«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2008-12-23 | #239, 2008-12-24 | #240, 2008-12-25


ՄԵՆՔ ՃԻՇՏ ԵՆՔ, ԴՈՒՔ` ՍԽԱԼ

«Յոթի գործով» փաստաբանների պնդումները

«Յոթի գործով» դատավարության փաստաբանները վստահ են, որ հաջորդ դատավարության ժամանակ` դեկտեմբերի 27-ին, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը կհայտարարի, որ դատական նիստն այսուհետեւ անցնելու է դռնփակ: Ըստ Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանի ` իշխանությունները հատուկ դիմում են սադրանքների, ծրագրավորված քայլեր են ձեռնարկում, որպեսզի արգելեն բանտարկյալների հարազատների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը դատարան: «Եթե դատավորի նպատակն է ստեղծել մթնոլորտ, որ փաստաբանները չկարողանան ինչ-որ գործ կատարել, լավ կլինի մեզ` պաշտպաններիս, հեռացնեն դահլիճից ու մեղադրողների հետ կես ժամվա ընթացքում իրենց հարմար վճիռը կայացնեն», երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում տեղի ունեցած, իրենց խոսքերով, «արտահերթ» մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակոբ Հակոբյանի պաշտպանը:

Փաստաբանները նշեցին, որ դատավարությանը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածների ընտանիքների անդամներից բացի դատարանի դահլիճում ներկա են գտնվել նաեւ օտար, գործի հետ որեւէ առնչություն չունեցող մարդիկ` ամբաստանյալների ընտանիքներին սադրանքի ենթարկելու նպատակով: «Նրանք վիրավորում էին, հայհոյում, ամեն ինչ անում, որպեսզի կռիվ սարքեն: Պարզ բան է, որ դա նախօրոք կազմակերպված էր», նկատեց Ոսկերչյանի փաստաբանը: Սակայն հանուն արդարության պետք է փաստել, որ նմանատիպ սադրանքներ ստեղծում էին նաեւ ամբաստանյալների հարազատներն ու ընկերները` պատեհ-անպատեհ բոլորին հիշեցնելով, թե իրենք ովքեր են ու ինչ կարող են անել: Իսկ երբ դա էլ չէր օգնում` սկսվում էր անեծքների ու հայհոյանքների հսկայական շարք:

Փաստաբանները վստահեցրին, որ իրավական պաշտպանությունը դժվար է լինելու` հաշվի առնելով հանգամանքները եւ իրենք կամաց-կամաց հույսները կտրում են, որ «արդար» դատավարություն կլինի: Հարցին, թե արդյոք սադրանք չէ՞ր նաեւ դատավարության ժամանակ ամբաստանյալների ոտքի չկանգնելը, Ոսկանյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ոտքի չկանգնեցին, որովհետեւ չեն հարգում Մնացական Մարտիրոսյանին եւ Կորյուն Փիլոյանին, չեն հավատում արդար դատավարությանը: Նրանք ամբաստանյալներ չեն, այլ` քաղբանտարկյալներ, այդ պատճառով էլ չկանգնեցին: Սակայն կարծում եմ, որ դատավորը դա կօգտագործի սանկցիա կիրառելու եւ դատավարությունը դռնփակ անցկացնելու համար», ասաց Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը :

Անդրադառնալով Գրիգոր Ոսկերչյանի հետ կատարվածին` Ստեփան Ոսկանյանը հավելեց, որ ամբաստանյալին նախօրեին տեղափոխել են այլ կալանախուց, որը համեմատաբար ավելի փոքր է, կալանավորների թիվն էլ շատ: Ոսկանյանը նաեւ նշեց, որ բացի Ոսկերչյանից ծեծել են նաեւ մի շարք այլ կալանավորների: «Սակայն դա չի նշանակում, որ իմ պաշտպանյալի ընտրությունը պատահական էր: Նրանք գիտեին, թե ինչ են անում», նկատեց փաստաբանը: «Ազգ» -ի հարցին, թե «Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից այնուամենայնիվ հերքեցին, թե Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ կատարվել է բռնություն» Ոսկանյանն ասաց. «Էդպես էլ պետք է լիներ, կարողա՞ ասեին, թե ճիշտ եք ասում` ծեծել ենք: Ոսկերչյանի նկատմամբ կիրառվել է բռնություն: Այդ կապակցությամբ հաղորդագրություն ենք ուղարկել գլխավոր դատախազին` կատարվածը քննելու առաջարկով: Նաեւ հաղորդագրություն ենք ուղարկել, որպեսզի իրականացնեն դատաբժշկական քննություն: Իմ պաշտպանյալը վստահեցնում է, որ դեմքով կճանաչի հրաման արձակողին», ասաց Ստեփան Ոսկանյանը:

Բոլոր դեպքերում ընդդիմությունը շարունակում է իր ձգձգման քաղաքականությունը. մինչեւ... ԵԽԽՎ որոշում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4