«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2008-11-28 | #222, 2008-11-29 | #223, 2008-12-02


ԵՐԵՎԱՆԻ ՇՈՒՐՋԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՆՏԱՌԱՊԱՇՏՊԱՆ ՇԵՐՏ

Հայտնեց բնապահպանության վարչության պետը

2008-ին Երեւանում կատարված կանաչապատման աշխատանքներին եւ 2009-ի ծրագրերին երեկ անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ 2008-ի ծրագրով նախատեսված կանաչապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ավարտվել է նաեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատան կառուցումը, ինչի շնորհիվ մայրաքաղաքում ծաղկային տարածքները կավելանան եւ կհամալրվի տեսականին: Ջերմատանը կաճեցվեն 20-25 տեսակի ծաղկասածիլներ:

Վարչության պետը կարեւորեց մայրաքաղաքը շրջապատող տարածքում անտառապաշտպան շերտի ստեղծումը, ինչը մայրաքաղաքը կպաշտպանի փոշուց: Նա տեղեկացրեց, որ այս տարի ավարտվել է «Էրեբունի» օդանավակայանին հարակից տարածքում 60 հա տարածքի վրա անտառ-պուրակի հիմնումը: Մինչ այժմ այդպիսի անտառապաշտպան շերտեր են ստեղծվել Նուբարաշենում, Գաջի գործարանի մոտ, Նորքում, նախատեսվում են նման շերտեր նաեւ Աջափնյակում, Քանաքեռ-Զեյթունում եւ Կորեայի ձորում: Նախապատվությունը տրվում է այն ծառերին, որոնք ավելի շատ փոշի են կլանում` կաղնի, սոսի եւ այլն:

2009-ին 120 հա-ով ավելի կանաչ տարածքներ կստեղծվեն դարձյալ մեծ մասամբ Նուբարաշենում (մոտ 100 հա), ինչը պայմանավորված է այդտեղ աղբավայրի առկայությամբ, հետագայում նաեւ գործարանի կառուցմամբ: Բացի այդ, 25 հա անտառ կտնկվի Աջափնյակում, 15 հաՙ Շենգավիթում: Ավետ Մարտիրոսյանը այս անգամ եւս նշեց, որ ծառատունկը կատարվում է նախապես ոռոգման ցանցն անցկացնելուց հետո: Այս առումով նա ավելացրեց, որ եկող տարի 15-20 կմ-ով կերկարացվի ոռոգման ցանցը:

Բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ 2008-ին հայտնաբերվել է 13 իրավախախտում, որոնց վերաբերյալ արձանագրություններն ուղարկվել են բնապահպանական տեսչություն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4