«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2008-09-30 | #179, 2008-10-01 | #180, 2008-10-02


ՂԱՐԱԲԱՂԸ ԻՆՔՆԱԲԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԻ

Նախօրյակին կառավարության նիստում միջնաժամկետ ծրագրի հավանության արժանանալու առիթով, երկուշաբթի ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել էր մամուլի ասուլիս` ներկայացնելու կառավարության մեկ տարվա կատարած աշխատանքը:

Արա Հարությունյանը միանգամայն օրինաչափ համարեց այն իրողությունը, որ ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում կառավարությունում մի շարք կադրային ու կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Հիմնավորված բովանդակությամբ փոփոխություններն ընդունելի են, որովհետեւ կառավարությունը դինակիկ օրգանիզմ է, պարզաբանեց նա:

Գնահատելով գործադիրի մեկամյա գործունեությունը, վարչապետը կարեւորեց երկարաժամկետ ծրագրերը, որոնք վերջնականապես մշակվել եւ արդեն կիրարկման փուլում են: Դրանք վերաբերում են հատկապես գյուղատնտեսական ոլորտին եւ էներգետիկ ու ոռոգման համակարգերին: Լինելով ագրարային երկիր եւ ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, Ղարաբաղը կարող է գյուղմթերքների արտադրության առումով լիարժեք ինքնաբավ լինել: Այդպես եղել է խորհրդային տարիներին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մի ամբողջ Ադրբեջան էր կերակրում, եւ այժմ արվում է ամեն ինչ տնտեսության այս առաջնաճյուղը հասցնելու 1988-ի մակարդակին: Հանրապետության բնակչության շուրջ կեսը բնակվում է գյուղերում, ուստի գյուղատնտեսության զարգացմամբ կապահովվի նաեւ գյուղաբնակների աշխատանքի ճակատը, շեշտեց վարչապտը:

Ոռոգման համակարգի զարգացման ծրագով նախատեսվում է առաջիկա 2-3 տարիներին հանրապետությունում շուրջ 15.000 հեկտար տարածք ոռոգովի դարձնել: Ինչ մնում է էներգետիկ անկախությանը, ինչը էներգակիրների գների շարունակական աճի պայմաններում հրատապ է դառնում, ապա, Արա Հարությունյանի մատուցմամբ, նոր ՀԷԿ-երի ստեղծմամբ հնարավոր կլինի 2012 թվականին արտադրել մինչեւ 300 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որով կբավարարվի դրա ամբողջական պահանջարկը ԼՂՀ-ում: Ավելին, հետայդու հնարավոր կլինի նույնիսկ էլեկտրաէներգիա վաճառել հարեւան երկրներին: Անկախ այն բանից, թե էլեկտրաէներգիայի միջազգային գներն ինչ ցատկեր կունենան, Ղարաբաղում դրա գինը չի գերազանցի 30 դրամը, հավաստիացրեց վարչապետը:

Տեսանելի են դրական արդյունքները կրթության բնագավառում: Ինտեգրված լինելով Հայաստանի կրթական դաշտին, ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես, եռաստիճան կրթական համակարգի անցնելու առումով: Արդեն իսկ 2010 թվականին ԼՂՀ-ում մի քանի ավագ դպրոցներ կունենանք, նշեց Արա Հարությունյանը, հավելելով, որ զուգադիր իրականացվում է նոր դպրոցաշենքերի կառուցման ու հների վերանորոգման, դրանց կահավորման համապարփակ ծրագիրը: Ըստ վարչապետի, տեղաշարժ կա նաեւ նախադպրոցական ցանցի ընդլայնման գործում, եւ որպես դրա մի գործնական արտահայտություն, նա հատկանշեց «Բեյզ մեթլզ» ընկերության կողմից 280 տեղանոց նոր մանկապարտեզի կառուցումը Ստեփանակերտում:

Թե բարեփոխման, եւ թե կառավարման առումներով Արա Հարությունյանը ոչ բավարար համարեց առողջապահության ոլորտում մինչ այդ տիրող վիճակը: Իսկ իրավիճակը շտկելու լուրջ քայլեր ձեռնարկվում են: Այսպես, ավարտման փուլում է հանրապետական մանկական հիվանդանոցի շենքի վերանորոգումն ու վերազինումը: Նախատեսվում է Ստեփանակերտում կառուցել գերժամանակակից հիվանդանոց, որն իրավամբ կունենա միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Միեւնույն ժամանակ, նոր հիվանդանոցներ են կառուցվում կամ հիմնանորոգվում շրջաններում, եւ այդ աշխատանքների իրական արդյունքը զգալի կլինի մոտ ապագայում:

Լրագրողների այն հարցին, թե նշանակո՞ւմ է արդյոք, որ նոր իշխանությունները վատ ժառանգություն են ստացել նախորդից, վարչապետն ասաց, որ դրա պատասխանը կարող է տալ ժողովուրդը, քանզի բոլորին են հայտնի ե՛ւ դրականը ե՛ւ բացասականը:

Մեկնաբանելով ՀՀ նախագահի` ԼՂՀ-ում Ադրբեջանի ներդրումներ կատարելու առաջարկի մասին հայտարարությունը, Արա Հարությունյանը դա ավելի շատ կատակ համարեց, ասելով, որ քանի դեռ հիմնախնդիրը կարգավորված չէ` բացառվում է հարեւան երկրի ներդրումներ կատարելը Լեռնային Ղարաբաղում: Անկախ հիմնահարցի լուծման եղանակներից ու մեխանիզմներից, պարտադրված ենք երկրում լուծել սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները` ունենալ հուսալի մարտունակ բանակ եւ ինքնաբավ տնտեսություն, նշեց Արա Հարությունյանը:

«Ազգի» հարցը վերաբերում էր պետական կառավարման մարմիններում հաստիքների ուռճացմանը: Վերջին 10 տարում ԼՂՀ պետբյուջեն ավելի քան քառակի ավելացել է, մինչդեռ սոցիալ-տնտեսական բնութագրերը հազիվ թե համարժեք են այդ դինամիկային: Ճիշտ չի՞ լինի, որ կրճատվեն ուռճացված հաստիքներն ու պետական կառույցներն առհասարակ, եւ խնայված գումարները նպատակաուղղվեն փոքր ու միջին բիզնեսի խրախուսմանը:

Արա Հարությունյանն ասաց, որ այդ գործընթացն արդեն սկսված է: Մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, հատկապես մշակութային ոլորտում, լուծարվել են, անշուշտ, կրճատելով նաեւ ավելորդ հաստիքները: Ինչ մնում է փոքր ու միջին բիզնեսի խրախուսմանը, ապա վարչապետի խոսքով` ԼՂՀ ներդրումային զարգացման հիմնադրամը բավարար ռեսուրսներ ունի արտոնյալ վարկերի տրամադրման համար: Խնդիրն այն է, որ քչերն են համարձակվում գործարար նպատակներով վարկ վերցնել: Եթե մտավախությունը հարկային խստության մեջ է, ապա ԼՂՀ-ում հարկային դաշտն ավելի նպաստավոր է, քան Հայաստանի Հանրապետությունում, դրանում համոզված են հենց իրենք` գործարարները, նկատել տվեց վարչապետը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4