«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2008-10-01 | #180, 2008-10-02 | #181, 2008-10-03


ԲԱՆԱԿՑՈՂ ԿՈՂՄԵՐՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ

  «Ազգի» խնդրանքով տեսակետ արտահայտելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության առթիվ, որ ինքն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղում, ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասել է. «Իմ կարծիքով, որը այս պահին խիստ անձնական ընկալումներով է ձեւավորված, Հայաստանի նախագահի կողմից իր ադրբեջանցի պաշտոնակցին փոխանցած առաջարկությունը պետք է գնահատել որպես ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ընդհանուր կոնտեքստի շատ առանցքային քաղաքական բաղկացուցիչ, ինչը, ես այդպիսի տպավորություն ունեմ, ուղղված է Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության փաստացի կողմի բանակցային դիրքերի իրավական ամրագրման նպատակի իրացմանը: Մենք անընդհատ խոսում ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լիովին ներգրավվի կարգավորման բանակցություններում, չէ՞: Իսկ ինչպե՞ս կարելի է հասնել դրան: Այդ հարցին պատասխանելուց առաջ նախ փորձենք հասկանալ, թե ինչու ավելի վաղ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին: Հարկավոր է անկեղծ լինել եւ ասել, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը Ադրբեջանի համար հետաքրքրություն էր ներկայացնում, քանի որ գործընթացի կոնտեքստը այնպիսին էր, որ ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ պաշտոնական Բաքուն դեռեւս չէին կորցրել գլխավոր` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը դիվանագիտական եւ քաղաքական ազդեցության միջոցներով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» գերակայությամբ կարգավորելու հույսը: Մնացածը, ինչ որ ասվում է բանակցային գործընթացի 1994-1997 թթ. զարգացումների մասին, բացառապես քարոզչության ոլորտից է եւ իրականության հետ անգամ հեռավոր առնչություն չունի:

Հետագայում եղավ մի շրջան, երբ թվում էր, թե հակամարտության զինված փուլի իրողություններն այնքան նշանակալի են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում կարելի է համաձայնության գալ ինքնին: Ես չեմ գնահատի այդ իրավիճակը, քանի որ 2001-ի Քիվեսթի հանդիպումից հետո դա արդեն պատկանում է անցյալին, բայց ուզում եմ նկատել, որ ներկա աշխարհաքաղաքական դասավորությունների պայմաններում գրեթե բացառված է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը վերադառնա այդ հունին: Չգիտեմ, գուցե ես հոռետես եմ, բայց դա իրավիճակի իմ մասնավոր ընկալումն է: Իսկ եթե այդպես է եւ եթե կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն, իսկ սա, կարծում եմ, այլընտրանք չունի, ապա ի՞նչը կարող է դիտվել ելակետային»:

Արցախցի խորհրդարանականի կարծիքով, կա մի սկզբունք` խնդիրը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, ազատ կամարտահայտության հիման վրա: Ավելի ցանկալի կլիներ, որ Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ դրանով ճանապարհ հարթեր, որ քննարկվեին նաեւ ածանցյալ` հումանիտար, կոմունիկացիոն եւ այլ խնդիրներ, բայց ամեն ինչ կառուցել միայն մեր ցանկությունների վրա, գտնում է Վահրամ Աթանեսյանը, կնշանակի լուրջ չվերաբերվել բանակցություններին, որովհետեւ եթե մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է կարգավորվի, ապա պարտավոր ենք նկատի ունենալ, որ հանգուցալուծումը նշանակելու է ներկա ստատուս քվոյի փոփոխություն: Այսինքն` բանակցող կողմերից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի, որ հանգուցալուծումը իր համար ցավալի տարրեր է պարունակելու:

«Այս պահին, իհարկե, ես դատում եմ ընդհանրապես, եւ իմ գնահատականները որեւէ հանգրվանային ուղղորդվածություն չունեն: Այսինքն, ամեն ինչ տեսականի, հնարավորի, ենթադրվողի դաշտից է: Մինչդեռ իրողությունն այն է, որ բանակցող կողմերն այսօր ունեն հանդուրժողականության, ընկալունակության խնդիր: Համաշխարհային ուժի բեւեռները կարծես թե սպառել են «նախահարձակվողականության լիմիտը», ես նկատի ունեմ արեւմտյան դաշինքի կողմից Կոսովոյի եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու փաստը, եւ երկուստեք փորձում են ապացուցել, որ ընդունակ են հարցեր կարգավորել նաեւ կոնսենսուսային հանգուցալուծման ճանապարհով»:

Նկատի ունենալով Ադրբեջանի` որպես ոչ միայն էներգակիրներ արտահանող, այլեւ էներգակիրներ տարանցելու հնարավորություն ունեցող երկրի կարեւորությունը թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի համար, ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, այդ հնարավոր կոնսենսուսն առաջին հերթին փնտրվում է ղարաբաղյան կարգավորման շուրջը, եւ այդ համատեքստում է իմաստավորվում Հայաստանի նախագահի քաղաքական նախաձեռնողականությունը, որը բանակցային լուրջ մարտահրավեր է Ադրբեջանին:

«Մենք հակված ենք ամեն ինչ գնահատելու «մեր տան կտուրից», մինչդեռ ճիշտ կլիներ հաշվի առնել իրավիճակի ընդհանուր պատկերը: Եթե Հայաստանի նախագահի հնչեցրած գաղափարը դիտենք գոնե տարածաշրջանային իրողությունների խճանկարում, ապա տեսանելի կլինի, որ «գնդակը տեղափոխված է մրցակցի կիսադաշտ», եւ մոտ ապագայում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը մի սկզբունքային հարցի վրա է սեւեռվելու` Ադրբեջանն ընդունա՞կ է իրական հանդուրժողականության, պատրա՞ստ է հարաբերություններ հաստատելու Լեռնային Ղարաբաղի հետ, ընկալունա՞կ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի հանդեպ, թե՞ ոչ: Մեզ համար այս հարցերի պատասխանները պարզ են: Պատասխանները պարզ են նաեւ Հայաստանի նախագահի համար, բայց դրանք պարզ եւ միանշանակ պիտի դառնան նաեւ միջազգային միջնորդների համար: Այդ դեպքում, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու այլընտրանքը կարող է լինել միայն տարածաշրջանային անկայունությունը, պատերազմի վերսկսման իրական սպառնալիքը. մի հեռանկար, որ, թվում է, ցանկալի չէ ոչ միայն տարածաշրջանային «խաղացողների», այլեւ Հարավային Կովկասով շահագրգռված ուժային կենտրոնների համար», ասում է Վահրամ Աթանեսյանը:

Մեր խնդրանքով անդրադառնալով թեմայի ադրբեջանական կողմից արվող մեկնաբանություններին եւ «վերլուծություններին», պատգամավորի համոզմամբ` դրանք համարժեք չէին գաղափարի քաղաքական լրջությանը եւ ընդամենը մի անգամ եւս ապացուցում են, թե որքան խախուտ են Լեռնային Ղարաբաղի հարցը «միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու» պաշտոնական Բաքվի «իրավաքաղաքական եւ տնտեսական հիմնավորումները:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4