«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


«ՕՐՀՆԵՐԳԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԶԻՆԱՆՇԱՆԸ` ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ»

Շուտով Ազգային ժողովը կքննարկի «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը: Մինչ այդ զինանշանի եւ օրհներգի փոփոխման կապակցությամբ երեկ Ժուռնալիստի տանը բավականին լուրջ մտահոգություն հայտնեց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը :

«Զինանշանը սիմվոլիկ նշանակություն ունի: Այն պետք է արտացոլի ազգի այսօրվա էությունը: Զինանշանի եւ օրհներգի մեջ պետք է փայլեն ազգի ոգին, կարողություններն ու մշակույթը: Դարեր շարունակ երազում էինք անկախ պետականություն, սակայն այսօր չենք պահում: Այդ զինանշանն իր արվեստով արժեք չի ներկայացնում: Զինանշանի վրա վեց-յոթ կենդանի կա պատկերված: Դա ազգի՞, թե ... կենդանաբանական այգու զինանշան է: Իսկական խեղկատակություն: Օրհներգն էլ սարսափելի է, երաժշտությունը գեղեցիկ է, բայց` տխուր», ասաց Առաքելյանը` հավելելով, որ այսօր տգիտությունը հաղթում է, մշակույթը` զիջում: Անդրադառնալով վերջերս ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե «պարտադիր չէ, որ օրհներգի գեղարվեստական արժեքը բարձր լինի», քանդակագործը նկատեց. «Չի՛ կարելի կուսակցական ամբիցիայով մոտենալ ազգին առնչվող հարցերին: Չի՛ կարելի կուսակցական շահերով նայել ամեն ինչին: Մեզանից յուրաքանչյուրի առջեւ նախ պետք է դրված լինի ազգայինի շահը: Ամբողջ աշխարհը փառաբանում է Արամ Խաչատրյանի արվեստը, իսկ մենք այսօր չենք ընդունում նրա գրած երաժշտությունը: Եթե չեք ընդունում նրա գրած երաժշտությունը, ապա ինչո՞ւ եք բեմադրում նրա օպերաները»:

Քանդակագործն առաջարկում է ընդունել Խաչատրյանի երաժշտությունը, իսկ օրհներգի խոսքերի համար հայտարարել նոր մրցույթ: Եթե լինեն ավելի լավ գործեր, Առաքելյանը պատրաստ է ընդունել, սակայն եթե չկա, լավագույն տարբերակը խորհրդային օրհներգի ընդունումն է:

Առաքելյանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են մի շարք ատյանների, սակայն ապարդյուն: Սակայն քանդակագործը պատրաստ է գնալ ԱԺ ու այնտեղ էլ բարձրաձայնել խնդիրը: «Կպայքարենք մինչեւ վերջ, որպեսզի այս խայտառակության վերջը դրվի», եզրափակեց Ֆերդինանդ Առաքելյանը:

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4