«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ՆՇՎԵՑ ԿԱՄՈ ՈՒԴՈՒՄՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Պետական ու հասարակական նշանավոր գործիչ, Հայաստանի մշակույթի, կրթության ու գիտության ասպարեզում ակնառու վաստակ ունեցող Կամո Ուդումյանն այսօր ապրում է Մոսկվայում: Թե ինչը նրան ստիպեց լքել սիրելի Երեւանն ու բնակություն հաստատել Ռուսաստանում` հայտնի չէ: Սակայն ականավոր գործիչը վստահեցնում է, որ Հայաստանից հեռացավ ֆիզիկապես. հոգին ու մտքերը մնացել են Երեւանում:

Երեկ լրացավ Կամո Ուդումյանի ծննդյան 80-ամյակը: Այդ կապակցությամբ Երեւանի հյուսիսային համալսարանի էլեկտրոնային նորաբաց գրադարանը անվանակոչվեց Կամո Ուդումյանի անվամբ: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Լեզվի տեսչութան պետ Լավրենտի Միրզոյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն ու բազմաթիվ այլ մտավորականներ, գիտնականներ: «Ուդումյանը հայրենասեր գործունեություն ծավալող անձնավորություն է, որ յուրաքանչյուր միջավայրում աչքի է ընկել վառ անհատականությամբ, նորամուծություններով: Զարմանալի անձնավորություն էր, մշակույթի ասպարեզում հսկայական գործ է կատարել, ինչը հաջորդ սերունդներն անպայման կգնահատեն», ասաց Աստղիկ Գեւորգյանը:

Ռեկտոր Բորիս Մակիչյանն էլ առանձնացնելով Ուդումյանի վաստակը հատկապես սփյուռքահայության խնդիրները հոգալու վերաբերյալ, նշեց, որ այս տարվանից համալսարանի գերազանցիկ ուսանողները կարող են օգտվել Կամո Ուդումյանի անվան կրթաթոշակից:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4