«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ՇԻՐԱԿ. ԳՅՈՒՂԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

Տարեմուտին լույսեր կվառվեն դժվար ապրող Հովտուն գյուղում

Ամասիայից 9 կիլոմետր հյուսիս-արեւելք, զովասուն սարերի մեջ ընկած բարձրադիր տափարակում տեղավորված այս գյուղը նախկին Բայթարն է: Երիտասարդ գյուղապետ Արարատ Առաքելյանի տվյալներով` բնակավայրը հիմնադրվել է 1870 թվականին եւ սկզբնական շրջանում ունեցել է հիմնականում հույն բնակչություն: Գյուղի մոտ կա «ջարդի ձոր» կոչվող մի վայր` տխուր հիշատակ թուրքական վայրագ նախճիրի, որից ընդամենը 3 հույն բնակիչ է փրկվել: Նրանց հետնորդներից մի քանի մարդ այսօր էլ ապրում է գյուղում: 1918-20 թվականներին այստեղ բնակություն են հաստատել հիմնականում Կարսի Գյուլհերյան գյուղից գաղթած հայերը:

Հետխորհրդային անկախության տարիներին բնակավայրը վերանվանվել է նախՙ Զովասար, ապա Հովտուն, որը թերեւս կարելի է համարել կատարված գեղեցիկ վերանվանումներից մեկը: Հովտուն երեւի մեկնաբանվում է հովերի տուն կամ հենց հով տուն, բնակավայր: Գուցե նաեւ` ամառանոցավա՞յր: Այս գյուղի բնակիչներն ավանդաբար համարվում են կաթոլիկներ, թեեւ ներկայումս այստեղ մուտք ունեն ենթաշրջանի ինչպես կաթոլիկ հոգեւորականը, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու քահանան: Իսկ անցած կիրակի գյուղի դպրոցի շենքում (հունական ծագմամբ եկեղեցին երկրաշարժից խոնարհված է) հոգեւոր պատարագ մատուցեց Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հովտունը մարզի բարձրլեռնային եւ փոքր բնակավայրերից է, ունի 45 տնտեսություն: Բնակչությունը հաշվվում է 203 մարդ, բայց առկա բնակվում է 155-ը: Տարածաշրջանի բազմաթիվ այլ գյուղերի նման այստեղ էլ փակ դռները զգալի տոկոս են կազմում` մոտ 15 տուն: Պատճառը եւս ընդհանուր է. ներկա պայմաններում գյուղացին մեծամասամբ չի կարողանում իր հողը մշակել, արդյունք ստանալ եւ ընտանիքը պահել, թողնում է, գնում... Հովտունը 287 հեկտար սեփականաշնորհված (ընդհանուր 483 հեկտարից) վարելահող ունի, ու չնայած այս տարի պետությունն էլ ցանքս անող գյուղացուն հեկտարի հաշվով 35 հազար դրամ սուբսիդիա է տվել, բայց համայնքի ղեկավարի վկայությամբ` գյուղում ընդամենը 6 հեկտար աշնանացան հացահատիկ է ցանվել: Ճիշտ է` հովտունցիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, բայց այստեղ էլ անասուններին տրվող միայն բնական խոտով, առանց որակյալ կերային մշակաբույսերի աճեցման ու օգտագործման բավարար արդյունք չես կարող ստանալ: Վարուցանքի ծախսերը շատ են, իսկ թեքությունների վրա գտնվող հողերի հատույցը` քիչ, ցանքսերը մշտապես տուժում են նաեւ գարնանային ցրտահարություններից: Գյուղատնտեսական տեխնիկան էլ շարքից դուրս է եկել:

