«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2008-10-02 | #181, 2008-10-03 | #182, 2008-10-04


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Հոկտեմբերի 3-5-ը Երեւանում կանցկացվի պատկերապատման (կոմիկսներ) առաջին փառատոնը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել շարժանկարների արվեստը:

«Պատկերապատումն աշխարհում տարածված արվեստի տեսակ է: Ունենք սկսնակ, սակայն խոստումնալից արվեստագետներ: Առայժմ մեզ մոտ առաջին հիմնաքարերն են դրվում: Շարժանկարները ձեւավորում են ճաշակ, յուրահատուկ հանգուցալուծումներ պատկերում: Թեպետ պատկերապատումը ժամանակակից արվեստ է, սակայն ներառում է նաեւ ազգային ավանդույթներ: Կարծում եմ, այս առումով հայկական շարժանկարները կառանձնանան: Պատկերապատումը միայն ծաղր չէ: Հիմնականում ցանկանում ենք նկարներով արտահայտված ինչ-որ հետաքրքրական պատմություններ ներկայացնել: Կան նաեւ ռեալիստական, լուրջ նկարներ, սակայն եթե ստեղծագործությունում բացակայում է էքսպրեսիան, հումորը, իմաստը, նկարն արժեզրկվում է», ասաց Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը:

Պատկերապատումը ժանրային առումով նման է երգիծանկարչությանը, սակայն ունի նաեւ բազմաթիվ առանձնահատկություններ, ինչի շնորհիվ էլ նկարչության առանձին տեսակ է համարվում: Սուքիաս Թորոսյանը ժխտում է հնչեցրած կարծիքը, թե շարժանկարներով հիմնականում հետաքրքրվում են մանուկներն ու երիտասարդները: Նա փաստում է, որ իր 70-ամյա ընկերը մինչեւ օրս շարժանկարներ է հավաքում, ապրում գրքերով` «ինչն ապացուցում է, որ պատկերապատման ոլորտը տարիքային սահմանափակումներ չունի»:

Ժան Ժիրոն, Ժիժեն, Կլեոն, Բրետեշեն ֆրանսիական պատկերապատման լավագույն վարպետներն են: Կամերային թատրոնում նրանց աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ երեկ մեկնարկեց պատկերապատման փառատոնը:

«Պատկերապատումը լավագույն միջոցն է կողքից նայել քո կյանքին, կերպին, պատմությանն ու մշակույթին: Կարծում եմ, որ ստեղծագործողները պետք է լինեն համարձակ, ճշտորեն վերլուծեն իրադարձություններն ու ներկայացնեն հասարակությանը: Թեպետ Հայաստանում պատկերապատման արվեստն այնքան էլ զարգացած չէ, սակայն վստահ եմ, որ մի քանի տարի անց մենք էլ կհպարտանանք մեր արվեստագետների ստեղծած շարժանկարներով», ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Անգուլեմ քաղաքում կայացած պատկերապատման միջազգային փառատոնի հաղթող Շառլ Բերբերյանը. «Շարժանկարները ներկայացնում են մեր ամենօրյա իրականությունը, խնդիրները: Եվրոպայում արվեստի այս տեսակը լայն տարածում ունի: Բազմաթիվ երկրներում ենք ցուցադրվել, սակայն արձագանքները տարբեր են եղել: Եթե տվյալ երկրում պատկերապատման արվեստը զարգացած էր, ապա արձագանքներն ավելի բուռն էին: Եղել են երկրներ, երբ մարդիկ գալիս էին ցուցասրահ, սակայն գրեթե ոչինչ չէին հասկանում: Այդ ժամանակ բացատրում էինք շարժանկարների իմաստը»:

Միջոցառման ընթացքում մայիս ամսին կայացած պատկերապատման փառատոնի ցուցապաստառի մրցույթին ներկայացված լավագույն 3 աշխատանքներն արժանացան մշակույթի նախարարության պատվոգրի: Իսկ հոկտեմբերի 5-ին պարգեւների կարժանանան արդեն փառատոնի լավագույն աշխատանքները:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4