«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2008-10-18 | #193, 2008-10-21 | #194, 2008-10-22


ԳՅՈՒՄՐՈՒ ՏՏ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՒՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՏՎԵՑ

Մրցունակ մասնագետները կմնան եւ կաշխատեն հայրենի քաղաքում

Անցած կիրակի օրը հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ հանձնվեցին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) երկրորդ խումբ 16 շրջանավարտներին, որոնք այստեղ պատրաստվել են որպես համակարգչային ճարտարագիտության եւ վեբ դիզայնի մասնագետներ:

1995 թվականին հիմնադրված Գյումրու ՏՏ կենտրոնը, որի հիմնադիրներն են Հայ օգնության ֆոնդը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ «Շիրակ տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, գիտակրթական հիմնադրամ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Կենտրոնի նպատակներն ենՙ ապակենտրոնացնել ՏՏ տեխնոլոգիաների շուկան Երեւանից Գյումրի եւ Հայաստանի հյուսիսային տարածաշրջան, պատրաստել ոլորտի մրցունակ մասնագետներ եւ նպաստել տարածաշրջանում ՏՏ ենթակառուցվածքի ձեւավորմանը, խթանել այս ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը եւ այլն: Հիմնադրամն իրականացնում է երկամյա հետբուհական ծրագիր նշված երկու մասնագիտությունների գծով, դասախոսներն ընտրված են Հայաստանի առաջատար կրթահամալիրներից ու մասնագիտական ընկերություններից: Համակարգչային ճարտարագիտության բաժնում ուսանողները մասնագիտանում են միկրոսխեմաների եւ ծրագրակազմի նախագծման ու ծրագրավորման, վեբ տեխնոլոգիաների բաժնում` տվյալների շտեմարանի եւ վեբ բնագավառի ծրագրավորման արդիական լեզուների մեջ: Ոլորտի շուկայի մրցունակ մասնագետներ պատրաստելուն նպաստում են կենտրոնի հագեցվածությունը ամենաարդիական համակարգիչներով, տեխնիկական սարքավորումներով ու գրականությամբ, շուկայամետ ուսումնական ծրագրերը եւ շեշտադրված գործնական ուսուցումը: Հատկանշական է նաեւ, որ ԳՏՏԿ-ի ստեղծումից հետո 2006 թ. ոլորտի երկու ընկերություններ` «Ինստիգեյտ դիզայն»-ը եւ «ՓՈՒԼ» ՍՊԸ-ն, իրենց մասնաճյուղերն են բացել Գյումրիում, իսկ 2007-ից իր գործունեությունն է սկսել «ՇՏ» ՍՊԸ-ն: Իսկ սա նշանակում է, որ կենտրոնի շրջանավարտների գերակշռող մասն ապահովվում է աշխատանքով Գյումրի քաղաքում:

Ավարտական վկայականների հանձնման հանդիսությունը սկսվեց եւ ավարտվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի օրհնության ու բարեմաղթանքի խոսքով: Առաջնորդ սրբազանը ՏՏ կենտրոնին է տրամադրել թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքի ամբողջ երկրորդ հարկը եւ միշտ հետաքրքրվում է հաստատության գործերով: Խոսք ասացին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՏՏ վարչության պետ Ժենյա Ազիզյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ջեյսոն Փոլ Կազարյանը, կենտրոնի դասախոսներ, շրջանավարտներ, ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ցավոք, քաղաքի ու մարզի ղեկավարներից որեւէ մեկին այստեղ չտեսանք:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4