«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2008-11-12 | #210, 2008-11-13 | #211, 2008-11-14


ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հոբելյանական միջոցառումները գրեթե միշտ անցնում են նույն սցենարով: Պաշտոնական, հանդիսավոր արարողություններ, երախտիքի ու գովասանքի բարձրագոչ խոսքեր, զանազան հուշեր ու նկարագրություններ...

Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի 75-ամյա հոբելյանն այս առումով տարբերվում էր: Ամեն ինչ մեղմ ու չպարտադրող էր` նրա դավանած երաժշտության նման, խոսքեր գրեթե չասվեցին, հնչեց անսահմանն ու հարատեւը, ինչի մեջ ապրել ու ստեղծագործել է Սահակյանցը: Նրա մշակած Կանաչյանի «Օրորոցայինն» ու կոմիտասյան «Գութաներգը» երաժշտագետի ստեղծագործության լավագույն գնահատականն էին...

«Չեմ կարող մոռանալ նրա ամենօրյա մուտքը կոնսերվատորիա: Մտնում էր` ջութակը թեւին գցած, նպատակասլաց քայլվածքով: Գալիս էր ծառայելու իր Աստծուն` երաժշտությանը: Նա այն մտավորականն էր, որ ոչ թե իրեն էր տեսնում երաժշտության մեջ, այլ երաժշտությունը գտնում էր իր մեջ` իր ամբողջ էությամբ, այն երաժշտությունը, որը բարձրագնա է, բայց նաեւ շուտ վիրավորվող», ընկերոջն այսպես է հիշում Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Սարյանը :

Զարեհ Սահակյանցը (1933-1983 թթ.) ծնունդով Դոնի Ռոստովից է: Սովորել է Երեւանի եւ Մոսկվայի կոնսերվատորիաներում: Նրա ուսուցիչներն են եղել Կ. Դոմբաեւն ու Յ. Յանկեւիչը: 1957-58 թվականներին Ռ. Բարշայի ղեկավարած Մոսկվայի կամերային նվագախմբի առաջին կատարողներից էր: Հենց այդ տարիներին ծրագրեց վերադառնալ Հայաստան: 1960-1963 թթ. աշխատեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում որպես կոնցերտմայստեր: 1962 թվականին Զարեհ Սահակյանցը «Սայաթ-Նովա» երաժշտական դպրոցի նկուղում իր 18 համախոհների հետ սկսեց նվագել կամերային երաժշտություն: Նորաստեղծ խումբն առաջին անգամ հանդես եկավ Վանաձորում` Կարելիայի ստեղծագործություններով: Միայն 1966 թվականին պաշտոնապես ստեղծվեց Հայաստանի կամերային նվագախումբը: Հիմնադիրը հանձն առավ նաեւ նվագախմբի համար նոր` ազգային շեշտադրումով երկացանկի ստեղծումը: Մշակեց Կոմիտաս, Կանաչյան: Հենց այդ տարիներին Վազգեն Առաջին Վեհափառը հանձնարարեց մշակել նաեւ հայոց պատարագը: Զարեհ Սահակյանցի շնորհիվ հայկական պատարագն առաջին անգամ հնչեց գործիքային կատարմամբ: Հոբելյանական միջոցառումների ցանկն առայժմ այնքան էլ հարուստ չէ. Բաղրամյան պողոտայում հուշատախտակի բացման արարողություն, Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում կամերային երաժշտության երեկո (դպրոցը ստեղծվել է1966-ին, իսկ Սահակյանցի անունով է կոչվել 1990 թվականից) եւ երեկ երեկոյան Կամերային երաժշտության տանը նվագախմբի համերգը:

«Նա այն իդեալիստն էր, որ 60-ականներին նման համարձակ նախաձեռնություն արեց` երկրորդ կամերային նվագախումբն ամբողջ Խորհրդային Միությունում: Այսօր Հայաստանի պետական կամերային նվագախումբը ժառանգորդն է այն իդեալի, որը բերեց Զարեհ Սահակյանցը», խոստովանեց նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը :

Ի դեպ, հոբելյանական միջոցառումներին ներկա էր նաեւ Սահակյանցի կինը` տիկին Աիդան . «Հուսով եմ, որ դեռ կլինեն հանդիսություններ` նվիրված նրա հոբելյանին: Բայց խիստ տպավորվել է իմ մեջ Աբովյանի երաժշտական դպրոցի համերգը: Ես ցնցված եմ, որ նման դպրոց է գործում եւ ոչ մայրաքաղաքում: Ուրախ եմ, որ իմ ամուսնու գործն ապրում է, շարունակվում եւ միշտ կապրի նաեւ այդ երեխաների շնորհիվ»:

Հ.Գ. Ժամանակին կամերային նվագախմբի ստեղծումն ազդակ դարձավ, որպեսզի հայ կոմպոզիտորները բազմաթիվ ստեղծագործություններ նվիրեն նոր կոլեկտիվին: 1966 թվականին Ալեքսանդր Հարությունյանը նվագախմբին նվիրեց «Սիմֆոնիետտան», որի «Ֆինալով» էլ ավարտվեց Սահակյանցին նվիրված երեկոն:

ԱԻԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4