Գյուղի տարածքը, ինչպես փաստեց նաեւ համայնքապետ Արարատ Առաքելյանը, ընդամենը մի փողոց է: Երկրաշարժից տուժած բնակավայրը ժամանակին հիմնովին վերակառուցել, բոլորին բնակարաններով ապահովել է Ուկրաինայի Սումի քաղաքի շինկազմակերպությունը` համալրված ջավախքցի շինարարներով: Կառուցել են նաեւ տարրական դպրոցի շենքը, կոշտ վառելիքով աշխատող կաթսայատուն, որը նաեւ որոշ ժամանակ աշխատեցրել են: Իսկ գյուղապետարանը, բուժկետը մնում են վագոն-տնակներում, երեւի կառուցել չեն հասցրել: Գյուղացիներից մեկը, որի հետ զրուցեցինք, ասաց, թե եկած շինարարները նաեւ 8 անասնաշենքեր էին կառուցել իենց ամեն ինչով, նույնիսկ ավտոմատ գոմաղբահեռացման մեխանիզմներով, անասուններ էին բերել... Անասունները հետագայում, կարծեմ, բաժանվել են գյուղացիներին, իսկ անասնագոմերը, զրուցակցիս պատմելով, իրենց ողջ կարգուսարքով (ընդհուպ կովերի վզին գցելու շղթաները) մի քանի տարի առաջ դեռ տեղում էին: Հետո հայտնվել են քաղաքային ինչ-որ պաշտոնատեր զոռբաներ, այդ շենքերի մինչեւ վերջին քարը կրել-տարել են, դեռ դիմադրող գյուղացիներին էլ մատ թափ տվել, ահաբեկել...

Գյուղը մշակույթի ոչ մի օջախ չունի: 5000 կտոր գրականություն պահվում է գրադարանավարուհու տանը: Դպրոցը միշտ տարրական է եղել: Այժմ այստեղ սովորում է 12-13 աշակերտ, բայց տարրականից բարձր դասարանների մի 30 աշակերտ էլ ամեն օր ոտքով գնում է հարեւան Բանդիվանի դպրոցը, ինչը հատկապես լեռնային ձմռան ամիսներին դժվարությունների, նաեւ վտանգների հետ է կապված: Թեկուզ այսքան աշակերտի առկայության պայմաններում չարժե՞ մտածել տարրական դպրոցը հիմնական դպրոց դարձնելու մասին:

Հովտունցին ծանր, դժվար կյանքով է ապրում: Բայց, փառք Աստծո, այս մի գյուղում թեկուզ ոչ մեծ` ուրախացնող բաներ էլ լսեցինք: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ` 2003 թվականին գյուղի ճանապարհը պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է: 2-3 տարի առաջ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի անձնական ֆինանսավորմամբ 2-ով ավելացվել է գյուղում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը, հասել 5-ի, եւ այսօր այստեղ կարելի է դիտել նաեւ մարզային գոնե մեկ ալիք, «Արարատ» մշակութային ալիքը եւս: «Հայկական Կարիտասի» կողմից անցյալ տարի գյուղում խաղահրապարակ է կառուցվել, իսկ այս տարի 2,5 կիլոմետր հեռավորությունից նոր ջրագիծ է բերվել, խմելու ջրի հարցը 90-100 տոկոսով լուծվել է: Վերջին երկու պարագաներում համայնքն ինքը 10 տոկոս ֆինանսական ներդրում է ունեցել: Խոսք կա նաեւ նոր եկեղեցու կառուցման մասին: Քաղաքի հետ ավտոբուսային կապ կա, գոհ են, ֆիքսված հեռախոսակապ էլ ունեն:

Իսկ համայնքային բյուջեի միջոցներով այս օրերին գյուղում փողոցային լուսավորություն անցկացնելու ծրագիր է իրագործվելու: Գյուղապետի հավաստմամբ` ամենաուշը տարեմուտի գիշերը գյուղի տարածքի 13 կետերում լույսեր կվառվեն...

Լուսավոր տարեմուտ եւ բարի Ամանոր ձեզ, հովտունցիներ: Հայրենի հողում բարգավաճելու ավելի մեծ եռանդ ու հաջողում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի-Հովտուն-Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4