«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2008-11-27 | #221, 2008-11-28 | #222, 2008-11-29


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱԿԱՆ Է ԻՐ MONSTERKILLER-ՆԵՐԻՆ

Հայ շախմատիստների հաղթանակի արտացոլումը գերմանական մամուլի հայելում

«Գերիշխան հայերը» («Ֆրանկֆուրտեր ռունդշաու»), «Սաքսոնիայի պայծառ գլուխները Հայաստանից են» («Ֆայնենշըլ թայմս Դոյչլանդ»), «Երկրի նախագահը մեծարում է հայ հերոսներին» («Բադիշես թագբլաթ»), «Հայաստանըՙ ի հեճուկս բոլոր արգելքների» («Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ»): Սրանք գերմանական մամուլի առավել «շքեղ» վերնագրերն ենՙ Դրեզդենում նոյեմբերի 25-ին ավարտված շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հաղթանակի մասին:

Գերմանական ռադիոն ու հեռուստատեսությունը, նաեւ մամուլը, կարելի է ասել, անտարբեր մնացին իրենց երկրում կատարվող միջազգային խոշոր շախմատային մրցապայքարը լուսաբանելուց: Թուրինում Գերմանիայի հավաքականը 24-րդ տեղում էր եղել, Դրեզդենում բարելավել էր վիճակըՙ 13-րդ տեղում հայտնվելով, եւ ինչպես նշում են մեկնաբանները, դրական էլի մի բանՙ կոնգրեսկենտրոնում գրանցվել էր 15000 այցելու, իսկ 126 միլիոնը ինտերնետային ուղիղ կապով հետեւել էր 5511 շախմատային խաղի: Բայց դե գերմանացիները, որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, շախմատի նկատմամբ շատ փոքր հետաքրքրություն ունեն, ինչը չես ասի ֆուտբոլի մասին, որ հաճախ է հարմարավետ թիկն տալիս մամուլի առաջին էջերում: «Զյուդդոյչե ցայթունգի» մեկնաբանը հենց այդպիսիՙ գերմանացիների համար ընկալելի ձեւով է բացատրում նոյեմբերի 26-ին Հայաստանի հավաքականի պատվին կազմակերպված Երեւանի ընդունելությունը. «Հայաստանը նորից հաղթեց շախմատի օլիմպիադայում. տանը շախմատիստները վայելում են այն հեղինակությունը, ինչ ուրիշ վայրերում ֆուտբոլային աստղերն են ունենում»:

Ինչեւէ, անդրադառնանք գերմանական մամուլի վերոհիշյալ վերնագրերի տակ զետեղված հոդվածներին: Բոլոր լրատուների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահը վերջին խաղի համար հատուկ Դրեզդեն է եկել, իսկ «Զյուդդոյչե ցայթունգը» նկատում է նաեւ բեմին մոտ կանգնած, հղկված արտաքինով տղամարդկանցՙ դիվանագետների, նախագահի թիկնապահների, շքախմբի բազմամարդ ներկայությունը, ովքեր Հայաստանի հաղթանակից հետո ողջագուրվել են միմյանց ու շախմատիստների հետ:

Հայ գրոսմայստերներին իրենց երկրի նախագահի աջակցությունը հաջողություն բերեց, գրում է «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն»: Չինաստանի դեմ պայքարում Լեւոն Արոնյանի փոխարեն խաղատախտակի վրա առաջին քայլն արեց Սերժ Սարգսյանը, մնացածը կովկասցի շախմատիստներն առանց օգնության կատարեցին: Հայաստանը 19:3 միավորով պաշտպանեց իր տիտղոսը:

«Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» Սերժ Սարգսյանի «Այս հաղթանակը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար» արտահայտությանը կցել է սեփական բացատրությունը. «Սպորտային հաջողությունը քաղաքականացրեց ուրախությունից փայլատակող նախագահըՙ գրոսմայստերների ուսին խփելով: Բայց Արշակ Պետրոսյանի կվինտետը ոսկե մեդալը նվիրեց հունիսին մրցամարտի ժամանակ վախճանված 28-ամյա գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին»:

