«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2008-12-02 | #224, 2008-12-03 | #225, 2008-12-04


ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՐԾԱԹ ԼՈՒՅՍԸ ՊԱՏԿԵՐԱԳՐՔՈՒՄ

Աշոտ Մելքոնյանը 1960-ական թվականների մեր ազգային մշակույթի փառահեղ զարթոնքի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է: Ցավոք սրտի, մեր արվեստաբանությունը արժանի ուշադրություն չի դարձրել օժտված արվեստագետի ստեղծագործությանը: Կերպարվեստում նախընտրելով ռեալիստական-առարկայական մտածելակերպը եւ լինելով բազմաժանր արվեստագետ` Աշոտ Մելքոնյանը ստեղծել է գեղեցիկ մի նկարչություն, որն իր ինքնատիպ անհատականության դրոշմն է կրում: Նկարիչը ստեղծել է սքանչելի դիմանկարներ («Ժաննայի դիմանկարը», 1971, «Իզաբել», 1975, «Նորայի դիմանկարը», 1982 եւ այլն), հետաքրքրական կոմպոզիցիաներ, որոնց արտաքին պարզությունը գալիս է պատկերված ներքին գեղեցկությունից եւ որոնք այսօր արդարացիորեն ընկալվում են իբրեւ դասական աշխատանքներ («Ընտանիք», 1967, «Սպասում», 1975, «Գարուն», 1983): Աշոտ Մելքոնյանը հայկական բնանկարի վարպետներից մեկն է: Իր բնանկարներում բնությունն ու աշխարհը ցողված են արծաթ լույսով, երկինքը միշտ մաքուր է ու լվացված, ամեն ինչ արծաթափայլ է, վայելուչ, ազնվազարմ: «Նկարի մեջ օր արծաթ լույս չեղնի, ուրեմն` հեչ»: Տաղանդավոր նկարիչը նաեւ գեղեցիկ որմնանկարներ է ստեղծել: Հակոբ Հակոբյանի, Հենրիկ Սիրավյանի եւ Ռաֆայել Սարգսյանի հետ նկարել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի գմբեթարդի առաստաղը. այդ սրահում մի ժամանակ Կոմիտասի թանգարանն էր: 1997 թվականից նկարիչը բնակվում է Ամերիկայում, սակայն իր նկարչատունը մնում է այսօրվա Հայաստանից անբաժանելի եւ անտրոհելի:

Աշոտ Մելքոնյանի նկարչությունը նուրբ, քնարական բանաստեղծական ստեղծագործություն է, նման իր սիրած ֆլեյտա-սրնգափողի մաքուր ու արծաթաձայն երաժշտությանը: Այդ արվեստը վաղուց էր արժանի առանձին շքեղ ալբոմով ներկայացվելու, բայց չգիտեմ ինչու, ուշանում էր:

Եվ ահա, Հալեպում լույս է տեսել Աշոտ Մելքոնյանի նկարչությունը ներկայացնող մեծադիր պատկերագիրք: Մեր տաղանդավոր արվեստագետներից մեկը` Հրազդան Թոքմաջյանը, արդեն քանի տարի է բնակվում եւ ստեղծագործում է Հալեպում` նկարչական գործը համադրելով մշակութային գործունեությանը: Հրազդան Թոքմաջյանը ճանաչված նկարիչ եւ գործիչ է ոչ միայն Հալեպում ու Սիրիայում, այլեւ այդ երկրի սահմաններից դուրս էլ` Լիբանանում եւ այլուր: Նա Սիրիայի հայ մշակութային կյանքի անմիջական մասնակիցներից ու այդ կյանքը ստեղծողներից մեկն է: Ուշադրության է արժանի, որ Հրազդան Թոքմաջյանը նաեւ հրատարակչական հրաշալի գործունեություն է ծավալում: Նրա անմիջական եւ գործուն մասնակցությամբ է լույս տեսել «Պետրա Կոնտրաջյան» (700) պատկերագիրքը: Հայկական դպրոցների համար նա հրատարակել է հայ կերպարվեստի նշանավոր գործիչների կյանքն ու արվեստը ներկայացնող մի շարք մեծադիր բուկլետ-հավաքածուներ` «Հովհաննես Այվազովսկի», «Վարդգես Սուրենյանց», «Զաքար Զաքարյան», «Հարություն Կալենց», «Մինաս Ավետիսյան»:

Եվ ահա Հրազդան Թոքմաջյանի ջանքերի շնորհիվ հայ արվեստասերներին է ներկայացվում «Աշոտ Մելքոնյան» պատկերագիրքը, որի խմբագիրն է արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Պատկերագրքում Աշոտ Մելքոնյանի արվեստը բարձր են գնահատել հայրենի եւ օտարազգի արվեստաբաններ ու արվեստագետներ` գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, կյանքից հեռացած արվեստագիտության դոկտոր Մարիամ Այվազյանը, մոսկովյան հայտնի արվեստաբաններ Լ. Զլինգերն ու Դմիտրի Սարարյոնովը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

Պատկերագիրքը փակվում է Հրազդան Թոքմաջյանի գեղեցիկ հոդվածով, որ ներկայացնում է նկարչի անցած ուղին եւ գեղեցիկ արվեստը...

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նկար 1. Նորայի դիմանկարը, 1982


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4