«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2008-09-27 | #178, 2008-09-30 | #179, 2008-10-01


ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՁԱՅՆԱԶՈՒՐԿ ԼԻՆԵԼԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում կարծես թե կոշտ են խոսել Հայաստանի հետ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

«Հայաստանը պետք է նշանակալի քայլեր ձեռնարկի, որ մնա Եվրոպայի խորհրդի անդամ», ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակից հանձնաժողովի անդամ բրիտանացի պատգամավոր Մայք Հանկոկը (Mike Hancock) երեկ այսպես պատասխանեց «Ազգի» հարցին, թե ինչպես է հանձնաժողովն անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման հարցին:

Նախապես հայաստանյան պատվիրակության ղեկավարից ու անդամներից որեւէ մեկնաբանություն ստանալու հնարավորություն չեղավ, քանի որ նիստից հետո հայաստանյան պատվիրակները ԵԽԽՎ-ում խորհրդակցում էին, որի ընթացքում էլ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նպատակահարմար չհամարեց որեւէ մեկնաբանություն տրամադրելը այն բացատրությամբ, թե ամենայն հավանականությամբ այսօր կլինի մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը Հայաստանի առնչությամբ:

Ինչեւէ, որեւէ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով հայ լրագրողներս դիմեցինք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Մայք Հանկոկին: «Ազգի» հարցին ի պատասխան Հանկոկը նշեց, որ այսպես թե այնպես բացասական են սպանությունները, մարդկանց ձերբակալությունները, հետապնդումները, եւ դա մեծապես վնասում է հայ հասարակությանը:

«Եթե Հայաստանը շատ մեծ քայլեր չձեռնարկի իրավիճակը շտկելու համար, ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սպասումներ ունենա շարունակելու մնալ Եվրոպայի խորհրդի անդամ», գտնում է բրիտանացի պատգամավորը: Ըստ նրա, Հայաստանը ձախողվել է ժողովրդավարությանը հետեւելու իր խոստման մեջ: Ժողովրդավարության հետ խաղալ չի կարելի, պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել:

«Հայաստանը իրավիճակը կարգի բերելու շատ հնարավորություններ է ունեցել, իսկ վեհաժողովն էլ շատ նուրբ է վերաբերվել: Եվ առկա զեկույցները հստակ ցույց են տալիս, որ կա լրջագույն բաց մարդու իրավունքների հարցերում, որում ձախողվել է երկրի կառավարությունը: Հայաստանի բնակչությունը արժանի է ավելիին իր կառավարության կողմից, քան ստանում է, հատկապես որ ցանկություն կա լինելու Եվրոպայի խորհրդի անդամ»:

  «Ազգը» փորձեց բրիտանացի պատգամավորից ճշտել, թե ինչ բնույթի կարող է լինել հանձնաժողովի սպասվող հայտարարությունը: Ըստ Մայք Հանկոկի, անցած 7 ամիսները երկար ժամանակահատված են զեկուցելու, թե ինչ է տեղի ունեցել մարտյան իրադարձությունների ժամանակ: «Ինչո՞ւ է անհրաժեշտ այդքան երկար ժամանակ, ի վերջո, ի՞նչն էր սխալ ընտրական գործընթացում եւ ընդհանրապես երկրում, որ ստիպեց մարդկանց նման քայլերի դիմել... Եվ եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, պետք է ընդունակ լինի հենց այսօր պատասխանելու այս հարցերին», կարծում է մոնիտորինգի հանձնաժողովի անդամը:

Ըստ Հանկոկի, «Պատասխանների հարցում Հայաստանը ձախողվել է, սարսափելիորեն»: Ընդ որում, ըստ բրիտանացու, բնավ էլ կարիք չկա դրսից որեւէ մեկի խոսքերի, թե արվածը սխալ է: «Մարդիկ կան ձերբակալված, կան դատական գործեր, որ չեն ունեցել արդար ու անկողմնակալ մոտեցում, դուք ունեք մարդկանց վրա հարձակումներ փողոցներում, սպանվածներ, որ անընդունելի է ուզած չափանիշների կիրառման դեպքում»:

