«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2008-09-27 | #178, 2008-09-30 | #179, 2008-10-01


ԳԵՆԱԴԻ ԶՅՈՒԳԱՆՈՎ. «ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՀԱՐՑ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ»

Կոմունիստական կուսակցության ղեկավար ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Գենադի Զյուգանովը գտնում է, որ Կովկասում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց հետխորհրդային տարածությունում հիմնական դերակատարների մոտեցման: Երեկ Ստրասբուրգում տեղի ունեցող ԵԽԽՎ հերթական նստաշրջանի շրջանակներում Զյուգանովի ասուլիսի ընթացքում ցուցադրվեցին Ցխինվալում օգոստոսյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցածն ու դրա հետեւանքները, որոնք, կարճ ասած, մարդկային ողբերգության դրվագներ էին ներկայացնում:

Այդօրինակ սլայդներ կարելի է կազմել տարբեր հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյանի առնչությամբ, որ, սակայն, չի ավարտվել այնպես, ինչպես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման հանգամանքով: Ասուլիսում ռուսական կողմից ընդգծվող այն հանգամանքը, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումն այդ ժողովուրդների կամքի արտահայտության ընդունումն է, լիովին վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղին, որը նույնպես հանրաքվեով արտահայտել է անկախ ապրելու իր ցանկությունն ու կամքը:

Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչման առնչությամբ «Ազգի» հարցին Գենադի Զյուգանովը պատասխանեց, որ համապատասխան խնդրանքի դեպքում կքննարկվի նաեւ Ղարաբաղի ճանաչման հարցը: Զյուգանովը մանրամասնեց, որ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես Ցխինվալի, այնպես էլ Աբխազիայի իշխանությունների հետ, եղել է այդ տարածաշրջաններում, հավաստիացել այդ ժողովուրդների անկախ ապրելու ցանկության հարցում: «Այնպես որ նախաձեռնությունը մնում է Ղարաբաղին», հարցին պատասխանը եզրափակեց Զյուգանովը, կարեւորելով, որ այդ առումով անտեղյակ է ԼՂ դիրքորոշմանը, չի հանդիպել ղարաբաղյան խորհրդարանականների, չի տեսել իրականությունը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4