«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2008-11-15 | #213, 2008-11-18 | #214, 2008-11-19


Ի՞ՆՉ ԳԻՏԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ֆրանչայզինգը բիզնես ծավալելու արդյունավետ եղանակ է եւ ապրանքների ու ծառայությունների իրացման նորարարական մեթոդ: Գոյություն ունեն ֆրանչայզինգի 4 ձեւեր` ապրանքի, արտադրության, բիզնեսի եւ բիզնես ձեւաչափի: Վերջինն առավել մեծ տարածում ունեցող ձեւերից է, որի ժամանակ սեփականատերը զգալի օգնություն է տրամադրում բիզնեսի մեկնարկի եւ կառավարման համար: Ֆրանչայզինգի առավելություններից են արագ մեկնարկը, բիզնեսի ընդլայնումն ու ուսուցումը, իսկ թերություններից հատկապես հիշատակվում են հսկողությունն ու ծախսերը:

Հայաստանում շատ քիչ ձեռնարկություններ, բիզնես նախագծեր կան, որոնք առաջնորդվում են ֆրանչայզինգի կանոններով:

Գաղափարը հայ գործարարներին ներկայացնելու նպատակով երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Ֆրանչայզինգը Հայաստանում» խորագրով համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը , Հայաստանում ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Դավիթ Աթանեսյանն ու ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը :

«Շատ կարեւոր է, որ ֆրանչայզինգի գաղափարախոսությունը մտնի մեր հասարակություն: Եթե ներսում գիտելիքներ չկան, ապա պետք է ներկրել արտասահմանից: Ֆրանչայզինգն այդ առումով առաջին լուրջ ու կարեւոր քայլն է: Ոչ պակաս կարեւոր է ոչ միայն գաղափարախոսությունը, այլեւ հաջողված բիզնեսը ամբողջ երկրում տարածելը: Եթե մասնավոր հատվածից լինեն լուրջ նախաձեռնություններ, կառավարությունը պատրաստ է համագործակցել: Կարծում եմ, որ մեկ տարի հետո կկարողանանք այդ բացը լրացնել», ասաց Ներսես Երիցյանը` հավելելով, որ ծրագիրը ֆինանսական ճգնաժամին հակազդելու լավագույն ձեւերից է, եւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար կբացի աշխատատեղեր:

Անդրադառնալով կառավարության աջակցությանը` էկոնոմիկայի նախարարը մասնավորեցրեց հատկապես հայտնի բրենդներին երկիրը ներկայացնելու եւ հայ գործարարների հետ ուսուցման ծրագրերի հետ կապված համագործակցությունը:

«Ֆրանչայզինգի դրույթներով հիմնականում շարժ նկատում ենք հագուստի ներկրման եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտներում: Սննդի ոլորտում բավական լուրջ աշխատանք ունենք անելու, որպեսզի կարողանանք նոր բրենդներ ներկայացնել», «Ազգ» -ի հետ զրույցում ասաց Դավիթ Աթանեսյանը` մատնանշելով, որ օրենսդրությամբ ներկայացված է բրենդի պաշտպանվածություն, սակայն կիրառելիության բազմաթիվ խնդիրներ կան:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4