«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2008-09-30 | #179, 2008-10-01 | #180, 2008-10-02


ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ, ԲԱՅՑ ԵՎՐՈՊԱՆ ԻՐԵՆ ՉԶՐԿԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԻՑ

Սոմալին կճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան

«Երաշխավորում ենք ԵԽԽՎ-ին աջակցել ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների հաստատմանը», երեկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Անդրեաս Գրոսսի առավոտյան տարածած հայտարարությունը հաստատեց այն կարծիքները, թե ԵԽ խորհրդարանական վեհաժողովը բնավ էլ չի որոշի դադարեցնել, թեկուզ ժամանակավորապես, ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները: Գրոսսը նաեւ ընդգծել էր, որ լիազորութունների դադարեցման պարագայում ընդհանրապես անհնար կդառնա ինֆորմացիոն խաչաձեւումը այն իմաստով, որ Ռուսաստանը եւ Վրաստանը հավասարապես թաքցնում, ոչ ամբողջական են ներկայացնում տեղեկությունները:

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քննարկում էր Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցը, որն օրակարգ էր մտել երկուշաբթի նստաշրջանի բացման ժամանակ կայացրած որոշմամբ: Ընդհանրապես նման հարց էին բարձրացրել 24 վեհաժողովականներ, ու չնայած նրանցից 5-ը հրաժարվել էին մինչեւ նստաշրջանը սկսվելն իրենց առաջարկությունից, այնուամենայնիվ, հարցը մնաց օրակարգում, քանի որ արդեն մտցվել էր շրջանառության մեջ:

Եվրոխորհրդարանում որոշ պատգամավորներ գտնում էին, որ Ռուսաստան եւ Եվրոմիություն հարաբերությունները փոխադարձ անհրաժեշտությամբ են պայմանավորված` հատկապես միջազգային անվտանգության, միջազգային ֆինանսական շուկաներում իրավիճակի եւ մասնավորապես Վրաստանին, Հարավային Օսիային եւ Աբխազիային վերաբերող հարցերում:

Ընդհանուր առմամբ, օրավարտին հնչող կարծիքները Ռուսաստանի լիազորությունների հարցի քննարկման առումով ավելի շուտ բարիկամեցողության ելույթներ էին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները խոսում էին երկխոսության կարեւորությունից, այլ ոչ լիազորությունների դադարեցմամբ հարցը ավելի ծանր կացության մեջ դնելու տարբերակից:

Ընդ որում, ավելի շատ հնչում էր այն մոտեցումը, թե Եվրոպայի խորհրդի երկու անդամ երկրների միջեւ հարցի լուծումը հենց խորհրդի շրջանակներում կարող է լրացուցիչ հնարավորություն դառնալ խաղաղ լուծման համար, հատկապես եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանն ու Վրաստանը արդեն իսկ դիվանագիտական հարաբերությունների լրիվ խզման ճանապարհին են` երկու երկրներում մնացած մի քանի դիվանագետներին էլ հետ կանչելու հեռանկարով:

Մյուս կողմից, որպես հիմնական տրամաբանություն էր մատուցվում այն հանգամանքը, որ դեռեւս որեւէ տեսակի փաստական նյութեր չեն ներկայացվել ռուսաստանյան պատվիրակությանը լիազորություններից զրկելու խնդիրը բարձրացնելու հիմքում: Դրա հետ մեկտեղ, եղել է պատերազմ, կան զոհեր, հումանիտար աղետ, որին եւս Եվրոպայի խորհուրդը պետք է արձագանքի, հատկապես որ Ռուսաստանը դեռեւս վերահսկում է որոշ տարածքներ, միակողմանի ճանաչել է Հարավային Օսիան եւ Աբխազիան, եւ ըստ էության անտարբեր է միջազգային հանրության նկատմամբ: ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովն, իր հերթին, նշեց, թե ցանկություն չկա օսական պատերազմը տեղափոխելու վեհաժողովի խորհրդարանականների միջեւ: Ու թեեւ Վրաստանը միակողմանի խզել է դիվանագիտական կապերը, Կոսաչովի խոսքով, ԵԽԽՎ-ն ամբիոն է վրացի խորհրդարանականների հետ քննարկելու հարցը:

Ինչեւէ, ԵԽԽՎ-ն երեկ քվեարկեց ռուսաստանյան պատվիրակության նախապես հաստատված լիազորությունների վերանայման հարցի առնչությամբ: Վերջին պահին մտցված բանավոր լրացմամբ, թե ներկա դրությամբ վերահաստատվում են լիազորությունները հետագայում այդ հարցը նորից դնելու հավանականությամբ, ԵԽԽՎ-ն 114 կողմ, 20 դեմ, 10 ձեռնպահ քվեարկությամբ վերահաստատեց ՌԴ պատվիրակության լիազորությունները:

Այսօր ԵԽԽՎ-ն կրկին կանդրադառնա Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին օգոստոսյան իրադարձություններից հետո` ամենայն հավանականությամբ իր քննարկումն ավարտելով փաստաթղթի ընդունմամբ, որում կարեւորվում է երկխոսությունը: Լիազորությունների հարցի նկատմամբ վերաբերմունքը, եւ ընդհանրապես ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում երկկողմ մեղադրանքների առկայությունը հնարավոր են դարձնում ենթադրությունը, թե Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետեւանքների մասին փաստաթուղթը միակողմանի չի լինի գնահատականներում` կողմերին կոնկրետ առաջարկությունների ներկայացմամբ:

Եվ մինչ եվրոխորհրդարանականները քննարկում էին Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին տրվելիք գնահատականն ու հետագա մոտեցումը եւ փորձում ընդհանուր վերաբերմունք ցուցաբերել ռուս-վրացական խնդրին, Ռուսաստանն արդեն անցել է Ռուսաստան-Հարավային Օսիա երկաթգծի շինարարության նախագծի մշակմանը, որ ակնհայտորեն էժան «հաճույք» չի լինելու` թեկուզ նկատի ունենալով հարավօսական բնակլիմայական պայմաններն ու ռելիեֆը:

Մյուս կողմից, որքան էլ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից որակվում է միակողմանի, այն կամաց-կամաց կողմերի բազմաթիվություն է սկսում ապահովել: Եվ եթե ցայսօր միայն Ռուսաստանն ու Նիկարագուան են ճանաչել նորանկախ երկու միավորներին, ապա նրանց միանալու մտադրության մասին երեկ, «ՌԻԱ նովոստիի» տեղեկացմամբ, հայտնել է Սոմալին` ի դեմս Մոսկվայում այդ երկրի դեսպան Մուհամմեդ Խանդիլեն:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4