«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2008-09-26 | #177, 2008-09-27 | #178, 2008-09-30


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՒՄՈՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

Անհրաժեշտ է բավարարող լուծում գտնել ձերբակալվածների առնչությամբ հարցերի լուծման համար եւ դրա հետ մեկտեղ հաշվետու թողնել նրանց, ովքեր պատասխանատու են մարտյան իրադարձությունների համար: Երեկ հրապարակած իր զեկույցում այսօրինակ բնութագրություն է տվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը` հենվելով հուլիսի 13-15-ը Հայաստան կատարած այցելության արդյունքների վրա: Այդ հատուկ առաքելությունն իրականացվեց ի կատարումն ԵԽԽՎ կողմից 1620 բանաձեւի դրույթների:

Համարբերգի համար լուրջ մտահոգության թեմա է մնում ազատազրկվածների վիճակը, քանի որ դեռեւս հարցականներ կան ինչպես քրեական հիմքով ձերբակալությունների, այնպես էլ մարտյան իրադարձությունների հետաքննության առնչությամբ: Ամեն դեպքում, Համարբերգի մոտեցմամբ, անընդունելի է, որ որեւէ մեկը ձերբակալված լինի քաղաքական հայացքների համար կամ բռնի գործողություններ չկատարելու դեպքում:

Համարբերգը առանձին նշել է մի շարք դեպքերի մասին, որոնց պարագայում մարդիկ դեռեւս մնում են նախնական կալանքի տակ` առանց մեղադրանքի ներկայացման: Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը կրկին ընդգծել է իր ափսոսանքը, որ 19 անձանց պարագայում դատավարությունը հիմնվել է մեծապես միայն ոստիկանների ցուցմունքների վրա:

Ողջունելով իշխանության քայլերը մարտյան իրադարձությունների բացահայտման ուղղությամբ` Համարբերգը խորհուրդ է տվել շարունակել ջանքերը միջազգային փորձագետի խորհրդատվությամբ: «Կարծես թե ներկա դրությամբ հնարավոր է դարձել Հայաստանի ողջ բնակչության համար վստահելի համարվելու առումով բազմակողմանի, անկախ, անկողմնակալ, թափանցիկ քննություն անցկացնելու խնդիր ունեցող փորձագետների խմբի հիմնումը», նշել է իր զեկույցում Համարբերգը, հույս հայտնելով, որ այդ հնարավորությունը կճանաչվի եւ կարժանանա կառուցողական արձագանքի ներգրավված բոլոր դերակատարների կողմից:

Հայաստանի առնչությամբ ԵԽԽՎ-ում քննարկում կլինի այսօր, մոնիտորինգի հանձնաժողովում` ԵԽԽՎ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների, վերջին երկու տխրահռչակ` 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքին անդրադարձով:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4