«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2008-11-12 | #210, 2008-11-13 | #211, 2008-11-14


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՍՏՈՎԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտը երեկ ՀՊՏՀ-ում սկսեցին երկօրյա միջազգային գիտագործնական համաժողովը` «Ռուսաստանի եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» խորագրով:

Նիստի բացմանը ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը ընդգծեց նման գիտագործնական համաժողովի կարեւորությունը, երկու բուհերի համագործակցությամբ ընձեռվող հնարավորությունների նշանակությունը: Սուվարյանը հենց բացման արարողության ընթացքում Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կուզնեցովին փոխանցեց երկու բուհերի համագործակցության պայմանագիրը:

Ըստ ՌԴ հարավային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի , հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը 21-րդ դարում այլ նշանակություն ու որակ է ձեռք բերել, ընդ որում, մեծ դերակատարում այդ հարցում ունի Ռուսաստանի հարավային օկրուգը, որտեղ, հյուպատոսի ներկայացմամբ, մոտ 2 մլն հայ է ապրում: Գոմցյանի խոսքերով, նույն Ռոստովի տնտեսագիտական համալսարանում 5 հազար հայ ուսանող է սովորում:

Գիտագործնական համաժողովի առաջին զեկուցումը վերաբերում էր Ռուսաստանի եւ Հայաստանի բուհերի փոխգործունեության առանձնահատկություններին բարձրագույն կրթության միասնական եվրոպական տարածքի ձեւավորման պայմաններում: Զեկույցը ներկայացնող Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կուզնեցովը թեմայից զատ խոսեց նաեւ Ռոստովի իր ղեկավարած բուհի մասին, նշելով, որ 1931 թվականին հիմնադրված հաստատությունը ունի 7 ֆակուլտետ, 42 ամբիոն, իսկ դրանից դուրս նաեւ 16 մասնաճյուղ Ռոստովի մարզում եւ Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերում, Մախաչկալայում, Դերբենդում, Նազրանում, Չերկեսկում:

Անցումային տնտեսությամբ երկրների սոցիալ-տնտեսական բարեփոխումների գնահատումը ներկայացրեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ս. Դավոյանը , որին կհաջորդեն աշխատանքները բաժանմունքներում` երկու հիմնական թեմատիկ ուղղություններով. տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները եւ սոցիալ-տնտեսական ինտեգրման խորացման ուղիները: Այս աշխատանքներին մասնակցելու համար Երեւան են ժամանել Ռոստովի համալսարանի մի խումբ առաջատար տնտեսագետ գիտնականներ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4