«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2008-12-19 | #237, 2008-12-20 | #238, 2008-12-23


«ՇՏԱՊԵՔ ԲԱՐԻ ԳՈՐԾ ԿԱՏԱՐԵԼ»

Կոչ Ռուսաստանի հայերի միությունից

Խարբերդի մասնագիտացված մանկատանն այսօր ապրում է 264 երեխա: Մանկատունը գտնվում է պետական վերահսկողության ներքո եւ, աշխատակիցների վկայությամբ երեխաները սննդի, հագուստի, ջեռուցման խնդիրներ չունեն: Խարբերդում հաճախ են կազմակերպվում մշակութային միջոցառումներ, հանդեսներ, որպեսզի երեխաները համոզվեն, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամներ են: Խարբերդի մանկատան երեխաներին չեն մոռանում նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության աշխատակիցները: Վերջին ժամանակահատվածում միությունը մանկատան երեխաների համար կազմակերպել է բազմապիսի թատերական ներկայացումներ, հանդեսներ, տրամադրել նվերներ:

«Ծրագրել ենք մի շարք միջոցառումներ նաեւ մյուս տարվա համար: Ծրագրի իրագործմանը կօժանդակեն նաեւ Ռուսաստանի մի շարք կազմակերպություններ: Նախատեսել ենք նաեւ հատուկ հաշվեհամար բացել, որպեսզի բարերարները ֆինանսական օգնություն ցուցաբերեն մանկատան երեխաներին», «Ազգ» -ի հետ զրույցում պատմում էր Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը :

Ամանորյա տոների կապակցությամբ միության երիտասարդական ասոցիացիան նախաձեռնել էր «Շտապեք բարի գործ կատարել» խորագրով բարեգործական ակցիա` նպատակ հետապնդելով գեղեցկացնել երեխաների առօրյան` տրամադրելով ձեռագործության, ասեղնագործության, գորգագործության համար անհրաժեշտ պարագաներ:

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ռուսաստանի հայերի միության Հայաստանի մասնաճյուղը Խարբերդի մանկատան սաների համար կազմակերպել էր երաժշտական միջոցառում: Մինչ համերգը, երեխաները նախ շրջեցին թանգարանում, ծանոթացան խաչատրյանական միջավայրին:

Միջոցառմանը Հայ ավետարանական եկեղեցու պատանի վիրտուոզների համույթն ու բազմակի միջազգային մրցույթների դափնեկիրներ, կոնսերվատորիայի ուսանողներ իրենց արվեստը նվիրեցին երեխաներին: Ծրագիրն ընդարձակ էր. Բախից մինչեւ Վիվալդի, Ռիմսկի-Կորսակով, Ռուբեն Հախվերդյան ու Պիացցոլա: Համերգին ներկայացան նաեւ Խարբերդի երեխաները` հանդիսատեսին պարգեւելով գեղեցիկ պարային բեմադրություն` ժողովրդական «Մոկաց հարսներ» ստեղծագործության երաժշտությամբ: Միջավայրն այնքան տրամադրող էր, որ 24-ամյա Քրիստինե Խաչունցը շարժասայլակով մոտեցավ դաշնամուրին ու նվագեց սիրելի ստեղծագործությունից փոքրիկ հատված` արժանանալով հանդիսականների ջերմ ծափահարություններին: «Այսօրինակ միջոցառումները աշխուժացնում են երեխաներին: Նման հանդիպումները բարձրացնում են նրանց գեղագիտական ճաշակը: Փաստը, որ ներկայացան հադիսատեսին, շատ կարեւոր է ինքնագնահատականի համար», ասում է Խարբերդի մասնագիտացված մանկատան մանկավարժական ստորաբաժանման ղեկավար Իրինա Յաղուբյանը :

«Խարբերդի մակատան երեխաները մշտական հոգածության կարիք ունեն: Թանգարանի դիտումն ու փոքրիկ համերգը դրական լիցքեր կհաղորդեն նրանց: Պետք է գիտակցեն, որ մեր հասարակության անդամ են: Մենք էլ ամեն ինչ անենք` ստեղծված անջրպետը վերացնելու համար», նկատեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը : Համերգից հետո Ռուսաստանի հայերի միության երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչները մանկատան սաներին հանձնեցին ամանորյա նվերներ:

«Մեր նպատակն է այսպիսի միջոցառումները դարձնել մասսայական, որ հասարակական լայն զանգվածները ոչ միայն մտահոգվեն, այլեւ ինչ-որ կերպ աջակցեն` մանկատան երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Մեծ ծրագրեր ունենք ոչ միայն Խարբերդի մանկատանը, այլեւ Երեւանից դուրս գտնվող մանկատաներին ու հատուկ դպրոցներին աջակցելու վերաբերյալ», ասաց Վլադիմիր Աղայանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4