«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2008-12-02 | #224, 2008-12-03 | #225, 2008-12-04


ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ

Այսօր ղարաբաղյան բանակցությունները կշարունակվեն Լավրովի, Քուշների եւ Բըրնսի մասնակցությամբ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Արմենիան ռիփորթերի» մեկնաբան, «Ազգի» համար, Հելսինկի

Երեկ Ֆինլանդիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը բանակցել են Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Հանդիպումից հետո ե՛ւ արտգործնախարարները, ե՛ւ համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան ու Բեռնար Ֆասիեն մամուլի համար որեւէ հայտարարություն չեն տարածել, խուսափել են պատասխանել լրագրողների հարցերին:

Այսօրՙ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ղարաբաղյան բանակցությունները կշարունակեն համանախագահող երկրների ավագ դիվանագետների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների եւ Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Վիլյամ Բըրնսի մասնակցությամբ: Թեեւ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն նման ձեւաչափով հանդիպման հավանականությունը, ինչպես եղավ 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը, շատ մեծ է: Թերեւս դրանով է պայմանավորված նաեւ, որ երեկ ե՛ւ համանախագահները, ե՛ւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները խուսափեցին շփվել լրագրողների հետ:

Փոխարենը երեկ մամուլի ասուլիս տվեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարարԱլեքսանդր Ստուբը: Նա ասաց, որ ԵԱՀԿ նախարարական այս` 16-րդ հանդիպման ընթացքում կքննարկվեն «երկու մեծ խնդիրներ», առաջինը վերաբերում է «կովկասյան հակամարտություններին` Հարավային Օսիա, Աբխազիա, Լեռնային Ղարաբաղ եւ Մերձդնեստր», իսկ երկրորդը` «եվրոպական անվտանգությանը»:

Ստուբն ասաց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում նախորդ մեկ տարվա ընթացքում համանախագահող երեք երկրները եւ Հայաստանն ու Ադրբեջանը «գերազանց աշխատանք» են կատարել:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է գործող նախագահը մի քանի օր առաջ իր տարածած ուղերձում խուսափել օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անունը, երբ անդրադարձել է հակամարտությանը, Ստուբը պատասխանեց. «Բանակցությունները պետք է տարվեն Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցության ձեւաչափով: Ես ուրախ եմ, որ գործընթացը առաջ է գնում, եւ ես կարծում եմ, որ սա լավագույն ձեւաչափն է, եւ ես աջակցում եմ Մինսկի գործընթացին»:

Նախօրեին «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում գործող նախագահը ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են արձանագրել կարգավորման գործընթացում, հույս հայտնելով, որ ղարաբաղյան հարցով «տարածաշրջանային հռչակագիր» կստորագրվի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում: Մեր հարցին ի պատասխան, թե խոսքը համանախագահների տարեկան հայտարարությա՞ն մասին է, որ սովորաբար արվում է ԵԱՀԿ նախարարական հանդիպումներից հետո, Ստուբը ասաց, որ, այո, խոսքը «այդ հայտարարության մասին է, որը, իմ կարծիքով, քայլ առաջ է» կարգավորման գործընթացում:

Դեկտեմբերի 4-5-ը Ֆինլանդիայի մայրաքաղաքում տեղի է ունենում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի տարեկան հանդիպումը, որի շրջանակներում 56 անդամներ ներկայացնող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ ակտիվ երկկողմ հանդիպումներ են անցկացնում:

Դեկտեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել եւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները քննարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գյորան Լենմարկերի հետ:

Նալբանդյանը կարեւորելով նոյեմբերի 2-ին Մոսկվայում նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած հռչակագիրը, ընդգծել է, որ Ադրբեջանից այդ փաստաթղթի վերաբերյալ հնչող խեղաթյուրված մեկնաբանություններն ու դրանում ամրագրված դրույթների անտեսմանն ուղղված փորձերը վնասում են բանակցային գործընթացի արդյունավետությանը եւ առաջընթացի արձանագրմանը:

Երեկ Հելսինկիում նախարար Նալբանդյանը հանդիպել եւ ԵԱՀԿ բարեփոխումների շուրջը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Երեւանը կարեւորում է ԵԱՀԿ-ի դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում: «Եվրոպական անվտանգության համակարգը կատարելագործման կարիք ունի, եւ կազմակերպության անդամ երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այն առավել գործուն եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ», ասել է Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության եւ արդյունավետության բարձրացման հարցեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4