«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2008-12-25 | #241, 2008-12-26 | #242, 2008-12-27


ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ ՔԱՀԱՆԱ ՇԱՅԴԵԻՆՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 6-ի «Խունացած 12 000 ճակատագրեր «կոնտեյներներում» հրապարակման մեջ անդրադարձել էինք գերմանացի քահանա Կարլ-Հայնց Շայդեիՙ Գյումրիում ծավալած բարեգործությանը։

«Գմյունդեր թագեսփոստի» դեկտեմբերյան համարից տեղեկանում ենք, որ Շտուտգարդում անցկացված ժողովի ժամանակ Գերմանական կարմիր խաչի նախագահ դոկ. Ռուդոլֆ Զայթերսը Կարլ-Հայնց Շայդեին է հանձնել Կարմիր խաչի ամենաբարձր պարգեւըՙ Հայաստանին օգնելու համար։

Շայդեն Վյուրթեմբերգի երկրամասային եկեղեցու 12 քահանաներից մեկն է, որ Բեռլինի պատի անկումից հետո Թյուրինգեն է գնացել եւ թոշակի անցնելուց հետո էլ մնացել այնտեղ ու աշխատել։ 1994-ին Գերհարդ Մայերիՙ Հայաստանում կյանքի կոչած «Գթասրտության խոհանոց» նախագիծը շարունակել է 2002 թվականիցՙ ծրագրով հետաքրքրված բարեկամների շրջանակը ընդլայնելով եւ հիշյալ նախագիծը ցայսօր համակարգելով։ Այդ նախագծի շրջանակներում Երեւանում, հոկտեմբերից ապրիլ, օրական 450 ծերեր եւ մոտ 250 երեխաներ տաք կերակուր են ստանում։ Դրան լրացնում է մեկ ուրիշ ծրագիր, որի շնորհիվ ապահովվում է 46 կարիքավորների տնային խնամքը։«Օգնություն Հայաստանին» ծրագրի մեջ է ընդգրկված նաեւ Երեւանին մերձակա բանվորական մի թաղամասում գործող «Հույսի տուն» անունը կրող սոցիալական կենտրոնը։

«Գմյունդեր թագեսփոստը» տեղեկացնում է, թե Շայդեն սերտ կապեր է հաստատել նաեւ հայ առաքելական եկեղեցու հետ։Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասային մասնաճյուղի նախագահ դոկ. Լորենց Մենցը, ով անձնական փորձով ծանոթ է հայաստանյան նախաձեռնությանը, Շայդեիՙ Հայաստանին նմանօրինակ նվիրվածությունն անվանել է «բախտի դիպված»։

1988-ի երկրաշարժից հետո արդեն 20 տարի է, ինչ Գերմանական կարմիր խաչը օգնում է Հայաստանին։

Նույն թերթի դեկտեմբերի 24-ի հրապարակման մեջ ծանուցվում է, թե մինչեւ 2008-ի դեկտեմբերի կեսերը Հայաստանի «Գթասրտության խոհանոցին» օգնելու նպատակով «Գմյունդեր թագեսփոստի» տրամադրած հաշվեհամարին տեղի բնակիչները 778 փոխանցում են արելՙ հավաքելով 180 642 եվրո։ Հաղորդագրության մեջ հակիրճ անդրադարձ կա Հայաստանում հունվարի 6-ին նշվող ս. Ծննդյան տոնին։

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4