«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2008-10-10 | #187, 2008-10-11 | #188, 2008-10-14


ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺՆԵՎՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ` ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ

Լավրով. «Ախալգորին Հարավային Օսիայի տարածք է»

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոկտեմբերի 15-ին Ժնեւում Եվրոմիության, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կազմակերպմամբ նախատեսված է ԱՄՆ-ի, Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը` քննարկելու օգոստոսի 7-ի հարավօսական գոտում իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակին լուծում տալու հնարավոր տարբերակները: Այս հանդիպման ամսաթվի եւ որոշ այլ մանրամասների մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները` առանց տեղեկատվության աղբյուրը նշելու:

Ըստ այդ նույն աղբյուրների, հանդիպմանը կհաջորդեն բանակցություններ երկու աշխատանքային խմբերում, որոնց կազմում կլինեն նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները:

Բայց, որպեսզի այդ աշխատանքային խմբերում աբխազական կամ հարավօսական կողմերի ներկայացվածությունը չմեկնաբանվի որպես ճանաչում, այդ խմբերը կլինեն ոչ պաշտոնական, այսինքն` ընդգրկված ներկայացուցիչները կներկայացնեն իրենց, այլ ոչ թե այդ տարածքները: Աշխատանքային խմբերի հանդիպումների հաճախականությունը նախատեսվում է կազմակերպել առնվազն երկու շաբաթը մեկ` այդ հանդիպումների կազմակերպիչների մասնակցությամբ:

Սկզբնական շրջանի համար այս խմբերում աշխատանքի ու հանդիպումների կազմակերպման հիմնական նպատակը կազմակերպիչ Եվրոմիության, ԵԱՀԿ-ի եւ Միացյալ Նահանգների համար անվտանգության ու տեղահանվածների հարցերն են:

Սկզբից եւեթ ռուսաստանյան կողմի պահանջն էր, որ այդ հանդիպումներին մասնակցեն նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները: Ու նախատեսված քննարկումների շեմին դեռեւս անցած շաբաթ Գերմանիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կմասնակցի ժնեւյան քննարկումներին, եթե դրանցում լիարժեք ներկայացված լինեն Հարավային Օսիան ու Աբխազիան:

«...Կովկասում անվտանգության հարցի քննարկումն առանց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի լիարժեք մասնակցության արդյունավետ չի լինի: Ռուսաստանը կմասնակցի բոլոր այն ձեւաչափերում, որտեղ այդ երկու հանրապետությունները ներկայացված կլինեն բոլորին հավասար», կրկին հայտարարել է Լավրովը:

Սրան զուգահեռ դեռեւս երեկ Լյուքսեմբուրգում Եվրոմիության անդամ երկրների արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկում էին Ռուսաստանի հետ Եվրոմիության գործընկերության ու համագործակցության պայմանագրի շուրջը բանակցությունները շարունակելու հարցը:

Ամենայն հավանականությամբ, այդ հարցում դեռեւս հետաձգումներ կլինեն, քանի որ այդ բանակցությունների շարունակման հիմնական պայման է մնում Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնագրի դրույթների, հատկապես` ռուսական զինուժը մինչեւ օգոստոսի 7-ը եղած դիրքերը վերադարձնելու պահանջի կատարումը, որն, ի դեպ, բացարձակապես տարբեր է ընկալվում վրացական, եվրոպական ու ռուսական կողմերի համար:

Վրացական կողմի հայտարարությունների համաձայն, Ռուսաստանը մասամբ է կատարում Մեդվեդեւ-Սարկոզի օգոստոսի 12-ի համաձայնագրի դրույթները, քանի որ ռուսական զինուժը դեռեւս զբաղեցնում է Ախալգորիի եւ Վերին Կոդորի կիրճի որոշ հատվածներ, մինչդեռ մինչեւ օգոստոսի 7-ի ռազմական գործողություններն այդ տարածքներում ռուսական որեւէ տեսակի զորամիավորում չի եղել:

Ռուսական կողմի մատուցմամբ, Մեդվեդեւ-Սարկոզի ծրագիրը չի վերաբերում Ախալգորիին, քանի որ, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, «Ախալգորին Հարավային Օսիայի տարածք է, գտնվում է Հարավային Օսիայի սահմաններում, մինչդեռ ծրագիրը վերաբերում է Հարավային Օսիային ու Աբխազիային հարող տարածքներից զինուժի դուրսբերմանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4