«Հսկայական արդյունք» է որակել գլխավոր մեկնաբան, գրոսմայստեր Քլաուս Բիշոֆֆը, որ կարծիք է հայտնել, թե Հայաստանը պարտական է իր Monsterkiller-ներինՙ Բեռլինում ապրող Արոնյանին (5,5:4,5 միավոր), Վլադիմիր Հակոբյանին (8:3), Գաբրիել Սարգսյանին (9:2) եւ Տիգրան Պետրոսյանին (7,5:3,5):

«Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» Չինաստանի դեմ մրցակցելիս իր թիմին ուղեկցելը Սերժ Սարգսյանի «պատվի գործն» է համարում: Թերթի մեկնաբանը կարծում է, թե Թուրինի հաղթանակից հետո նորից հաղթելը անսպասելի հաջողություն էր ու գրում էՙ Հայաստանը անվանական 9-րդ տեղում է, մայիսին հիմնական խաղացող Կարեն Ասրյանին կորցրեց, թիմի գլխավոր մարզիկ Լեւոն Արոնյանը մրսածություն ուներ:

7 տարի Արոնյանը Գերմանիայում է ապրում, բայց չի էլ մտածում թիմը փոխելու մասին, գրում է գերմանական լրատուն ու հիշեցնում 1963-ին աշխարհի չեմպիոն դարձած Տիգրան Պետրոսյանի, 1996-ին Երեւանում անցկացված շախմատի միջազգային մրցույթի մասին, որը «կովկասյան այս երկրում միգուցե մարզական ամենամեծ իրադարձությունն է եղել»: Հայաստանի հավաքականի շախմատիստները ամսական թոշակ են ստանում, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»ՙ նկատել տալով, որ Հայաստանը շախմատի դրեզդենյան օլիմպիադայում միայն մեկ թույլ օր է ունեցելՙ պարտվել է Իսրայելի դեմ մրցապայքարում:

«Զյուդդոյչե ցայթունգը» մեջբերում է Սերժ Սարգսյանի խոսքը. «Թիմի միասնականությունը կարելի դարձրեց այս հաջողությունը»: Այնուհետեւ գրում է «ուժեղագույն Արոնյանի» մասին: «Մեզանում իրականում տիրում էր մի արտակարգ թիմային ոգի, բայց շատ անգամ ինձ համար էլ մեր հաջողությունները հանելուկ են մնում», ասել է Արոնյանը: Գաղտնիքը կարող է նրա խարիզման լինել, ամեն դեպքում Արոնյանը, երեւում է, կարողանում է ներշնչել իր թիմակիցներին, գրում է թերթը: «Թիմում Լեւոնի նման մեկին ունենալը անհավատալի արժեքավոր է», ասել է Արտաշես Մինասյանը: Արոնյանը ոչ միայն իր հաղթանակներով է կարեւոր, այլեւՙ իբրեւ անհատ»: Իսկ Վլադիմիր Հակոբյանը հավելել է, թե նա իր հնարավորություններից մի քիչ ավելի ցածր արդյունք էր ցույց տալիսՙ մրսած լինելու պատճառով:

Գերմանիայի շախմատային միության համար ցանկալի համեմատություն կարող է լինել Հայաստանի պարագան, գրում է «Զյուդդոյչե ցայթունգը»: Պիտի միայն սպասել, թե Բոննում անցկացված աշխարհի առաջնությունն ու դրեզդենյան օլիմպիադան նշանակալի ազդեցություն կունենան շախմատի մշակույթի վրա: «Սա անշուշտ մեր մեծ հույսն է», ասել է Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ ֆոն Վայցեքերը:

Գերմանիան չունի այնպիսի հանճար, ինչպես Նորվեգիանՙ ի դեմս Մարկուս Կառլսենի ունի, բայց իր 100000 անդամներով եւ 3-6 միլիոն հավանական սիրողական խաղացողներով, կարելի է ասել, որ լավ ներուժ ունի: «Միգուցե անցած այս երկու իրադարձություններն առիթ դառնան մեծ տաղանդ հայտնաբերելու համար»:

Շախմատի 39-րդ օլիմպիադան կանցկացվի 2010-ին Սիբիրումՙ Խանտի Մանսիյսկում, 40-րդըՙ 2012-ին, Ստամբուլում: Հուսանք, որ Հայաստանի հավաքականն իր օլիմպիական հաղթանակները օրինաչափություն կդարձնի եւ միգուցե առիթ տա ֆուտբոլայինը փոխարինելու շախմատայինՙ ճկուն, հաղթանակող դիվանագիտությամբ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4