«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2008-09-27 | #178, 2008-09-30 | #179, 2008-10-01


ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆ. «ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԳԵՐԱԶԱՆՑԻ ՌԵԿՈՐԴՍ»

Ամեն անգամ, երբ Հայաստան է ժամանում մեր հանրահայտ հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը` նրա անվան գավաթի խաղարկությունը վերածվում է իսկական տոնի: Այս անգամ մրցումներն անցկացվեցին Էմմիյանին հարազատ Գյումրիում: Բարեհամբույր անվանի մարզիկը մրցանակներ ու հուշանվերներ էր պատրաստել ոչ միայն մրցումների մրցանակակիրների, այլեւ բոլոր մասնակիցների ու կազմակերպիչների համար` նման ձեւով արտահայտելով իր երախտագիտությունը:

21 տարի առաջ Ռոբերտ Էմմիյանը Ծաղկաձորում Եվրոպայի ռեկորդ սահմանեց` ցատկելով 8,86 մ, որն ընդամենը 4 սմ էր զիջում այն ժամանակվա աշխարհի ռեկորդին: Դա իրոք ֆենոմենալ արդյունք էր, քանի որ մինչեւ օրս Էմմիյանի ռեկորդն անգերազանցելի է Եվրոպայում:


- Ռոբերտ, ուրախ ենք քեզ հայրենիքում տեսնելու, ինչպե՞ս են գործերդ:

- Շնորհակալություն, ամեն ինչ նորմալ է: Շատ ուրախ եմ, որ կրկին հարազատ քաղաքում եմ, որտեղ արդեն 2-րդ անգամն անցկացվեց իմ անվան գավաթի խաղարկությունը: Տարեցտարի ավելի շատ մարզիկներ են մասնակցում մրցումներին, որը վերածվում է տոնի: Ինչպես գիտեք, կնոջս ու երեխաների հետ հիմնականում բնակվում եմ Ֆրանսիայում, բայց երկար տարիներ աշխատում եմ Քաթարում: 4,5 տարի եղել եմ այդ երկրի թեթեւ ատլետիկայի հավաքականի մարզիչ: 2002-ին իմ սանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր: Խորհուրդներով օգնել եմ եվրոպական մի շարք երկրների թեթեւատլետների: Մոտ 3,5 տարի Քաթարի օլիմպիական կոմիտեում որպես խորհրդատու եմ աշխատել: Այժմ էլ տնօրենն եմ մի կազմակերպության, որը երկրի համար մարզական միջոցառումների կազմակերպման ծրագրերի մշակմամբ է զբաղվում: Քաթարում շատ մեծ ուշադրություն է դարձվում սպորտին, 2006-ին այստեղ անց են կացվել Ասիական խաղերը, առաջատար մի խումբ մասնագետներ են աշխատում, կան ժամանակակից պահանջներին համապատասխանող մի շարք մարզակառույցներ: Աստված տա, որ մեր երկիրն էլ առաջընթաց ունենա եւ մենք էլ Հայաստանում նման պայմաններ ունենանք սպորտի զարգացման համար:

- Ամեն անգամ հայրենիք այցելելիս փոփոխություններ զգո՞ւմ ես թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ սպորտի բնագավառում:

- Շատ ուրախ եմ, որ ականատես եմ լինում մի շարք դրական տեղաշարժերի: Կյանքն իրոք բարելավվում է, մարդկանց դեմքերին արդեն ժպիտ կա, Երեւանն ու Գյումրին ավելի են գեղեցկացել, նոր տեսք ստացել: Մարզական բնագավառում էլ հաջողություններն ու առաջընթացն ակնառու են: Դա ապացուցեց վերջերս Պեկինում կայացած օլիմպիադան, որում մեր մարզիկները 6 բրոնզե մեդալ նվաճեցին: Շնորհավորում եմ մեր մարզիկներին ու նրանց մարզիչներին այդ հաջողության համար: Նաեւ շնորհակալ եմ մեր մարզական ղեկավարությանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից, որոնց շնորհիվ ապահովվեց այս ձեռքբերումը: Ճիշտ է, դեռեւս մարզումային պայմանների հարցում հիմնախնդիրներ կան, սակայն նախորդ տարիների համեմատ առաջընթացն ակնհայտ է:

- Որպես նախկին թեթեւատլետ ցավալի չէ՞, որ Պեկինում մեր երկու թեթեւատլետները շատ ցածր արդյունքներ ցույց տվեցին: Նրանք օլիմպիադային մասնակցեցին «կանաչ քարտի» շնորհիվ: Ի՞նչ է հարկավոր, որ առաջիկայում մեր թեթեւատլետները մրցունակ լինեն եւ կարողանան օլիմպիական ուղեգրերի համար պայքարել:

- Նախեւառաջ անհրաժեշտ է, որ բարելավվեն մարզումային պայմանները, լավագույն թեթեւատլետների համար տարվա ընթացքում ուսումնամարզական շատ հավաքներ կազմակերպվեն, մեր մարզիկները մասնակցեն միջազգային մրցումների ու փորձ ձեռք բերեն: Օրինակ, նիզականետորդ Մելիք Ջանոյանը մինչեւ Պեկին մեկնելը վստահ ելույթներ էր ունեցել, սակայն խոշոր մրցաշարերի մասնակցության փորձի պակասը զգացնել տվեց ու ազդեց օլիմպիադայում նրա արդյունքի վրա: Փաստորեն, նա չկարողացավ դրսեւորել իր հնարավորությունները: Իսկ Ջանոյանն իրոք մեծ հնարավորություններ ունի լավ հանդես գալու համար: Վստահ եմ, որ առաջիկայում նա իրեն կդրսեւորի: Շատ կցանկանայի, որ ծանրամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի կողքին թեթեւատլետիկան ու մյուս մարզաձեւերն էլ զարգանան ու հաջորդ օլիմպիական խաղերում հաջողություններ գրանցվեն նաեւ այլ մարզաձեւերում: Շատ կարեւոր է նաեւ մասսայական սպորտի վիճակը: Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում սպորտով զբաղվողներ լինեին: Հնարավորության սահմաններում հարկավոր է բոլոր մարզաձեւերն էլ ուշադրության կենտրոնում պահել: Հիմա մեր հնարավորությունները մեծ են: Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ շատ դժվար էր հավաքականում ընդգրկվելն ու միջազգային մրցաշարերի մասնակցելը, ապա այժմ մեր լավագույն մարզիկների համար ճանապարհը բաց է:

- Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը հեռացատկում: Կա՞ն հեռանկարային, ուժեղ հեռացատկորդներ:

- Ունենք երիտասարդներ, որոնք 7,70-8,10 մ արդյունք են ցույց տալիս, ինչն ուրախալի է: Այսօրվա մրցումներում Արսեն Սարգսյանը 7,72 մ արդյունքով հաղթող ճանաչվեց: Ընդհանրապես Հայաստանում հեռացատկը լավ ավանդույթներ է ունեցել, եղել են լավ հեռացատկորդներ: Հավատում եմ, որ ավանդույթները կվերականգնվեն: Շատ կցանկանայի, որ 21-ամյա վաղեմության Եվրոպայի իմ ռեկորդը գերազանցեր հայ հեռացատկորդը: Ժամանակին այդ ռեկորդը պատկանում էր Իգոր Տեր-Հովհաննիսյանին: 1987-ին Ծաղկաձորում ինձ հաջողվեց գերազանցել անվանի հայրենակցիս ցուցանիշը: Այժմ էլ թող հայ թեթեւատլետները ձգտեն գերազանցել ինձ: Դրա համար ես միայն ուրախ կլինեմ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4