«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԷԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆ

Մոտավորապես մեկ ամիս առաջ «Միացում» նախաձեռնությունը արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) շենքի մոտ կազմակերպել էր բողոքի ակցիա` պահանջելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից ընդունել ու լսել իրենց դիտողությունները: Նախարարը չընդունեց, բայց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության եւ «Միացում» նախաձեռնության անդամ Զարուհի Փոստանջյանը ոստիկանների միջոցով նամակ փոխանցեց Էդվարդ Նալբանդյանին առաջարկությամբՙ հանդիպել եւ զրուցել մոսկովյան հռչակագրի եւ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Սակայն Նալբանդյանն այդպես էլ չընդունեց ընդդիմության ներկայացուցիչների առաջարկը, իսկ քարտուղարուհին, ում հետ զրուցել էր Փոստանջյանն, անընդհատ կրկնել էր, թե «նախարարը զբաղված է եւ հաճախակի մեկնում է գործուղումների: Այդ պատճառով էլ չի կարող ժամանակ հատկացնել ձեզ»:

Առաջարկությունը կրկին հնչեցնելու, նաեւ իրենց գոյության մասին հիշեցնելու նպատակով երեկ «Միացում» նախաձեռնությունը ԱԳՆ-ի շենքի մոտ կազմակերպել էր բողոքի ակցիա: Մոտավորապես 50-60 հոգի շենքի մոտ բղավում էին «Միացում», «Հող հանձնողը` դավաճան», «Կատարեք ԵԽԽՎ-ի բանաձեւերը, մի՛ պղծեք ժողովրդավարությունը» արտահայտությունները: Զարուհի Փոստանջյանի հիմնական նպատակն էր տեսնել մոսկովյան հռչակագիրը փաստաթղթի տեսքով: Ըստ պատգամավորի, պետք է ընդունել ԼՂՀ անկախությունը, ապա Ղարաբաղում օրենքի ուժով անցկացնել հանրաքվե: «Մեր քաղաքացիները ծառայում են Արցախում: ՀՀ դատախազությունը, դատարանները գործում են Արցախում, մենք դրան պետք է տանք օրենքի ուժ: Մեր արտաքին դիվանագիտությունը եւ իշխանությունները պետք է այդ հարցի վերաբերյալ բանակցություններ տանեն, այլ ոչ թե մտածեն, թե Արցախը Էշի պոչ է եւ գյուղով չեն գնում կտրելու», ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ինչպես եւ սպասվում էր, արտգործնախարարությունից որեւէ մեկը բանի տեղ չդրեց հավաքվածներին: Փոխարենը «միտինգավորներին» շենքի աստիճանների մոտ դիմավորեցին 8-10 ոստիկաններ, որոնք լուռ հետեւում էին գործողությունների ընթացքին: «Հայրենիքի տարածքից որեւէ մաս իրավունք չունենք օտարելու, այսօրվա Արցախը պետք է փաստացի միավորվի Հայաստանին: Պետք է վերջ դրվի ջայլամային քաղաքականությանը, որ կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», նկատեց Ժիրայր Սեֆիլյանը : Մոտավորապես 50 րոպե բողոքի ակցիա կատարելուց հետո «միտինգավորները», որոնց այս անգամ միացել էր նաեւ բանտից նոր ազատված Վարդան Մալխասյանը, ոստիկանների ուղեկցությամբ հրապարակից երթով շարժվեցին Հյուսիսային պողոտա, որտեղ բողոքի ակցիան ավարտվեց: Երթի ժամանակ, երբ բոլորը բղավում էին «Արցախ-Հայաստան միացում», ցուցարարներից մեկը` տարեց տիկին, հանկարծ բղավեցՙ «Սերժիկ հեռացիր», սակայն կազմակերպիչները նրան բացատրեցին, որ այսօրվա թեման վերաբերում է միայն Արցախին: Մյուսն էլ արդեն վախեցած հայացքով հարցրեց, թե կարելի՞ է գոռալ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Բայց նրան էլ առաջարկեցին գոռալ միան «Միացում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4