«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2008-10-04 | #183, 2008-10-07 | #184, 2008-10-08


ՂԱՐԱԲԱՂՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՃԱՆԱՉՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ

Երեկ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել էր մամուլի ասուլիս` ներկայացնելու իր տպավորությունները վերջերս Աբխազիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցից:

ԼՂՀ պատվիրակության այցը նորաճանաչ հանրապետության խորհրդարանի նախագահի հրավերով էր, տեղեկացրեց Աշոտ Ղուլյանը, իսկ շարժառիթն այդ երկրի անկախության հռչակման 15-րդ տարեդարձն էր:

Ըստ Արցախի խորհրդարանի խոսնակի, սեպտեմբերի 29-ին եւ 30-ին Սուխումում անցկացված տոնական միջոցառումները շատ նման էին այն միջոցառումներին, որոնք կազմակերպվում են Ղարաբաղում պետական տոների ժամանակ: Հանդիպումներ են եղել Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի (այդպես է կոչվում Աբխազիայի խորհրդարանը) նախագահի, արտգործնախարարի եւ տեղի հայկական համայնքի անդամների հետ: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության համաձայնագիր մշակելու մասին, իսկ արտաքին քաղաքական գերատեսչությունում քննարկվել են հետագա զարգացումների հնարավորությունների հարցեր:

Արդյունավետ տնտեսական համագործակցություն իրականացնելու համար խանգարիչ հանգամանք է մեր միջեւ համատեղ սահմաններ չունենալը, նշեց Ա. Ղուլյանը, եւ այդ խնդիրը լուրջ ուսումնասիրությունների կարիք է զգում: Ինչ մնում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, ապա պետք չէ հապշտապ որոշումներ կայացնել, խորհրդարանական համագործակցությունը ցույց կտա հետագա հարաբերությունների պատեհությունն ու նպատակահարմարությունը:

Աշոտ Ղուլյանը գոհունակություն հայտնեց, որ Սուխումի հայկական համայնքն ունի լուրջ ներուժ եւ շոշափելի է տեղի հայերի դերը պետական-հասարակական գործընթացներում:

Լրագրողները հարց ուղղեցին` թե ԼՂՀ խորհրդարանի նախագահը չի՞ գտնում, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը երկրորդ պլան է մղել ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Աշոտ Ղուլյանն ասաց, որ վերջիններիս, ինչպես նաեւ Կոսովոյի ճանաչումը տեղի է ունեցել ոչ դասական ձեւով, եւ դա բնավ չի նշանակում, թե այդ երկրները վերջնականապես ճանաչված են համարվում: Միեւնույն ժամանակ, Աբխազիայի ու Հարավային Օսիայի պարագայում, լուծվել է այդ երկրների անվտանգության խնդիրը: Ղարաբաղի դեպքում իրողություններն այլ են. մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք միջազգային լիարժեք ճանաչման հասնելու, քանզի ընթանում ենք դրա դասական սխեմայով:

Լրագրողներին հետաքրքրում էր` հանդիպումների ժամանակ նկատելի՞ էր աբխազների խոր ատելությունը վրացիների նկատմամբ, ասենք, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության համեմատությամբ: Աշոտ Ղուլյանն ասաց, որ արտահայտված ատելություն ինքը չի նկատել, թեեւ Աբխազիան 1992-93 թվականների պատերազմի ընթացքում հազարավոր զոհեր է տվել: Վրաց-աբխազական հարաբերություններում կա հասարակական կոնսենսուս, եւ ընկալումը սա է` պիտի հարաբերություններ ունենալ որպես դրկից հարեւաններ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4