«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Գուգարաց թեմի տրամադրած մամլո հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 13-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հրավերով Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ պոլսահայ «Սայաթ-Նովա» երգչախմբի, «Քարդեշ Թուրքուլեր» համույթի եւ ՊԿՍԹ պարախմբի համատեղ համերգը: Երաժշտական միջոցառումը, որ կրում էր «Դռները բացե՛ք, գարուն է գալիս» խորագիրը, կյանքի կոչվեց Հայաստան-Թուրքիա «Երաժշտական կամուրջ» նախագծի շրջանակներում: Համերգի ընթացքում հնչեցին հայկական, քրդական, թուրքական, ասորական, վրացական ժողովրդական երգեր:

Դեկտեմբերի 14-ին Վանաձորի մտավորականների հետ հանդիպեց թուրք պատմաբան, լրագրող Օսման Քյոքերը` ներկայացնելով «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը: Ստեղծագործությունը լույս է տեսել 2005-ին Թուրքիայում եւ պարունակում է բացիկներ Օրլանդո Կալումենոյի հավաքածուից: Գրքում ներառված են հարյուրամյա պատմություն ունեցող օսմանյան ժամանակաշրջանի բացիկներ, որոնք արտացոլում են հայկական համայնքի խաղաղ կյանքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: Բացիկների միջոցով ներկայանում էին Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մարզերն ու քաղաքները, դպրոցներն ու կրթամշակութային օջախները: Թուրքիայում եւ եվրոպական մի շարք քաղաքներում Քյոքերը կազմակերպել է բացիկների ցուցադրություն:

Անդրադառնալով ապագա ծրագրերին, պատմաբանը նշեց, որ մտադիր է լույս ընծայել երկրորդ գիրքը, որտեղ կզետեղվեն մոտ 1000 բացիկներ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4