«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2008-11-22 | #218, 2008-11-25 | #219, 2008-11-26


6.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՀԱՏԿԱՑՎԻ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ առողջապահության նախարարությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ) ու Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (ՀԳՄԾ) երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկեցին պետական անվճար ծննդօգնության ծառայությունների եւ ծննդօգնության պետական հավաստագրի նոր համակարգի ներդրման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության եւ օժանդակության խնդիրը: Առողջապահության փոխնախարարՀայկ Դարբինյանիխոսքերովՙ ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման գործընթացը հաջող է ընթանում: Ստեղծվել է թեժ գիծ, որտեղ քաղաքացիների հարցերին կպատասխանեն հենց առողջապահության նախարարության աշխատակիցները: Փոխնախարարի հավաստմամբՙ հուլիսին թեժ գծով առողջապահության նախարարությունը ստացել է 138 զանգ: Բողոքների հիմնական մասը (ավելի քան 45 տոկոս) կապված է եղել ծննդօգնության հետ: Հոկտեմբեր ամսին բողոքների թիվը զգալիորեն կրճատվել է` հասնելով 5 տոկոսի, իսկ նոյեմբերին նախարարությունն ընդհանրապես բողոքներ չի ստացել: «Եղել են զանգեր, սակայն դրանք կրել են տեղեկատվական բնույթ», փաստեց Հայկ Դարբինյանը:

Առողջապահության փոխնախարարի վկայությամբՙ 2008-ի համար պետբյուջեն նախատեսել էր տրամադրել 2.8 մլրդ դրամ ծննդօգնության խնդիրները հոգալու համար: Սակայն ծննդօգնության պետական հավաստագրի ընդունումից հետո նշված գումարին ավելացել է մոտ 1 մլրդ դրամ: 2009-ին էլ պետբյուջեն նախատեսել է տրամադրել 6.6 մլրդ դրամ: «Բարձրացել է ծնելիության ցուցանիշները: Եթե նախորդ տարի գրանցվել էր 35.000 ծնունդ, ապա այս անգամՙ դեռ տարին չավարտված, գրանցվել է 40.000 ծնունդ: Այսօր բժիշկների միջին աշխատավարձը կազմում է 300.000 դրամ: Ավելացել է նաեւ մանկաբարձների եւ մայրապետների աշխատավարձերը», ասաց Հայկ Դարբինյանը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետԿարինե Սարիբեկյաննէլ նշեց, որ նախարարի 2008-ի հունիսի 28-ի որոշմամբ ստեղծված մոնիտորինգի հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպություններ եւ ծննդօգնության ծառայություններ իրականացնող հաստատությունների ներկայացուցիչներ: «Մոնիտորինգի իրականացման նպատակը ոչ միայն ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի արդյունավետ ներդրում ապահովելն է, այլեւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը: Մոնիտորինգն ունի երեք բաղադրիչ: Առաջինը վիճակագրական տվյալների հավաքագրումն ու վերլուծությունն է, որը ներառում է երեք ցուցանիշ` ծնունդների, կեսարյան հատումների թիվն ու ծնունդների բաշխվածությունն ըստ ծննդատների: Ցուցանիշները հավաքում ենք ամենօրյա ռեժիմով եւ ամեն շաբաթ դրանց հիման վրա իրականացվում են վերլուծություններ: Կեսարյան հատումների միջին հանրապետական ցուցանիշը 15 տոկոս է եւ ծրագրի ներդրումից հետո էլ ցուցանիշը չի փոխվել: Գրեթե տարբերություն չկա մարզերից եկող ծնունդների հոսքի վերաբերյալ», ասաց Կարինե Սարիբեկյանը:

Մոնիտորինգի երկրորդ բաղադրիչը բնակչության բավարարվածության գնահատումն է, որի համար ստեղծվել են հանձնաժողովներ: Առաջարկվել է հանձնաժողովների կազմում ներգրավել նաեւ հասարակական կազմակերպությունների: Մոնիտորինգի երրորդ բաղադրիչի համաձայն, նախարարության աշխատակիցներն այցելելու են Երեւանի 10 ծննդատներ` հանդիպելու ծննդատների աշխատակազմի ու հղիների հետ, անդրադառնալու նոր ներդրված համակարգին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4