«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2008-11-22 | #218, 2008-11-25 | #219, 2008-11-26


ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ

Պատմության հեռուներից է մեզ արդեն երեւում 1885 թվականի նոյեմբեր, երբ արեւմտահայության հասարակական-քաղաքական կյանքի կենտրոն Վան քաղաքի հնձաններից մեկումՙ Խսրի տան մեջ կազմակերպչորեն սկիզբ առավ ու ձեւավորվեց Արմենական կուսակցությունը:

Վանի «Կեդրոնական» վարժարանը ավարտած առաջադեմ ու ազատամիտ երիտասարդները, որոնք գաղափարապես սնվել ու դաստիարակվել էին Խրիմյան Հայրիկի եւ Մկրտիչ Փորթուգալյանի հեղափոխական շնչի ներքո, իրենց նոր հավաքավայր-ակումբումՙ Խսրի տան մեջ հիմքը դրեցին անդրանիկ հայ քաղաքական կուսակցության:

Օսմանյան կայսրության մեջ տիրող հետապնդումների ու ճնշումների պարագայում անհնար էր գտնել քաղաքական հանդիպումների ու բանակցությունների այլ վայր, քան եղավ Մկրտիչ եւ Գրիգոր Ավետիսյան (Թերլեմեզյան) եղբայրների հայրենական այգու հնձանը, որի միակ «կահաւորումն էր չոր գետնի վրայ փռուած մի հնամաշ խսիր, որի անունով Խսրի տուն կոչուեցաւ այդ հաւաքավայր-ակումբը»:

Խսրի տան հավաքավայրին անդամակցում էին «Կեդրոնականի» 9 շրջանավարտներՙ Մկրտիչ Ավետիսյանը, Ռ. Շատվորյանը, Գր. Օտյանը, Ղ. Խանջյանը (Աղասի Խանջյանի հայրը), Գար. Բաղեշեցյանը, Եղ. Քոնտակճյանը, Մ. Պարութճյանը, Գր. Աճեմյանը (Գ. Մահարու հայրը), Գր. Պեոզիկյանը:

Խսրի տունը քաղաքական եւ ընկերական մի ակումբ էր: Հենց այս քաղաքական անշուք ակումբում որոշվեց վերաբացել ու վերակազմել ազգային պաշտոնական մարմինները, «վտարելով ազգային առաջնորդարանից մի կարգ վաշխառու եւ շահամոլ ճռղաղաներին» եւ նրանց փոխարեն ազատ ու անկաշկանդ քվեարկությամբ ընտրել պարտաճանաչ եւ իրենց դերին գիտակից անդամների:

Խսրի տան մեջ կայացած խորհրդակցություններում որոշվեց վերաբացել Փորթուգալյանի ձեռնարկած կիրակնօրյա վարժարաններըՙ վերջ տալու Վանի պատանիների եւ երիտասարդների թաղային ներքին անմիտ կռիվներին, գիտակից դարձնել նրանցՙ «... իրենց դերի մեծութեանը եւ միացրած լինելու զանոնք գաղափարական սերտ կապով»:

Խսրի տանը կայացած ժողովներում քննության է առնվում Պարսկաստանի վրայով արտասահմանի հետ կայուն հարաբերություններ հաստատելու հիմնահարցը, ստանալու համար արգելված ազգային-հեղափոխական թերթերՙ ինչպիսիք էին «Մշակն» ու «Արձագանքը», եւ ազատաշունչ գրականություն:

Ակումբի յուրաքանչյուր անդամ հանձն էր առել մի որեւէ պարտականություն: Որոշ ընկերներ ընդօրինակում էին գրքերիցՙ «... ատոնք, որոնցից մի-մի օրինակ միայն գտնւում էր Վանում, որպիսին էր Մ. Նալբանդեանի «Երկրագործութիւնը»: Վան-Վասպուրականում հասարակական-քաղաքական հասունացած մթնոլորտի հրամայականն էր հայ անդրանիկ քաղաքական կուսակցության կազմավորումը:

Արմենական կուսակցության հիմնադիրները ժամանակի առաջադեմ անհատներն էին, որոնք քաջ պատկերացնում էին իրենց ժողովրդի առջեւ ծառացած մեծ ու փոքր հարցերն ու հարցականները:

Արմենականների հիմնադիրները ժամանակի համեմատ ունեին բավական բարձր կրթական ու գաղափարական պատրաստվածություն, ազգային ու համամարդկային առողջ ու արդարադատ ըմբռնումների տեր այրեր էին, քանզի, ինչպես խորունկ ու ճշմարտացի ասված է, որ մարդկությունն ու ազգը «առաւելագոյն ազատութեան եւ արդարութեան առաջնորդելու հոգեկան տառապանք ունեցողները միայն կրնան կուսակցութիւն մը հիմնել»:

