«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2008-10-10 | #187, 2008-10-11 | #188, 2008-10-14


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍՍԻՎՈՒԹՅԱՆ» ՍՑԵՆԱՐԸ

Ընտրությունները հարավկովկասյան երկրներում ավելի հաճախ նախապես հայտնի ելք ունեն, քան թե իրապես անկանխատեսելի, այն էլ ժողովրդավարական գործընթաց են ներկայացնում: Վաղը` հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, որոնց տանող նախընտրական շրջանն այնքան հանգիստ էր անցնում, որ եվրոպական մի շարք կառույցների ներկայացուցիչներ անգամ բարձրաձայնում են այդ առնչությամբ ձեւավորվող մտահոգությունները:

Նախագահական ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում` ներկայիս նախագահ Ալիեւ կրտսերը, որի հաղթանակի հարցում ամենայն հավանականությամբ չեն կասկածում անգամ մնացյալ 6 թեկնածուները:

Հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ի սկզբանե բոյկոտեցին ընտրությունները, պատճառաբանելով, թե իշխանություններն այդպես էլ չեն կատարել նախորդ` խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդների ու կազմակերպությունների տված հանձնարարականները: Ընդդիմադիրները, մասնավորապես, պահանջում էին մամուլի, զանգվածային միջոցառումների ու հանրահավաքների ազատություն, ինչպես նաեւ հավասար մասնակցություն ընտրական հանձնաժողովներին:

Ու թեեւ առանցքային ընդդիմադիր ուժերը հրաժարվել էին պայքարից, այդուամենայնիվ, նույնիսկ գործող վարչախմբի նկատմամբ չեզոք դիրքորոշում ունեցող թեկնածուները քարոզարշավի ընթացքում հավասար պայմաններից չօգտվեցին: «Ազատության» կայքէջի տեղեկատվությամբ, անկախ փորձագետների ուսումնասիրության համաձայն, մասնավորապես, ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում ադրբեջանական մամուլում տեղ է գտել 80-ից ավելի հրապարակում գործող նախագահի մասին, բոլորը` դրական կամ չեզոք, մինչդեռ նրա մրցակիցներին մամուլն անդրադարձել է առավելագույնը 6 անգամ, իսկ որոշ թեկնածուների մասին ընդհանրապես հրապարակումներ չեն եղել:

«Խիստ վերահսկողության տակ են նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցները», նշել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի ղեկավար Հաջիդա Իսմայիլովան: «Ադրբեջանում կա հինգ մասնավոր հեռուստաընկերություն: Դրանցից մեկի գլխավոր տնօրենը նախագահի զարմիկն է, մյուսի ղեկավարը` սփյուռքի նախարարի եղբայրը: Միջազգային դիտորդների նախնական զեկույցները փաստել են, որ նրանց թողարկումներում գերակշռել են իշխանությունները, մինչդեռ ընդդիմության մասին տեղեկությունները մատուցվել են քննադատական, երբեմն վիրավորական շեշտերով»:

Փորձագետների պնդմամբ` հոկտեմբերի 15-ի ընտրություններն ամենաանհետաքրքրականը կլինեն Ադրբեջանի նորագույն պատմության մեջ: Իրական բանավեճի եւ ծրագրային դրույթների փոխարեն լրատվամիջոցները ներկայացնում էին տեղեկություններ աշխարհի տարբեր ծայրերում ապրող ադրբեջանցիներից, կազմակերպություններից ու արհմիություններից, որոնք հայտարարում էին գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին: Վերլուծաբանները չեն կասկածում, որ Իլհամ Ալիեւը հեշտությամբ ապահովելու է իր հաղթանակը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4