«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2008-12-25 | #241, 2008-12-26 | #242, 2008-12-27


ԱՄԱՆՈՐՅԱ ՇՔԱՀԱՆԴԵՍ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ

«Տարին չափազանց ծանր էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար», ասում է տնօրեն Կամո Հովհաննիսյանը ` նկատի ունենալով մարտյան իրադարձություններն ու դրան հաջորդած արտակարգ իրավիճակը, որի պատճառով գրեթե անհնարին էր մուտքը օպերայի թատրոն:

«Սակայն կային նաեւ ուրախալի առիթներ, որոնք հավելյալ խթան են ավելի լավ աշխատելու համար: Մարտին կայացավ միանգամից երկու պրեմիերա` Հովհաննիսյանի «Վարդանանք» եւ Պիացցոլայի «Տանգո» բալետները: Հանդիսատեսին ներկայացրինք թատերականացված «Սպիտակ» սիմֆոնիան եւ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան», նկատում է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը:

Հյուրախաղերից Կամո Հովհաննիսյանն առանձնացնում է հատկապես Սիրիայում կայացած հայկական մշակույթի օրերն ու ԱՄԷ-ում եւ Բահրեյնի թագավորություններում «Գայանե» բալետի ներկայացումները:

«2008-ին Դամասկոսը հայտարարվել էր արաբական մշակույթի մայրաքաղաք եւ այդ համատեքստում հայկական մշակույթի օրերը խորհրդանշական էին եւ արաբ հասարակությանը ներկայացնում էին հայ համայնքը, նրա կենցաղը, մշակույթն ու դարավոր պատմությունը: Սիրիայում հայկական մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Դամասկոսում Ասադի անվան օպերայի բեմում` վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի տպավորիչ ելույթով, որը հանդիսականներն ընդունեցին հոտընկայս ծափահարություններով», պատմում է Կամո Հովհաննիսյանը:

Փետրվարին Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցության նախաձեռնությամբ «Գայանե» ներկայացումը հյուրախաղերով հանդես է եկել Աբու Դաբիի էմիրությունների պալատում: Այնուհետեւ Բահրեյնի թագավորությունում «Գայանեն» մասնակցել է «Մշակութային գարուն» փառատոնին, որը բացվել է հենց հայկական բալետի հնչյունների ու պարի ուղեկցությամբ:

«Ներկայացումների ժամանակ բոլորը հիացած էին ու շնորհավորում էին մեզ` հրաշալի ստեղծագործություն ներկայացնելու կապակցութամբ: Բալետի ներկայացումները լուսաբանվեցին բազմաթիվ թերթերում, ռադիո եւ հեռուստաալիքներով, ինչը վկայում է բալետի հաջողված լինելու փաստը», ասում է Կարեն Սարգսյանը:

2009-ի ծրագրերը բավականին շատ են, սակայն հարցական է դրանց ֆինանսավորումը: «Հենց ֆինանսների բացակայության պատճառով է, որ հաճախ թատրոնի շենքը վարձակալությամբ հանձնում ենք այլ կատարողների, որպեսզի ստացված հասույթով նոր գործ ձեռնարկենք», նկատում է Կամո Հովհաննիսյանը:

Ամանորի կապակցությամբ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսին անակնկալ էր պատրաստել: Երեկ տեղի ունեցավ ամանորյա շքահանդես: Ծրագրում ընդգրկված էին հատվածներ համաշխարհային երաժշտության գոհարներից, հատվածներ հնչեցին «Տրավիատա», «Դավիթ բեկ» եւ «Անուշ» օպերաներից: Շքահանդեսին մասնակցում էին նաեւ օպերային թատրոնի մենակատարներն ու երգչախումբը. սիմֆոնիկ նվագախումբը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4