  «Ազգը» հետաքրքրվեց, թե ինչպիսին է եղել Հայաստանի հարցի քննարկման ընթացքում ընդհանրապես հանձնաժողովի մոտեցումը: «Կարծում եմ, հանձնաժողովը բավականին «պինդ» է իր մոտեցման մեջ, եւ երեւի թե լուրջ որոշում պիտի կայացվի` հավատարիմ մնալով Եվրոպայի խորհրդի սկզբունքներին: Իսկ եթե ոչ, ապա Եվրոպայի խորհուրդը կձախողի Հայաստանի բնակչության սպասումները», եզրակացրեց Մայք Հանկոկը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը վերստին կայցելի Հայաստան: Այդ մասին եւս առաջարկվել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի հարցով համազեկուցողների հակիրճ զեկուցումը վերջին` 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման առնչությամբ: Ներկայացվել են նաեւ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի Հայաստան կատարած հուլիսյան այցի եզրակացությունները:

Ըստ հանձնաժողովին մասնակից հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի, մտահոգություն է արտահայտվել, թե Հայաստանի իշխանությունները խնդիրների լուծման բավարար հետեւողականություն չեն ցուցաբերում, եւ հույս է հայտնվել, որ մոտ ապագայում Հայաստանը, էական առաջխաղացում կարձանագրի ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարտի 1-ի հանգուցալուծման հարցում:

Հովհաննիսյանը չէր մասնակցել մոնիտորինգի հանձնաժողովի վերջին մեկ-երկու նիստերին` իր բառերով, «ժողովրդավարության վերաբերյալ անձնական չափանիշների պատճառով»: Ըստ նրա, թե՛ Համարբերգի, թե՛ զեկուցողների արձանագրության մեջ անճշտություն է եղել «Ժառանգության»` մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ, եւ ինքն այսօրվա իր ելույթում ճշտումներ է արել:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հիշեցրել է, որ մարտի 1-ից անցել է 7 ամիս, բայց դեռեւս բանտերում են ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիներ, որոնք ընդհանրապես կապ չունեն դեպքի հետ: Նա հիշեցրել է, որ նրանք բանտերում են մեծ մասամբ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, իսկ մեղադրանքն էլ սկսվում է իշխանության զավթումից մինչեւ ոստիկանության նկատմամբ բռնություն կիրառելը:

«Ի տարբերություն այս բոլոր դատավարությունների, ողբերգության 10 զոհերի գործով ոչ մի բացահայտում, ոչ մի գործ, ոչ մի մեղադրանք չկա: Եվ սա շատ լուրջ հարց է հարուցում հանրային վստահության, ժողովրդավարության տեսակետից», նշել է Հովհաննիսյանը: Ի դեպ, առաջարկվել է մոնիտորինգի հանձնաժողովի անունից մշակել փաստաթուղթ եւ հաջորդ` դեկտեմբերին նախատեսվող նիստում հաստատել: Բայց չի բացառվում, որ հանձնաժողովը վերանայի իր օրակարգը եւ հուշագիրը ներկայացվի ԵԽԽՎ այս նստաշրջանում:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում ԵԽԽՎ լիագումար նիստերին, ինչպես եւ հայտարարել էր ամառային նստաշրջանի ընթացքում` «ունենալով ժողովրդավարության վերաբերյալ անձնական չափանիշները», դժգոհ լինելով կիրառվող երկակի չափանիշներից: Նա մասնակցում է հանձնաժողովների նիստերին, քանի որ հայաստանյան պատվիրակության անդամ է եւ ունի իր պարտավորությունները, օրինակ` Նոր Ջուղայում մշակութային ժառանգության պահպանության հարցի լուծման գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4