«Արմենիա» թերթի հրատարակությունը նույնպես էական չափով նպաստեց Արմենական կուսակցության ձեւավորմանը, քանի որ նրա միջոցով արտահայտված ազգային ազատասիրական գաղափարները ներշնչեցին փորթուգալյանականներին եւ խրիմյանականներինՙ «...որոշ գոյն մը, ձեւ մը, ուղղութիւն եւ մարմին մը տալով իրենց գաղափարական միութեան, սկիզբը դարձնել զայն նաեւ հայ անդրանիկ յեղափոխական կուսակցութեան»:

Արմենականների համար որպես գաղափարական ուղեցույց ծառայում էր Փորթուգալյանի կողմից հրատարակվող «Արմենիա» եռօրյա պարբերականը:

Սակայն ճմարտությունը այն է, որ Մ. Փորթուգալյանը, որը նաեւ «Արմենիա» թերթին համընթաց ձեռնարկել էր «Հայոց հայրենասիրական միության» մասնաճյուղերը ամրապնդելու եւ հզորացնելու գործը, ուղղակի կազմողն ու հիմնադիրը չեղավ Արմենական կուսակցության: Մինչդեռ պատմագրական եւ հուշագրական գրականության մեջ Արմենական կուսակցության կազմավորումը շփոթմամբ կապվում է «Հայոց հայրենասիրական միության» գործունեության հետ, մինչեւ իսկ այս երկու կազմակերպությունները նույնացվում են, որն, իհարկե, անճշտություն է:

Արմենականները հաշվի առնելով ստեղծված ծանր, բարդ ու դժվարին պայմանները, առաջին իսկ օրերից առաջնորդվելով խստագույն գաղտնապահության սկզբունքներով, նախ եւ առաջ զարկ տվեցին կրթական շարժմանը, տրվելով ազգային-հայրենասիրական գաղափարների քարոզչությանը, ապա ուշադրությունը կենտրոնացրին զինակուտակման եւ զինատար աշխատանքների վրա: Ի տարբերություն մյուս կուսակցությունների, արմենականները բացառում էին Հայկական հարցի լուծումը կապել եվրոպական դիվանագիտության հետ եւ հույսը գլխավորաբար դնում էին ազգի ազատագրական գաղափարներով թրծված ներքին ուժերի գոյացման վրա: Արմենականները հենց սկզբից ցուցաբերեցին անհանդուրժողական ոգի համիդյան բռնությունների եւ ճնշման քաղաքականության հանդեպ:

Դեմ լինելով մասնակի շարժումներին ու ցուցամոլությանը, նրանք, այնուամենայնիվ, որոշ հանգամանքներում ստիպված էին դիմել զինական գործողությունների:

Արմենականները որպես առանձին կուսակցություն գործեցին մինչեւ 1908 թվականը, երբ հայ ազատագրական այլ հոսանքների միավորումով սկզբնավորվեց Հայ սահմանադիր ռամկավար կուսակցության կազմությունը: Շուրջ 123 տարի է անցել այն հեռավոր աշունից, երբ Վանի հնձաններից մեկումՙ «Խսրի տան» մեջ կազմակերպչորեն սկիզբ առավ ու ձեւավորվեց Արմենական կուսակցությունը: Այդ ժամանակներից մինչեւ այսօր շատ ու շատ բան է փոխվել Երկիր կոչվող մոլորակի վրա: Սակայն հայիՙ հայ մարդու եւ հայ ժողովրդի համար դեռեւս այժմեական են մնացել այն նպատակներն ու հարցականները, որոնց կենսագործման համար ասպարեզ եկավ Արմենական կուսակցությունը:

Հեռո՜ւ-հեռավոր 1885 թվականի աշնան մշուշից մեզ են հառնում այն նվիրական գործիչների կերպարները, որոնք հանդուգն խիզախության եւ խոհեմ իմաստնության միագումարով փորձեցին նոր շունչ եւ ընթացք հաղորդել հայ ժողովրդի պատմական ճակատագրին:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու


Նկար 1. Մկրտիչ Ավետիսյան (Թերլեմեզյան) Արմենական կազմակերպության հիմնադիրը, որ 1896 -ին ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը եւ ընկավ Բարթողիմեոս վանքի բարձունքների վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4