«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2008-11-13 | #211, 2008-11-14 | #212, 2008-11-15


ԱԲԽԱԶԻԱՆ ԱՐԴԵՆ ԴԵՍՊԱՆ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Իսկ ՌԴ-ն հավանաբար կունենա աբխազական ռազմածովային բազա

Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը երեկ հրամանագիր է ստորագրել Մոսկվայում դեսպանություն հիմնելու եւ Ռուսաստանում որպես Աբխազիայի դեսպան Իգոր Ախբային նշանակելու մասին: «ՌԻԱ նովոստիի» տեղեկացմամբ, Ախբան վերջին 16 տարիներին Ռուսաստանում Աբխազիայի լիազոր ներկայացուցիչն էր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, սեպտեմբերի 9-ին երկրները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր: Իսկ արդեն հոկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կատարեց Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսաստանցի դեսպանների նշանակումները: Ըստ այդմ, Հարավային Օսիայում Ռուսաստանը ներկայացնում է Էլբրուս Կարգիեւը, իսկ Աբխազիայում` Սեմյոն Գրիգորեւը:

Իսկ մինչ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումը, քննարկումներ են ընթանում Աբխազիայում Ռուսաստանի ռազմածովային բազա ստեղծելու առնչությամբ: Այդ մասին դեռեւս նոյեմբերի 13-ին հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան: Ըստ նրա, Աբխազիայում Ռուսաստանի սեւծովյան նավատորմի նավերի համար բազայի ստեղծման բանակցություններն արդեն ընթացքի մեջ են:

«Մենք դրական ենք վերաբերվում Աբխազիայում սեւծովյան նավատորմի համար բազա ստեղծելու ՌԴ առաջարկությանը: Մենք ինքներս էինք առաջարկում ստեղծել բազա ոչ միայն ցամաքային զորքերի, այլեւ ռազմածովայինների համար», նշել է Շամբան, ավելացնելով, որ աբխազական նավահանգստային Օչամչիր քաղաքից արեւելք դեպի Սուխում եղել է նման բազա: Դա, ըստ Շամբայի, շատ հարմար կետ է ռազմածովային ուժերի կայանի համար, ու եթե ռուսաստանյան կողմը նման ցանկություն դրսեւորի, Աբխազիան արդեն իսկ համաձայն է:

Ավելի վաղ նույն այդ բազայի ստեղծման քննարկման փուլում լինելու մասին հայտարարել էր նաեւ ռուսական կողմը:

Այս տարբերակը բավականին հարմար ու նշանակետային է Ռուսաստանի համար այն պարզ պատճառով, որ Ղրիմում տեղակայված սեւծովյան նավատորմը, Ուկրաինայի հետ պայմանագրի համաձայն, կմնա այնտեղ մինչեւ 2017 թվականը: Եվ եթե ավելացնենք, որ ուկրաինական ներկայիս իշխանությունները ոչ միայն դեմ են արտահայտվել այդ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելուն, այլեւ ավելի հաճախ բարձրացնում են նավատորմի տեղակայման վճարի ավելացման հարցը, հասկանալի է, որ աբխազական նավահանգիստն ուղղակի անհրաժեշտ լուծում է ռուսական նավատորմի համար, եթե Ռուսաստանը ցանկանում է այն պահել որպես սեւծովյան:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4