«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2008-12-02 | #224, 2008-12-03 | #225, 2008-12-04


ԳԵՏԱՌԻ ՀՈՒՆՈՎ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՌՈՒՑՎԵՑ

2 տարուց էլ քիչ ժամանակում

Երեւանի խոշոր շինարարական նախագծերից մեկիՙ Հերացու, Կորյունի, Նալբանդյան, Չարենցի փողոցների հատման տրանսպորտային հանգույցի կամ, ինչպես ասում են, Գետառի հունով նոր տրանսպորտային ճանապարհը երեկ հանձնվեց շահագործման: Այդ կապակցությամբ տեղի ունեցած արարողությանը մասնակցեցին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, պաշտոնյաներ, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր երեւանցիներ:

Հանդես գալով բացման խոսքով, Երեւանի քաղաքապետԵրվանդ Զախարյանըհայտնեց, որ քաղաքի հարավարեւելյան եւ հյուսիսարեւմտյան հատվածները միմյանց կապող արագընթաց մայրուղու շինարարության մտահղացումը ծագել է դեռ 70-80-ական թվականներին, ուշագրավ համարելով, որ դրա իրականացումը «հնարավոր դարձավ անկախության տարիներինՙ մեր պետության տնտեսական կայուն վերելքի ժամանակաշրջանում»: «Այն, ինչ աներեւակայելի էր ընդամենը 5 տարի առաջ, այսօր արդեն ծրագրված եւ իրագործվող իրականություն է Երեւանում: Պետության կողմից հատկացվող միջոցներն անցյալին գերազանցում են տասնյակ անգամներով», ասաց Երվանդ Զախարյանը:

Ըստ Երեւանի քաղաքապետի, նոր ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007-ին եւ 2 տարուց էլ քիչ ժամանակահատվածում Երեւանը ստացավ մի կառույց, որը «կոչված է ամբողջովին փոխելու մայրաքաղաքի կենտրոնի դեմքը եւ էականորեն բարելավելու տրանսպորտային հաղորդակցության վիճակը»:

Երեկ շահագործման հանձնված նոր ճանապարհն ունի 2,6 կմ երկարություն: Այն հնարավորություն է տալիս «Այրարատ» կինոթատրոնի շրջակայքիՙ Տիգրան Մեծի եւ Արշակունյաց պողոտաների տրանսպորտային հոսքն ուղղորդելու Խանջյան փողոցին զուգահեռ Գետառի հունի վրայով դեպի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասի նորակառույց թունելը, միանալ վերջերս շահագործման հանձնված Սարալանջի ճանապարհին եւ առանց լուսացույցի, անընդհատ հոսքով արագորեն հասնել դեպի Կոմիտասի պողոտա եւ Դավիթաշենի կամուրջ: Այս ուղղությունը կոչված է էապես բեռնաթափելու Մաշտոցի, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների, Խանջյան, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Նալբանդյան, Կորյունի, Չարենցի փողոցների ծանրաբեռնվածությունը եւ առնվազն երեք անգամ կրճատելու ճանապարհն անցնելու ժամանակը:

Ինչպես նշեց Երեւանի քաղաքապետը, երկու տարվա ընթացքում քաղաքային ամենախիտ գործող միջավայրում կատարվել են աննախադեպ ծավալների եւ բարդության շինարարական աշխատանքներ, տեղափոխվել է Գետառի հունը, որն այժմ հոսում է ավելի քան 1 կմ երկարությամբ փակ ջրանցքով, ամբողջովին փոխվել են ստորգետնյա հնացած մալուխային ցանցերը եւ քայքայված մայրուղային խողովակաշարերը: «Կառուցվել են 5 նոր, ժամանակակից բազմամակարդակ տրանսպորտային ուղետարներ, հետիոտն 3 ստորգետնյա եւ 3 վերգետնյա կամրջային անցումներ, փոխարինվել են Գետառի բոլոր երեք հին կամուրջները: Աշխատանքներն իրագործվել են առավելագույն ինտենսիվությամբ, աննախադեպ կարճ ժամկետներում, երկհերթ եւ եռահերթ գրաֆիկով: Ողջ շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է 8,5 մլրդ դրամ, այդ թվում` միայն Գետառի ավտոմայրուղու հատվածի համարՙ 5,4 մլրդ դրամ», ընդգծեց Երվանդ Զախարյանը:

Ելույթ ունեցավ նաեւ նախագծի հեղինակ, ճարտարապետԱշոտ Ալեքսանյանը: Նա կարեւորելով այս ճանապարհի նշանակությունը, նշեց, որ վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում Երեւանը նման խոշոր նախագիծ չէր ունեցել: «Շնորհիվ այս ճանապարհի Երեւանը կունենա հյուսիս-հարավ անընդհատ երթեւեկություն», ասաց ճարտարապետը:

Այնուհետեւ Երվանդ Զախարյանն ու Աշոտ Ալեքսանյանը կտրեցին ժապավենը եւ հանդիսության մասնակիցները ոտքով անցան նորակառույց թունելի միջով:

Գետառի հունով կառուցված նոր ճանապարհը երեկ շահագործման հանձնված միակ կառույցը չէր: Այստեղից երկրի նախագահն ու Երեւանի քաղաքապետը ուղեւորվեցին դեպի «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող բռնադատվածների վերանորոգված հուշահամալիր, որը վերջին տարիներին կորցրել էր իր ճարտարապետական մտահղացմամբ նախատեսված բովանդակությունը եւ մատնվել անուշադրության, քայքայվելով եւ հասնելով ծայրահեղ վթարային դրության: Վերջին ամիսներին այստեղ կատարվել են շուրջ 320 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ: Ուժեղացվել են հիմնապատերը, կրող կառուցվածքները եւ ծածկը, երեսպատվել են մասնաշենքի ներսի եւ դրսի բազալտե քարերով հարթակները, տեղադրվել է արտաքին եւ ներքին լուսավորման համակարգ: Որպես նոր ճարտարապետական լուծում հուշարձանի վրա 24 սյուների վրա գմբեթ է կառուցվել, որն իր խորհրդանշական տեսքով նմանվել է զանգակատան:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4