Եթե հանրապետության բնակիչները նախատոնական օրերին զբաղվում են ամանօրյա գնումներով, իսկ բնակարաններում հիմնականում տոնական տրամադրություն է, ապա արդեն մեկ շաբաթ Գալստյանների ընտանիքը Երեւանի Հանրապետության հրապարակում ու կենտրոնական այլ մարդաշատ վայրերում զբաղվում է մուրացկանությամբ: Ամեն օր ընտանիքի մայրը` Գոհար Բարսեղյանը երեք տարեկան փոքրիկի ու տասնամյա Հովսեփի հետ ոտքով գալիս է հրապարակ: Մայրը կանգնում է մայթի մի անկյունում, իսկ երեխան` «փող վաստակում». անցորդներին մոտենալով խնդրում օգնել հացի փողով:
Գալստյաններն արդեն 20 տարի ապրում են Վանաձորում: Երկրաշարժից հետո տունը փլվեց, ու 8 հոգանոց ընտանիքը հայտնվեց տնակում: «Մի օր լավ, մի օր վատ ապրում էինք: Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է, տառապում է էպիլեպսիկ հիվանդությամբ: Ոչ մի տեղ չէին ընդունում աշխատանքի: Ես էլ 5 երեխա ունեմ, հազիվ նրանց էի պահում: Նպաստ էինք ստանում 36.000 դրամ: Ամուսնուս նպաստն էլ կազմում էր 8.000 դրամ: Դրանով մի կերպ յոլա էինք գնում», ընտանիքի պատմությունն է ներկայացնում Գոհար Բարսեղյանը: Արդեն վեց ամիս Հովսեփը դպրոց չի հաճախում: Միջնակարգ դպրոցում սովորելու համար մայրը հնարավորություն չունի: Գրքի, հագուստի, տետրերի համար փող են պահանջում, Գիշերօթիկն էլ տանից շատ հեռու է: Բացի այդ տասնամյա տղան իր վրա է վերցրել ընտանիքի ծանր հոգսն ու դարձել տան միակ կերակրող ձեռքը:
Մայիսի 17-ին երեկոյան Գալստյանների 18-ամյա աղջկան այրվածքներով հասցրեցին հիվանդանոց: Երիտասարդ աղջկա կուրծքը, որովայնն ու ծնկները տաք ջրից վառվել էին: Բժիշկների հավաստմամբ պետք էր անհապաղ վիրահատել` այլապես աղջիկը հաշմանդամ կմնար: Սակայն նման կարգի բարդ պլաստիկ վիրահատություն կատարում են միայն Երեւանում: «Բժիշկն ասում է` եթե չանենք ողջ կյանքը պետք է սայլակով քայլի: Գումար չլինելու պատճառով որոշ ժամանակ ոչինչ չձեռնարկեցինք: Սակայն երեխան անընդհատ սուր ցավեր էր ունենում: Եթե այսպես շարունակվեր նրա կյանքին էլ էր վտանգ սպառնում: Ստիպված տեղափոխեցինք Երեւանի այրվածքաբանական կենտրոն: Բարեկամ չունենք, էս դաժան աշխարհում մենակ ենք: Երեւանում աշխատանք փնտրեցի` թեկուզ հավաքարարի կամ աման լվացողի, բայց ոչ ոք չօգնեց», ասում է տիկին Գոհարը: Որպեսզի գիշերը մայրն ու չորս երեխաները փողոցում չմնան, հիվանդանոցում հավաքարարին խնդրել են գիշերը թաքուն մնալ հիվանդասենյակներից մեկում: «Երեկ հավաքարարին 500 դրամ փող եմ տվել, էսօր պլիտկա ու սուրճ, որ կարողանանք գիշերը ծայրամասի հիվանդասենյակում մնալ: Այնտեղ էլ սարսափելի ցուրտ է: Գիշերը միմյանց գրկում ենք, որ տաքանանք, քնենք», ասում է նա: Հովսեփն էլ պատմում է, որ մեկ շաբաթում հավաքել է մոտավորապես 10.000 դրամ: Բժիշկներն ասել էին, որ աղջկան նորմալ սնունդ է պետք` ցավերին դիմանալու համար. վերջինս տառապում է նաեւ սակավարյունությամբ: Սակայն Գալստյանների հավաքած գումարն այնքան քիչ է, որ հաճախ չի բավականացնում, որպեսզի ընտանքի անդամները գոնե կուշտ քնեն: Տիկին Գոհարը ապագայի հանդեպ որեւիցե հույս չունի: Ասում է. «Ինչքա՞ն պետք է փողոցներում գումար մուրամ, որ կարողանամ երեխայիս վիրահատության գումարը հավաքեմ: Երեխաներս դժբախտ են: Նրանց կյանքը գորշ ու զզվելի, ոչ մի լուսավոր կետ չկա»:
Փոքրիկ Հովսեփն էլ մտադրվել էր ձմեռ պապիկին նամակ գրել, բայց թուղթ ու գրիչ չգտավ: Ցանկությունները մտապահել է ու ամեն անգամ հրապարակի գեղեցիկ տոնածառին նայելով դրանք կրկնում է: Երազանքներն այնքան էլ շատ չեն` տեսնել քրոջն առողջացած ու ապրել տաք տանը:
Այսպիսի ընտանիքների թիվը Հայաստանում օրեցօր աճում է: 2009-ին Սոցիալական հարցերով նախարարությունը վստահաբար անելիքներ կունենա: Ինչ վերաբերում է կառավարությանը` դատավորների կյանքն ավելի շքեղացնելու փոխարեն կարելի էր օգնել այսպիսի իրավիճակում հայտնված մարդկանց:
Ասում են Ամանորին իրականանում են բոլոր մանուկների երազանքները: Հուսանք, որ երբեւէ կկատարվեն նաեւ փոքրիկ Հովսեփի երազանքներն ու նա էլ բոլոր երեխաների նման կհաճախի դպրոց ու չի ասի, որ կյանքում բարի մարդիկ չկան:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նկար 1. «Ազգի» խմբագրությունում