«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2008-11-28 | #222, 2008-11-29 | #223, 2008-12-02


«ՄԻ՛ ՇԻՋՈՒՍՑԷՔ ԶՀՈԳԻ...»

Ստորագրահավաքՙ հաջակցություն Առաջնորդ սրբազանի Եպիսկոպոսական հերթական պատարագը` Ձորաշեն գյուղում

Աշոցքի նախկին շրջանի ձորի գյուղերից ամենահեռավորն է Ձորաշենը: Այնտեղ տանող ուղին Գյումրի-Բավրա ավտոմայրուղուց Վարդաղբյուր գյուղի մոտ թեքվում է աջ ու որոշ ժամանակ հետո 2000 մետր բարձրությունից մի քիչ իջնելով` 22 կիլոմետր գնում, դեմ է առնում սարե փակուղուն: Թվում է` սարերի մեջ կորած այս մոռացված հողե խորդուբորդ ճանապարհով հավքն իր թեւով, օձն իր պորտով չէր ցանկանա անցնել: Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն անցած կիրակի այդ ճանապարհով եկել էր այս գյուղը` անձամբ պատարագ մատուցելու: Եկել էր` հօրինակ աշխարհիկ շատ իշխանավորների, որոնց գործնական ուշադրության կարիքն այնքան զգում են աշխարհից կտրված, մոռացված այս գյուղերը: Թեմակալ առաջնորդի այցերը մարզի հատկապես գյուղական համայնքներ պարբերական ու կանոնավոր բնույթ են կրում, իսկ դրանցից մոտ 80-90-ում նա արդեն հասցրել է նաեւ պատարագ մատուցել, շփվել ու ծանոթանալ համայնքներին, նրանց խնդիրներին: Եպիսկոպոսական նախորդ պատարագներից մեկը հոկտեմբեր ամսին մատուցվել էր դարձյալ այս ենթաշրջանում, Փոքր Սարիար գյուղում:

Ձորաշենում պատարագը մատուցվեց գյուղի դպրոցի դահլիճում, տարբեր տարիքի բնակիչների ու դպրոցահասակ երեխաների ներկայությամբ: Սրբազան հայրը ներկա հավատացյալներին դիմեց նաեւ բովանդակալից քարոզով, որի հիմնական գաղափարը «Հոգին մի հանգցրեք» աստվածաշնչյան պատգամն էր: Ըստ տրված մեկնաբանության` մարդը ի տարբերություն մյուս կենդանի էակների ոչ միայն մարմնավոր, այլ նաեւ հոգեւոր էակ է, ուստի մարմնավոր, նյութական պահանջմունքները հոգալուց զատ միշտ պետք է մտածի նաեւ հոգին զորացնելու մասին: Այսօրվա նյութապաշտության ժամանակներում հոգեզրկությունը չէ՞, որ անասելի ավերներ է գործում...

Հավարտ պատարագի ձորաշենցիներին բաժանվեց Շիրակի թեմի «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի հերթական համարը, իսկ թեմի երգի-պարի խմբի սաները հանդես եկան աշխույժ համերգային ծրագրով:

Զորակցում են թեմի առաջնորդին

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր պաշտոնավարման ինը տարիների ընթացքում շատ գործերի նախաձեռնող է եղել, որոնց պարբերաբար անդրադարձել է նաեւ«Ազգը»: Հարկ եղած դեպքում առաջնորդը նաեւ հասարակական այս կամ այն խնդրի մասին իր քաղաքացիական ու հովվական դիրքորոշումն է արտահայտել, ինչն էլ թերեւս պատճառ է դարձել վերջին շրջանում իր անձի շուրջը հրահրված մի արհեստական աղմուկի, ինչ-որ անձանց կողմից նրա դեմ ստորագրություններ հավաքելու փորձի մասին խոսակցությունների: Իրերի նման ընթացքից լրջորեն անհանգստացած ու վրդովված մոտ 80 գյումրեցիներ` գիտնականներ, ուսուցիչներ, մշակույթի եւ արվեստի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, ազատամարտիկներ եւ ուրիշներ ուրբաթ օրը հանդիպել, զրուցել են առաջնորդի հետ եւ դատապարտելով նրա անվան շուրջն անհարկի շահարկումները` իրենց զորակցությունն են հայտնել: Նույն անհանգստությամբ թելադրված` հաջորդ օրը ստեղծվել է թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խումբ, սկսվել է հավատացյալների ու քաղաքացիների ստորագրահավաք հաջակցություն առաջնորդի: Նախաձեռնող խումբը շաբաթ օրը նաեւ ուղերձ է հրապարակել, որում առաջնորդ սրբազանի ակտիվ գործունեության եւ ծառայությունների հակիրճ թվարկումից հետո նշվում է. «Վերջերս վարչաքաղաքական բիրտ ուժի միջամտությամբ փորձ է արվում կասեցնելու այս առողջ հոգեւոր հոսանքը, սրբազանի գործունեությունն ընդհուպ տանելով քաղաքական հորձանուտ եւ շահարկելով նրա քաղաքացիական դիրքորոշումը: Դրանով ստեղծվում է քաղաքական իշխանությունների կողմից հոգեւոր առաջնորդի գործունեության սահմանափակման նախադեպ: Այս իրողությունը հանգեցնում է հոգեւոր կյանքի խաթարման` տարածաշրջանում առաջացնելով ընդհանուր բողոքի ալիք»: «Մենք` Հայ եկեղեցու զավակներս,- ասվում է ուղերձում,- մեր վրդովմունքն ենք հայտնում այս անհանդուրժելի երեւույթի հանդեպ, միաժամանակ վճռականություն եւ հաստատակամություն` մինչեւ վերջ զորավիգ կանգնելու ժողովրդի իսկական սերն ու հարգանքը վայելող հոգեւոր առաջնորդի անձին ու գործին»:

Կիրակի օրը այս առթիվ նախաձեռնող խմբի եւ մարզի քաղաքացիների մի ներկայացուցչական պատվիրակության, վերջինիս խնդրանքով, ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4