«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԷ

Շիրինյանը հեռակա դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

Ջավախքում ընթացող որոշ դատավարություններ առանց որեւէ չափազանցության քաղաքական բնույթ են կրում, ու դրանց առնչությամբ անգամ դատարանի մակարդակով արտառ դեպքերը ուղղակի ցցուն ու ակնբախ են:

Երեկ Ախալքալաքում տեղի դատարանը «Միասնական Ջավախք» շարժման ակտիվիստներից Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ գործի քննությունն իբր ավարտել է ու արձակել դատավճիռը: Իսկ դատավճռով դատավարությունից բացակայած Գուրգեն Շիրինյանին հեռակա դատապարտել են 17 տարվա ազատազրկման, իսկ նրա հորն ու հորաքրոջը` 2 տարի պայմանական, 2000-ական լարի (մոտ 1300 դոլար) գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանով:

«Ազգի» տեղեկություններով, դեկտեմբերի 24-25-ին դատական նիստի ընթացքում կրկին անգամ դատարանը հաշվի չի առել այն ակնհայտ ապացույցներն ու նյութերը, որոնք վկայում են Շիրինյանի անմեղության մասին: Հիշեցնենք, որ Գուրգեն Շիրինյանը մեղադրվում էր ոստիկանի սպանության եւ զենքի ապօրինի պահպանման մեջ, իսկ նրա հայրն ու հորաքույրը` սուտ վկայություն տալու, զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, նաեւ Գուրգենի կողմից հանցագործության պատրաստման մասին իմանալու եւ չհայտնելու հոդվածներով:

Զավեշտական է, որ Գուրգեն Շիրինյանին վրացական դատարանը դատապարտել է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, որոնք Շիրինյանի ներկայացրած նյութերով լի են հակասություններով, իսկ սպանության իրագործումը Շիրինյանենց դռան հետեւից կրակոցով անելու ամենացայտուն ապացույցի որեւէ հետք անգամ չկա նշված դռան վրա: Բացի այդ, դատարանում այդպես էլ քննության առարկա չի դարձել այն հանգամանքը, որ իբր Շիրինյանի կողմից սպանված ոստիկան Արթուր Բերուջանյանին իրենք ոստիկանները թողել են անխնամ, ու նա մահացել է արյունահոսությունից:

Դատարանը արհամարհել է ոչ միայն այդ ապացույցները, այլեւ զուտ Գուրգեն Շիրինյանի առնչությամբ սպանության մեղադրանքը ապացուցված համարելու պատճառով կեղծ վկայություն տալու մեջ մեղադրանքով էլ դատապարտել է Շիրինյանի հորն ու հորաքրոջը:

Ի հավելումն այս ամենի, Շիրինյանի պաշտպանը չի կարող բողոքարկել հենց Գուրգենի առնչությամբ դատարանի մեղադրական որոշումը, քանի որ Վրաստանի օրենսդրության համաձայն, միայն Գուրգեն Շիրինյանը ինքը կարող է բողոքարկել իր նկատմամբ մեղադրական դատավճիռը: Իսկ, քանի որ Շիրինյանը գտնվում է փախուստի մեջ, ուրեմն չի լինի բողոքարկում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4