«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


«ՈՉ ՄԻ ԶՈՒԳԱՀԵՌ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԿՈՍՈՎՈՅԻ ՄԻՋԵՎ», ԱՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Գերմանիայում հրատարակվող «Նոյես Դոյչլանդ» սոցիալիստական թերթի նոյեմբերի 17-ի համարը հարցազրույց է հրապարակել 1997-ից Ադրբեջանի փոխարտգործնախարար 49-ամյա իրավաբան Շալաֆ Շալաֆովի հետ:

«Ոչ մի զուգահեռ Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ» վերնագրված հարցազրույցում, ինչը ներկայացնում ենք որոշ կրճատումներով, ադրբեջանցի դիվանագետը նախ անդրադառնում է վրաց-հարավօսական հակամարտությանըՙ ցույց տալով, թե ողջ տարածաշրջանի կայունության եւ զարգացման առումով «սառեցված հակամարտությունները» ինչպիսի վտանգներով են լի: Թերթի խմբագիր Դեթլեւ Դ. Փրիիսի այն նկատառմանը, թե «մոսկովյան բանակցություններում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պայմանավորվել են հակամարտության լուծման խաղաղ ուղի ընտրել, բայց երկու կողմերի հիմնական դիրքորոշումները, թվում է, անփոփոխ ու անհամատեղելի են», ադրբեջանցի դիվանագետը պատասխանում է.

- Մենք բարձր ենք գնահատում մոսկովյան հանդիպման արդյունքները: Դրանք լավ հիմք են հակամարտության խաղաղ լուծման ինտենսիվ բանակցությունների շարունակականության համար: Ամենից կարեւորըՙ բանակցությունները շարունակելու համաձայնագիրն է: Դրա հետ մեկտեղ, հուսանք, որ տեսակետների մերձեցում կլինի:

- Ղարաբաղցի հայերը մինչեւ հիմա բանակցություններին չեն մասնակցել: Առանց նրանց խոսքի, կարծում եք, ընդհանրապես հնարավո՞ր է լուծում գտնել:

- Մեր դիտարկմամբՙ հակամարտող կողմը Հայաստանն է: Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի յոթ շրջանները գրավել են Հայաստանի զինված ուժերը: Հետեւաբար հակամարտող կողմերը միայն Հայաստանն ու Ադրբեջանն են: Հայաստանը խրախուսեց Ղարաբաղի հայերի անջատողական հակումները, բայց նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ Ադրբեջանն է երաշխավորում ազգային փոքրամասնության նրանց իրավունքները:

- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին համարո՞ւմ եք Ադրբեջանի քաղաքացի: Նա Լեռնային Ղարաբաղից է սերում:

- Նա Ադրբեջանում է ծնվել եւ մեծացել, Ադրբեջանի քաղաքացի է եղել: Մնացյալը հայկական օրենսդրության հարց է:

- Ղարաբաղի հայերը մինչեւ հիմա իրենց անկախությունն են պնդում: Մինչեւ ո՞ր աստիճան կարող է եւ ուզում է Ադրբեջանը նրանց ցանկությանն ընդառաջել:

- Միջազգային իրավունքի շրջանակներում միայն մի լուծում կարող է լինել. այն, ինչը երաշխավորում է պետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Այսպիսի լուծման միջոցով փոքրամասնության իրավունքները եւ դրանց անվտանգությունը ամուր հիմք են ստանում: Ինքնորոշման իրավունքի ապահովման համար աշխարհում ինքնավարության տարբեր ձեւեր կան: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հայերին ինքնավարության բարձրագույն աստիճանը տալ: Իսկ սեփական պետություն հայերն արդեն ունենՙ Հայաստանը:

- Հայաստանն այժմ աշխարհագրորեն բավականին մեկուսացված է, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները փակ են: Պատրա՞ստ եք այդ մեկուսացմանը վերջ տալ:

- Մենք չենք Հայաստանը մեկուսացրել: Հայաստանն իր հարեւանության քաղաքականության միջոցով է ինքն իրեն մեկուսացրել: Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը զավթել է: 1 միլիոնից ավելի մարդ իրենց հայրենական վայրերից բռնի տեղահանվել են: Մեկուսացումից փրկվելու համար Երեւանը պիտի փոխի իր քաղաքականությունը: Մեր տարածաշրջանը տնտեսական մեծ ներուժ ունի, որից բոլոր պետությունները, նաեւ Հայաստանը կարող են շահ ստանալ: Նախապայմանը հակամարտության այն լուծումն է, որ բարօրություն կբերի շրջանի բոլոր պետություններին, բայց նաեւ նրանց, որոնք հետաքրքրություններ ու ազդեցություն ունեն տարածաշրջանում: Այժմյան «սառեցված հակամարտություն» կարգավիճակը ոչ մեկի հետաքրքրությանը չի համապատասխանում: Վստահություն ձեւավորող միջոցառումների եւ պետությունների միջեւ համագործակցության խորացման շնորհիվ խաղաղությունն ու կայունությունը կապահովվեն:

- Վստահություն ձեւավորող ինչպիսի՞ միջոցառումներ նկատի ունեք:

- Առաջին հերթինՙ պետությունները պիտի հրաժարվեն փոխադարձ բռնությունից եւ տարածքային պահանջներից: Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատում, փախստականներիՙ հայրենի վայրեր վերադարձը, երթեւեկության եւ հաղորդակցության ուղիների վերականգնումը կարող են վստահության աճին նպաստել: Վերջապես դարերով միասին ենք ապրել: Հակամարտության սկզբում 250 000 ադրբեջանցի էր ապրում Հայաստանում: Բոլորն արտաքսվեցին: Մենք չենք ուզում, որ ազգերը երկաթե վարագույրի միջոցով միմյանցից բաժանվեն: Մեզ համար ԵՄ-ն է օրինակ. ինչպես են ֆորմալ սահմանները թափանցելի դառնում: Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի կողքին ԵՄ-ն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարող է նպաստել հակամարտության լուծմանը:

- Բայց հենց ԵՄ-ն Կոսովոյի անկախության ճանաչումով նախադեպ ստեղծեց, որը Ադրբեջանի ոգուց չի կարող բխել:

- Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ որեւէ զուգահեռ չի կարելի կառուցել, մանավանդ, երբ լուծմանն է վերաբերում: Խոսքը տարբեր տարածաշրջանների մասին է: Կարծում եմ, Կոսովոյի դեպքում ԵՄ-ն իր հետաքրքրությունների համաձայն վարվեց: Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքին համապատասխան եւ ուշադրություն դարձնելով աշխարհաքաղաքական տարբերություններին, նա Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում կսատարի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներից բխող լուծմանը: Կոսովոյի նման տարբերակը ոչ մի դեպքում կայունության, համագործակցության եւ տարածաշրջանի զարգացման չի ծառայի:

- Կարո՞ղ եք կանխագուշակել, թե ժամանակային առումով լուծումը երբ հնարավոր կլինի:

- Դժվար է կանխորոշել: Ամեն ինչ կախված է բանակցողների կամքից եւ միջազգային հանրության ջանքերից: Երբ նրանց մեծ ներուժն օգտագործվի, արագ լուծման կհասնենք:


Հարցազրույցի վերջում թերթը հրապարակել է նաեւ ղարաբաղյան հակամարտության 20 տարվա ամփոփ տեղեկագիրը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4