«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2008-12-10 | #230, 2008-12-11 | #231, 2008-12-12


ՊԱՐԶՎՈՒՄ Էՙ ՀԱՅՐ ԹԱՐԻԵԼՆԵՐ ԿԱՆ ՆԱԵՎ ՋԱՎԱԽՔԻ ՍԱՄՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին Ախալքալաք են այցելել ազգային փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական շրջանակային կոնվենցիայի փորձագիտական խմբի անդամները, հանդիպել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:«Ազգի»տեղեկություններով, փորձագիտական խմբի առջեւ բարձրացրել են հայոց լեզվին կարգավիճակ տալու, դպրոցների, կրթության, բարձրագույն կրթության հարցեր: Մասնավորապես բարձրագույն կրթության առումով խնդրահարույց է, որ ջավախքցի երիտասարդները մեկնում են Հայաստանՙ հետագայում չվերադառնալով հայրենիք: Այսպես արհեստականորեն Ջավախքում խթանվում է արտագաղթը:

Փորձագիտական խմբին ներկայացվել է նաեւ, որ վրացի հոգեւորականները միայն Թբիլիսիում չէ, որ հայկական եկեղեցի զավթելու գործով են զբաղված: Ջավախքի Սամսար գյուղի հայկական եկեղեցի են փորձել ներխուժել վրացի հոգեւորականները: Եվրոպացի փորձագետներին տեղեկացրել են նաեւ Ջավախքի տնտեսական խնդիրների, գործազրկության մասին: Հետաքրքրական է, որ փորձագետներն Ախալքալաքում հանդիպել են նաեւ«Ազգի»ընթերցողներին հայտնի, ներկայումս կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանի հոր հետ, ծանոթացել Չախալյանի գործի մանրամասներին:

Փորձագիտական այս խմբի առաքելությամբ կպատրաստվի զեկույց, թե որքանով է Վրաստանը կատարում իր իսկ ստորագրած ազգային փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական շրջանակային կոնվենցիայի պահանջները: Զեկույցը ներկայացվում է Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովին, որն էլ զեկույցի հիման վրա Վրաստանի իշխանություններին հանձնարարականներ է պատրաստում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4