«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2008-12-25 | #241, 2008-12-26 | #242, 2008-12-27


ԱՆԿՆԻՔ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ` Ի ՔԱՋԱԼԵՐՈՒՄՆ ԽԱՐԴԱԽՆԵՐԻ

Վերաքննիչ ատյանը անփոփոխ թողեց Իգիթյանի 4,5 տարվա ազատազրկումը

Ավելի հաճախ ասում են, թե հասարակության պատկերը, մանրակերտը, հայելին ընտանիքն է: Բայց թերեւս դատական ատյանները եւս հասարակության այնպիսի հետաքրքրական ու արտառոց պատկերն են ներկայացնում, որ այդուհետեւ դժվար խնդիր կարող է թվալ որեւէ մեկին վստահելու հարցը:

Այն, որ բժշկական հաստատություններում փորձում են վերացնել կոռուպցիան, միանշանակ ողջունելի է, քանի որ հիվանդի առողջության պարագան պետք է որ գերադասվի ամեն ինչից: Սակայն պարզվում է, այդ հաստատություններում չեն խորշում ստորագրել որոշ մարդկանց անհրաժեշտ փաստաթղթեր, ընդ որում, չգիտես ինչու միեւնույն բժիշկը իրարից շատ տարբեր բաժանմունքների աշխատակից է ստացվում:

2008 թվականի հուլիսի 27-ին փաստաբան Կրոմվել Գրիգորյանին, որ տվյալ պահին ներկայացնում էր մեղադրյալ Գուրգեն Իգիթյանի շահերը, Երեւանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտից տրվել է մի տեղեկանք, որի համաձայն Իգիթյանը հետազոտվել է այդ հաստատությունում` սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ:

Այդ տեղեկանքի տակ, որ չունի որեւէ կնիք, ստորագրել են ինֆարկտային բաժանմունքի վարիչ Ս. Ներսիսյանն ու բժիշկ Ե. Մելիքյանը: Վերջինս, ստացվում է, բացի ինֆարկտային հարցերից, զբաղվում է նաեւ ռեւմատոլոգիայի խնդիրներով, ու նաեւ այդ բաժանմունքի աշխատակից է, քանի որ այդ բաժանմունքի բժշկի անունից ստորագրել էր դեռեւս մի քանի օր առաջ Երեւանի քրեական վերաքննիչ դատարան ներկայացված մեկ այլ տեղեկանք, որի համաձայն նույն ինստիտուտում ստացիոնար բուժման կարիք ուներ նույն Իգիթյանը` միայն թե ոտքի բութ մատին առնչվող խնդրով:

Այն, որ Գրիգոր Իգիթյանը առաջին ատյանի դատարանում արդեն ստացել է մեղադրական դատավճիռ խարդախության համար, հավանական է դարձնում նմանօրինակ տեղեկանքների ձեռքբերման հնարավորությունը, բայց եւ մեկ այլ հարց է առաջացնում. ի՞նչ իրավունքներ է ինքն իրեն վերագրել բժիշկ Ե. Մելիքյանը, որն, ի դեպ, տեղեկանք տրամադրելիս երկու տառասխալով է լրացրել իբր իր հիվանդի անուն-ազգանունը` Իգիտյան Գրիքոր:

Երեւանի վերաքննիչ քրեական դատարանը երեկ հերթական անգամ սկսեց ու դատավճռով ավարտեց Գրիգոր Իգիթյանի վերաքննիչ բողոքի հիման վրա գործի քննությունը, այս անգամ ոչ միայն Իգիթյանի, այլեւ նրա պաշտպանի բացակայությամբ, որոնք բազմիցս ծանուցվել էին դատական նիստի օրվա եւ ժամի մասին:

Ամեն դեպքում, Գրիգոր Իգիթյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանում կայացված դատավճիռը մնաց ուժի մեջ: Ավելին, եթե ցայսօր Իգիթյանի նկատմամբ խափանման միջոց չէր ընտրվել կալանքը, վերաքննիչ ատյանի այս որոշումից հետո նա, ըստ էության, պետք է հայտնվի ճաղերի հետեւում` ի կատարումն դատարանի որոշման:

  «Ազգը» պարբերաբար անդրադարձել էր այդ գործի քննության ընթացքին ու մեր ընթերցողները ծանոթ են Նաջարյան-Իգիթյան գործի մանրամասներին: Այս տարվա սեպտեմբերի 13-ին Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը որոշել էր, որ տուժողին պետք է վերադարձվի հանցավոր ճանապարհով Իգիթյանի անվամբ գրանցված եւ կալանքի տակ գտնվող Երեւանի «Ձորագյուղ» ազգ. թաղամասի թիվ 4, 11, 12 հասցեում կիսակառույց շինությունները եւ հողատարածքները, ինչպես նաեւ Աբովյան 32 հասցեում գտնվող լաբորատորիանՙ անվավեր ճանաչելով Գրիգոր Իգիթյանի անվամբ տրված բոլոր փաստաթղթերը: Իսկ Աբովյան 32 հասցեում կալանավորված գույքը (բացի ֆոտոլաբորատորիայից) որոշվել էր թողնել արգելանքի տակ մինչեւ դատական կարգով դրա մասին դատական ակտի կայացումը:

Գրիգոր Իգիթյանը մեղավոր է ճանաչվել վերը նշված երկու հոդվածներով եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով, առանց անձնական գույքի բռնագրավման:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4