀՀ համապատասխան մարմինները խնդրին լրջորեն հետամուտ կլինեն:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Երեւան-Բրյուսել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4